Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այլեւս չընդունել զրոյական հաշվետվություն»

Հուլիս 30,2004 00:00

«Այլեւս չընդունել զրոյական հաշվետվություն» Արդեն երկու օր է՝ Շիրակի մոտ 10 հասարակական կազմակերպություններ անցկացնում են «արտակարգ» հանրահավաք: Մարզի հասարակական կազմակերպությունների եւ ՀՀ Սոցապ հիմնադրամի Շիրակի մարզային վարչության պետ Համբարձում Մաթեւոսյանի միջեւ մեծ կոնֆլիկտ է հասունացել: Պատճառը, ըստ այդ կազմակերպությունների ներկայացուցիչների, այն է, որ «հարստանալու մտքից գայթակղված» պաշտոնյան հարկադրում է շահույթ չհետապնդող, կամավորական հիմունքներով հասարակական կազմակերպությունների մեջ ընդգրկված անդամներից գանձել 5000-ական դրամ՝ կենսաթոշակային հիմնադրամի համար: Ուստիեւ նա խիստ հրամայել է իր համակարգի աշխատակիցներին՝ ՀԿ-ներից այլեւս չընդունել զրոյական հաշվեկշիռ: «ՀԿ-ները ժողովրդավարության հիմքն են եւ ո՞վ է տեսել որեւէ երկրում կամավոր լինