Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎՈՏՑԻՆԵՐԸ» ՀԻՇՈՒՄ ԵՆ

Հուլիս 31,2004 00:00

«Առավոտի» տարեդարձի առթիվ մեր թերթի լրագրողները ներկայացնում են իրենց հիշողության մեջ դաջված զվարճալի դեպքեր՝ կապված «Առավոտում» աշխատանքային գործունեության հետ: Նրանք պատմեցին նաեւ, թե ինչ են տվել իրենց «Առավոտում» անցկացրած տարիները:

Աննա Իսրայելյան. Մի առիթով ՀՌԱԿ՝ այն ժամանակվա ատենապետ Ռուբեն Միրզախանյանի  աշխատասենյակում էի: Զրույցի ընթացքում հանկարծ հարցրեց՝ Քոչարյանի հետ հանդիպո՞ւմ ես: Ասացի՝ «միայն այն ժամանակ, երբ լրագրողների համար ընդունելություն է կազմակերպվում»: Ասաց՝ «Գիտե՞ս, երբ նորից վերստանձնեցի կուսակցության ղեկավարի
գործը, ամեն ինչ այնքան վատ էր՝ ամեն ինչ ինձ հիասթափեցնում էր, ես այդպես
չէի թողել կուսակցությունը՝ անդամները պակասել էին, գանձանակը դատարկվել…
եւ միակ բանը, որ ինձ հույս էր տալիս՝ Ի՜նքն էր»: Նշեմ, որ երեկո էր, կիսախավար,
ինտիմ մթնոլորտ: Եվ Միրզախանյանը շարունակում է. «Սեղմում ես ձեռքը՝ զգում
ես, որ Տղամարդ է: Տը-ղա-մարդ: Ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի նման՝ արիստոկրատիկ,
այլ սեղմում է ձեռքդ՝ ամո՜ւր, պի՜նդ»: Այդ պահին մեկը մտավ Միրզախանյանի
առանձնասենյակ, եւ ամենահետաքրքիր տեղում զրույցն ընդհատվեց: Երբ նորից մնացինք
մենակ, հարցրի՝ «Եվ այսպես, Դուք սեղմեցիք Քոչարյանի ձեռքը, զգացիք, որ նա
տղամարդ է, ե՞ւ: Ի՞նչ եղավ հետո»: «Լավ էլի, Աննա, դու էլ ամեն ինչ գռեհկացնում
ես»,- հետեւեց պատասխանը:
«Առավոտն» ինձ տվել է ստեղծագործական ազատություն: Սա մասնագիտությանս մեջ ամենակարեւոր սկզբունքն է, որին ես ստորադասում եմ բազմաթիվ այլ բաներ: Բացի այդ, «Առավոտում», ի տարբերություն այլ տեղերի, չի գործում «ես եմ ղեկավարը՝ դու ես հիմարը, դու ես ղեկավարը՝ ես եմ հիմարը» սկզբունքը: Կա փոխադարձ հարգանք՝ ղեկավարի եւ աշխատակիցների միջեւ:

Հասմիկ Բուդաղյան. Ես նոր-նոր էի աշխատում «Առավոտում». 1997 թվականն էր: Մի օր թռուցկաժողովի ժամանակ խմբագիրս ասաց, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային սրճարանի համար
պահանջվող մատուցողների մրցույթ է կազմակերպվել: Ինձնից պահանջվում էր ծանոթանալ մրցույթի պայմաններին, ճշտել՝ ինչ չափանիշներով են ընտրվում մատուցողները:
Ես գնացի կինո «Մոսկվա»: Ի՜նչ մրցույթ, ի՜նչ բան: Նախասրահում պատահածս միակ
մարդուն պատմեցի, թե ինչու եմ եկել, նա ինձ ուղեկցեց մի սենյակ: Ինձ դիմավորեց
միջին տարիքի ու հասակի մի մարդ, կարծեմ փոխտնօրենն էր՝ Ազատյան ազգանունով:
Նա զարմացած էր, որովհետեւ չէր սպասում, որ մատուցող դառնալու ցանկություն
կարող է հայտնել մեկը, որ նույնիսկ ամաչում է ներս մտնել: Իրականում ես ամաչում
էի մեղանչելուս համար: Կրթությանս, նախասիրություններիս ու հետաքրքրություններիս
մասին ամփոփ տեղեկատվություն ստանալուց եւ ձեռքի հետ էլ ոտքից գլուխ նրբանկատորեն
«զննելուց» հետո զրուցակիցս է՛լ ավելի զարմացած ու ոգեւորված ասաց. «Ես չեմ
թողնի, որ դուք ինչ-որ սրճարանում աշխատեք, ես ձեզ կտանեմ աշխատելու «Մոսկվա»
ռեստորանում»: Ու իմ հետագա տագնապները փարատելու համար անմիջապես ավելացրեց.
«Ձեր անվտանգությունն ապահովված կլինի, ես Ձեզ դա խոստանում եմ, ամեն ինչ
կլինի այնպես, ինչպես Դուք կկամենաք…» եւ այլն, եւ այլն: Վերջում խոստացա
մտածել ու պատասխանել: Ահա այսպես, 1997 թ. հուլիսի 29-ին ծնվեց իմ հոդվածն
այն մասին, թե ինչ չափանիշներով են ընտրվում մատուցողները:
Մյուս դեպքը, որ կատարվեց, որքան զվարճալի էր կողքիններիս համար, նույնքան ողբերգական՝ ինձ համար: Մի օր, արդեն 1998-ին, Հերմինե Նաղդալյանը մտավ խմբագրություն, եւ իմ մի հոդվածը վկայակոչելով՝ հայտարարեց, որ ես Վանո Սիրադեղյանի եւ էլի մի քանիսի պատվերն եմ կատարում: (Ընդ որում՝ հոդվածը ինչ-որ քաղաքացու բողոքի հիման վրա էր պատրաստված եւ քաղաքականության հետ ոչ մի աղերս չուներ): Տիկին Նաղդալյանը շատ կոպիտ էր խոսում եւ նյարդայնանում էր, երբ ես լացում էի: Եվ այսպես՝ «Առավոտին» բավականին դժվարությամբ հաջողվեց ինձ սովորեցնել, որ անծանոթ «ձյաձյաների» հետ խոսելիս չպետք է ամաչել, իսկ կոպիտ կանանց պետք է նյարդայնացնել, բայց՝ ոչ լացով:

Արմինե Ուդումյան. Մի 3 տարի առաջ էր: Այն ժամանակ էլ էինք շատ գրում ապօրինի շինարարությունների մասին: Լուսինե Բուդաղյանը նոր էր ընդունվել աշխատանքի: Այդպիսի մի ավտոտնակի մասին նյութ էր գրել, որն, ինչպես հետո պարզվեց, պատկանում էր քաղաքի «հեղինակություններից» մեկին: Նյութի հետ ոչ թե այդ ապօրինի ավտոտնակի լուսանկարն էինք դրել, ինչպես սովորաբար անում ենք, այլ, չգիտես ինչու, ծառի տակ փռված, հաստափոր մի կապիկի ծաղրանկար, որն, ըստ էության, ոչ մի կապ չուներ նյութի բովանդակության հետ:
Հաջորդ օրը, առավոտ շուտ, ես ու Լուսինեն աշխատասենյակում էինք, երբ թերթի կոմերցիոն
տնօրենը մտավ եւ գիտակցելով իրավիճակի ողջ լրջությունը՝ փորձեց մեզ նախապատրաստել.
այդ «հեղինակությունը» նրա կաբինետում նստած «անպատկառ» լրագրողին էր սպասում:
Տնօրենը մեր «մշուշոտ» ապագան աչքի առաջ՝ հայտնեց որ այսինչ-այսինչն է՝ «ասե՞մ՝
այստեղ չեք»: «Իհարկե՝ ոչ»,- աքլորացանք մենք, եւ ափերից դուրս եկած հիշյալ
հեղինակությանը, որն անդադար բղավում էր տնօրենի սենյակում, միանգամայն քաղաքավարի
հրավիրեցի մեր աշխատասենյակ: Բնականաբար, միակ բանը, որ նա ուզում էր, նյութի
հեղինակին տեսնելն էր, որին պատրաստ էր բզկտել: Ասացի, որ Լուսինեն տեղում
չէ, որ ես էջի եւ, փաստորեն, նաեւ նյութի պատասխանատուն եմ եւ կարող է ինձ
հայտնել իր դժգոհությունները: Պարզվեց, որ ինքն իրեն մեր տպած կապիկին շատ
էր նմանեցրել եւ ենթադրել էր, որ ի՛ր ծաղրանկարն ենք տպել: Ինչքան բացատրեցինք,
չհամոզվեց: Պետք է խոստովանել՝ իրոք, դժվար էր հավատալը. այդ ծաղրանկարը,
մեղմ ասած, շատ նման էր նրան:
Գոհար  Հակոբյան. «Առավոտում», մասնավորապես, թերթի մշակութային էջում աշխատելուց հետո «շրջապատս» մեծացել է. ունեմ ծանոթներ ամենատարօրինակ զբաղմունքների ու խառնվածքների տեր մարդկանց մեջ. բացի մշակույթի գործիչներից՝ այժմ շփվում եմ մոգերի, նուդիստների, բացառիկ մեծ ու փոքր քթատերերի, ամեն տեսակ «միսս» ու «միստր»-ների, «տատուներով» զարդարված չքնաղ աղջիկների, մեկ էլ 40 տարվա մանկավարժների հետ (նախկինում մի քառասուն տարի էլ ես էի մանկավարժ, չհասցրին օպտիմալացնել՝ «Առավոտ» եկա):
Ցավում եմ, որ մուտքս մշակույթի էջ չնշանավորվեց այդ ոլորտում հաջողություններով. միանգամից 3 ձայնագրիչ եւ 2 նախարար փոխեցի, համբերությամբ սպասում եմ երրորդին՝ Հովիկ Հովեյանին: Նա էլ, հակառակի պես, դեռ անելիք ունի՝ բառաֆոնդն է հարստացնում: Բայց խոստանում եմ իրեն էլ կրնկակոխ հետեւել՝ ինչքան էլ ենթականերին հրահանգի շատ բաներ «Առավոտից» թաքուն պահել:

Մարինա Մերուժանյան. Կարելի է ասել, որ ես «Առավոտի» երեխան եմ: Ես այստեղ եմ մեծացել, զարգացել, կոփվել եվ շտկվել: Եվ այդ ամենը այն մարդկանց շնորհիվ, որոնց հետ ես աշխատում եմ: Այստեղ ծանոթացել եմ շատ եւ շատ հետաքրքիր, խելացի ու արժանի մարդկանց հետ, բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել: Սակայն մեր աշխատանքը նաեւ մի մեծ թերություն ունի. ամեն օր պարտադիր կերպով խմբագրություն են ժամանում տարբեր տեսակի հոգեկան հիվանդություններով տառապող մարդիկ:
Խնայելով մեր խմբագրին՝ մենք ուշիուշով հետեւում ենք, որ այցելուների այդ տեսակը նրան չհանդիպի: Այնքան մարդ ենք տեսել մեր խմբագրությունում, որ դարձել ենք բարձրակարգ հոգեբան. առաջին հայացքից կամ ձայնի տոնայնությունից արդեն կարող ենք ախտորոշում տալ այցելուին կամ զանգահարողին: Մի անգամ խմբագրին մի զայրացած կին էր զանգահարել: Պարոն Աբրահամյանը միանգամից հասկացավ, որ այդ կինը շիզոֆրենիայով բարդացած մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ է տանում. մենախոսությունն արդեն մոտ կես ժամ ձգվել էր, իսկ մեր շեֆը չէր հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Եվ երբ զանգահարողը հայտնաբերեց, որ իր զրուցակիցը հակված չէ խոսել իր հանճարեղ, բայց չտպագրված նյութի մասին, ջղային եւ չափազանց նյարդայնացնող ձայնով հարցրեց. «Իսկ ես ո՞ւմ հետ եմ խոսում, չեմ հասկանում՝ ինչո՞ւ էդ Աբրահամյանը տեղում չի նստում: Մենակ մեծ-մեծ խոսել գիտի, իսկ երբ պետք է գլուխգործոց գրախոսել, նա ցվրվում ա»: Հոգնած խմբագիրը պատասխանեց. «Ինձ մի՛ ասեք, ես նրա քարտուղարն եմ»: Եղել է նաեւ այսպիսի դեպք. տարիքով մի մարդ եկավ խմբագրություն: «Էդ Աբրահամյանը» նրան հանդիպեց միջանցքում: «Բալա ջան, խմբագիրը որտե՞ղ է: Մեր զուգարանի բաչոկը փչացել ա, տեսնեմ՝ ինչ կարա անի»: Սփրթնած խմբագիրը մրմնջաց. «Եսիմ, պապի ջան, ես էլ եմ նրան սպասում»: Այդպես նրանք երկուսով, ջղայնանալով թափառող խմբագրի վրա, նստեցին ընդունարանում մի քանի ժամ, մինչեւ պապիկը հոգնեց եւ գնաց: Խնդրում եմ նկատեք, թե որքան հասկացող անձնակազմ ունենք՝ ոչ մեկս «չվառեց» խմբագրին: Ինձ հետ էլ են հետաքրքիր դեպքեր պատահել: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո եկա «Առավոտ»: Այն ժամանակ ես պզուկոտ (ինչպես ասում էր Սելինջերը) ու ռուսախոս դեռահաս էի: Այդ պատճառով էլ աշխատելուս սկզբնական շրջանը ամբողջովին աբսուրդային իրավիճակների մեջ եմ անցկացրել: Կար ժամանակ, երբ Գյումրվա մեր թղթակիցը հեռախոսով էր նյութերը թելադրում: Ես էլ սղագրում էի: Այս հեղինակը շատ էր սիրում տեքստում բազմակետ դնել: Ես, իհարկե, գիտեի՝ ինչ է բազմակետը, բայց մտքովս չէր էլ անցնում, որ կախման կետերը նույն այդ բազմակետն են: Օրինակ, նա ինձ թելադրում է. «Այդ կառույցում լինելու է… նկուղների եւ խանութների վաճառք»: Եվ ես տառացի գրում եմ «այդ կառույցում լինելու է կախման կետեր նկուղների եւ խանութների վաճառք»: Սղագրելիս տեսա, որ նախադասությունը ոչ մի կերպ չի դասավորվում: Որոշեցի, որ հեղինակը ուղղակի փոքր-ինչ հոգնած էր: Գնացի խմբագրիս մոտ, որ նա օգնի ինձ գոնե նախադասությունը ճիշտ կետադրել: Ահագին ուրախացանք այդ օրը: Մի անգամ էլ մի մարդ եկավ եւ ցանկացավ խմբագրին տեսնել: Ես խնդրեցի նրան ներկայանալ: «Ասեք՝ ՀԱՄԽ-ից Կարապետյանն է»,- պատասխանեց նա: Ես շատ զարմացա եւ մտա խմբագրի սենյակ: «Շեֆ, այստեղ մի մարդ է սպասում»: «Ո՞վ»: « Նա շատ տարօրինակ անուն ունի՝ Համխից: Ազգանունն էլ՝ Կարապետյան»:

Գենոֆիա Մարտիրոսյան. «Առավոտում» աշխատածս տարիներին ամենից շատ զվարճանում էի, երբ մեր գլխավոր խմբագիրը ժամանակ առ ժամանակ ոչ միայն մյուս աշխատակիցներին, այլեւ ինքն իրեն էր նկատողություն տալիս՝ աշխատավարձից համապատասխան պահումներով:
Եվ այդ հրամանը փակցնում էր խմբագրության միջանցքում: Ինչ խոսք, մյուս աշխատողներին 10 տարիների ընթացքում ընդհանուր հաշվով նա շատ ավելի խիստ է պատժել, սակայն, եթե շեֆն ունակ է նույնիսկ ինքն իրեն նկատողության արժանացնել՝ բացթողումների համար, մի՞թե մենք կարող ենք դժգոհել այն բանից, որ «խփում» է մեր գրպաններին՝ վատ աշխատանքի համար: Ճիշտ է, խիստ է, բայց, գրողը տանի՝ արդարացի: Իսկ ընդհանրապես, ես հպարտանում եմ նրանով, որ «Առավոտի» ամենահին լրագրողներից եմ: Այնքան հին, որ նույնիսկ անհարմար է: Ճիշտ է, ավելի հներն էլ կան, քանզի ես 9 տարի
է՝ «Առավոտում» եմ, իսկ մարդիկ կան, որ նրա հիմնադրումից ի վեր աշխատում
են: Փոխարենը, ես վստահ եմ, որ «Առավոտում» կլինեմ մինչեւ վերջ: Իմ վերջը՝
իհարկե: Քանզի համոզված եմ, որ «Առավոտը» կլինի միշտ:
Ռուզան Մինասյան– Զվարճալի դեպքեր, եթե հումորի զգացում ունես, լինում են գրեթե ամեն օր։ Խմբագրությունը տեսել է, օրինակ, մեկին, որ ծնվել էր 678 թվականին, եւ «մեղքերի թողարկման» էր եկել։ Տեսել եմ մահվան վկայական ստացած Հայրապետ հայրիկին, տեսել եմ դաշնակահարուհու, որը պնդում էր, թե իր դաշնամուրի ստեղների տակ, լոգարանում՝ դուշի մեջ, ներքնակի մեջ եւ այլ տեղերում «ժուչոկներ» կան։ Տեսել ենք քրեական աշխարհում հայտնի մի հեղինակության, որը կալանավայրից իր նախընտրական թեզերն էր ուղարկում՝ պատրաստվելով «ամենամյա» պրեզիդենտական ընտրություններին։ Իսկ ամենաչգերազանցվածը «Վերնիսաժից» գնածս Վանո Սիրադեղյանի արձանիկն էր, որի հետ էլ «հարցազրույց» էի արել «Առավոտում» եւ «արձանացել տեղում»։ 6-րդ վարչություն էին հրավիրում ինձ՝ բացատրություն տալու, թե որտեղ եւ ինչ հանգամանքներում էի հանդիպել
հետախուզվողին։ «Առավոտը» ինձ տվել է չթամբալանալու էներգիա։
Վոլոդյա Պետրոսյան– «Առավոտում» անցկացրած իմ աշխատանքային արդեն 10-ամյա կենսագրության ընթացքում հիշարժան դեպքերի շատ եմ ականատես եղել, հաճախ էլ՝ ակամա մասնակիցը դարձել։ Դրանց զգալի մասի վրա արդեն իր իշխանությունն է հաստատել մոռացության փոշին, եւ հիմա զղջում եմ, որ չեմ հասցրել ժամանակին գրի առնել ու պահպանել։ Կարծեմ 1999-ի գարունն էր։ Աշխատասենյակս ներխուժեց միջահասակ, գիրուկ մի կին եւ սեղանիս դրեց ՀՀ վարչապետին ուղղված իր բողոք-նամակը։ Շատ սովորական դարձած կենցաղային վեճ էր՝ պատի կռիվ։ Քաղաքացուհին բողոքում էր իր պատկից հարեւանից, որը նրա սկեսրայրն էր։ Զարմանալի զուգադիպությամբ նույն պահին ինձ մոտ եկավ տարիքն առած, ալեհեր մի մարդ. նա, ում դեմ բողոք էր գրել դիմացս նստած կինը։ Սա էլ թղթապանակից հանեց ԱԺ նախագահին գրած նամակը, փորձեց հարմարվել բողոքավորի կողքի աթոռին, սակայն մի պահ քարացավ, ապա շփոթահար ու փոշմանած ինձ նայեց։ Այնուհետեւ՝ փոխադարձ անպատիվ խոսքեր ու տուրուդմփոց… Ասեմ, որ այդ զուգադիպությունը հատկապես ճակատագրական եղավ ալեհեր սկեսրայրի համար՝ գիրուկ հարսն ավելի զորեղ դուրս եկավ։ Մի կերպ դուրս հրավիրեցի, ու գնացին։ Գնացին՝ իրենց պատի հարցը առանց մեզ, վարչապետի ու ԱԺ նախագահի, տնավարի լուծելու։ «Առավոտն» ինձ շատ բան է տվել, ամենակարեւորը՝ մեր հասարակության տարբեր խավերի, տարբեր բնավորության ու հասկացողության տեր մարդկանց հետ շփվելու, համոզելու եւ համոզվելու կարողություն։

Մարգարիտ Եսայան– «Արմենպրեսի» մամուլի սրահում Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ընթացքում անընդհատ ձեռք էի պարզում, որ հարց տամ, ասուլիսավարը «չէր նկատում»: Վերջում նախագահն ինքն առաջարկեց, որ ես իմ հարցը տամ, բայց մինչ այդ, թե՝ «ես ձեզ
էլ եմ շատ սիրում, «Հայկական ժամանակն» էլ»: Ես մինչ հարցս տալը, ասացի՝ «Դուք Ձեզ սիրողներից զգույշ մնացեք, ոչ թե՝ մեզնից»: Իսկ որդուս դասընկերը, որ տեսել էր ասուլիսի տեսագրությունը, տղայիս հարցրել էր՝ «բա որ Ռոբերտ Քոչարյանը մամայիդ ասաց՝ ես ձեզ շատ եմ սիրում, պապադ չի՞ խանդի»:
Նաիրա Մամիկոնյան– «Առավոտում» իմ «դեբյուտը» 2000-ի մայիսի 2-ին եղավ՝ նախկին
վարչապետ Արամ Սարգսյանի եւ նրա կաբինետի մի քանի նախարարների մոտալուտ պաշտոնանկության բոթով: Շատ զվարճալի չէր, բայց փոխարենը՝ ինտրիգներով հագեցած իրադարձություն էր, որի պակասը անցած 4 տարիներին լրագրողներս չենք ունեցել:
Երկար ժամանակ փորփրում էի հիշողությունս, որ «Առավոտում» պատահած՝ իսկապես զվարճալի դեպք հիշեմ, եւ հիշեցի միանգամից մի քանիսը: Անցած տարի իմ մի հոդվածից հետո, որը վերաբերում էր Եռաբլուրում ԱՍԱԼԱ-ի մարտիկների հուշարձանին, «Հայ արիների միությունը» մի երկար-բարակ նամակ-հայհոյանք էր բերել խմբագրություն, որից առաջին անգամ ինձ համար պարզ դարձավ, որ ես ու խմբագիրս՝ Արամ Աբրահամյանը, ոչ միայն ապազգային տարրեր ենք, այլեւ աշխատում ենք թուրքական «Սաբահ» թերթում: Իսկ Արմեն Ավետիսյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից պարզապես թախանձագին պահանջում էր ավելի լավ փորփրել մեր թերթի ծագումնաբանությունը, որից կարող էր պարզվել, որ մեզ ֆինանսավորում են հենց թուրքերը: Ցավոք, մինչեւ այսօր ԱԱԾ-ն այդ խնդրով չի զբաղվել, թեեւ ամեն օր արթնանում եմ անհանգիստ սպասումով՝ բա որ այսօր ինձ ու խմբագրիս կանչեն ԱԱԾ: Ես էլ եմ նրանց թախանձագին խնդրում՝ կանչեք մեզ, պարզեք, մենք էլ հանգիստ քնենք: Էլի մի զվարճալի պատմություն, որը խմբագրության իմ գործընկերներին լիաթոք ծիծաղ էր պատճառել, եւ որը շատ հաճախ ենք հիշում: Ես լուսաբանում էի ՔՊԻՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը: Այնքան էի տարված դրանով ու դրա ազդեցության տակ էի, որ մի օր խմբագրությունում աղջիկների հետ հերթական երգեցողության ժամանակ ֆիդայական հայտնի երգի բառերի՝ «Առաքել, Մուշեղ…»-ի փոխարեն ինձնից գոհ ու բարձր տոնով սկսեցի երգել՝ «Սաղաթել, Մուշեղ…»: Իսկ ընդամենը վերջերս մի շա՜տ զվարճալի բան պատահեց (գործընկերներիցս մի քանիսն ականատես են եղել, թույլ չեն տա խաբել): Հոդված գրելու արանքում մտել էի «չատ»: Եվ ո՛վ քեզ հրաշք. հայտնվեց Ռոբերտ Քոչարյան ծածկանունով մեկը ու հենց սկզբից դժգոհեց, թե ինչու իրեն հատուկ չեն բարեւում: Դե «չատի» ջահելությունն էլ ընդվզեց. «Ինչի՞, դու ո՞վ ես», «մենք քո հետ չունենք»: Հավանաբար՝ ռուսաստանցի մի հայ էլ նետեց, թե «դու «սամազվանեց» ես, ու ասում են՝ Հայաստանում լեգիտիմության պրոբլեմներ ունես»: Մի խոսքով, «չատն» այդ օրը բոյկոտեց ինքնահռչակ Ռոբերտ Քոչարյանին՝ «Ռոբերտ, հեռացիր» «մեսիջներով»: Ի տարբերություն մեր իրականությանը, «չատում» Ռոբերտ Քոչարյանը տեղի տվեց ու հեռացավ:

Լուսինե Մարգարյան– Մի անգամ «Սպիդ -Ինֆո» էջի համար (որի պատասխանատուն էի) նյութ էի պատրաստում: Տարբեր քաղաքական գործիչներից հետաքրքրվում էի, թե ի՞նչ կարծիք
ունեն սեքսի վերաբերյալ բաց խոսակցություն սկսելու մասին: ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, լսելով հարցս, այլայլվեց՝ «Չէ, չէ, ես էդ գործում չկամ»: Մտածում էի, որ նյութիս մեխը դա է լինելու, բայց հետո պարոն նախարարին խղճացի, եւ այդ հատվածը չտպագրեցի:
Աշոտ Հակոբյան– «Առավոտում» զվարճալի դեպքերի պակաս չի եղել: Ինչ-ինչ, բայց Արամ
Աբրահամյանի հրամաններն այն մասին, որ լրագրողներին նկատողություն է հայտարարում՝
ամեն ինչ արժեն: Դրանց ձեւակերպումներն արդեն զվարճալի են: Այս վերջերս,
օրինակ, ես տույժ ստացա՝ «զուտ տուրիստական նպատակներով Ծաղկաձոր մեկնելու»
համար: Դրանից մի քանի տարի առաջ նկատողություն էի ստացել «լակելու եւ մռափելու»
համար: Ժամանակին Գեւորգ Աբրահամյանը տույժ էր ստացել Մոսկվայում գործուղման ընթացքում «էշի ականջում քնելու» համար, որի արդյունքում թերթին կարեւոր
լուր չէր ուղարկել: Ի դեպ, Մոսկվայի մասին: Գործուղվել էի ՌԴ մայրաքաղաք՝ ինչ-որ կարեւոր մարզական միջոցառման: Ինչպես միշտ, հագիս «Առավոտի» լոգոյով շապիկն էր: Հանկարծ մի ռուս կին մոտեցավ, եւ հետաքրքվեց՝ հա՞յ եմ: Պարզվեց, որ ինտերնետում պատահաբար մեր վեբ-կայքն է մտել, եւ տեսել «Առավոտի» լոգոն, որը խիստ տպավորվել է նրա հիշողության մեջ:

Տիգրան Ավետիսյան– Թեեւ ես «Առավոտում» համեմատաբար թարմ աշխատող եմ, բայց արդեն հասցրել եմ մի քանի զվարճալի իրադարձությունների ականատես լինել: Կպատմեմ
ինձ հետ կատարվածը: Այնպես ստացվեց, որ մի շաբաթվա մեջ երկու անգամ մասնակցեցի սեմինարների, որոնցից մեկը կազմակերպել էր Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամը, երկրորդը՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը: Ընդ որում, այդ երկու հիմնադրամների հետ էլ հիմնականում համագործակցում են հայաստանյան լիբերալ ուժերը: Չգիտես ինչու՝ երկրորդ սեմինարի մասին նյութը գրեցի ձեռագրով, իսկ հետո չնայեցի
շարվածքը: Հաջորդ օրը կարդում եմ. «Երեկ կայացավ Ֆրիդրիխ Երկրորդի հիմնադրամի
կազմակերպած սեմինարը»: Ճիշտ է, մի քանիսի մտքով անցավ, թե ես մեծն Ֆրիդրիխ
Էբերտին չեմ ճանաչում, փոխարենը մենք մի լավ ծիծաղեցինք:
Արամ Աբրահամյան– Մի ժամանակ «Առավոտում» հատված էինք տպագրել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից»: Մեկ ամիս հետո ինձ է մոտենում «Առավոտի» գովազդային բաժնի աշխատակից Աիդա Աղամալյանը եւ դժգոհում՝ «Ո՞վ է այդ Խորենացին, ինչո՞ւ չի գալիս իր հոնորարը ստանա»: Իսկ մի անգամ Աիդան ողջ խմբագրությունով մեկ
հետաքրքրվում էր՝ «Սկաժիտե պոժալուստա, չտո տակոյե՝ «ավագանի»: Էտո՝ «տերտե՞ր»,
չտո լի»:

«Առավոտի» իր գործընկերներին զվարճալի դեպքեր հիշելուն դրդեց, ստիպեց, պարտադրեց, հետո դրանք ի մի բերեց ու ոմանց փոխարեն նույնիսկ հիշեց ու շարադրեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել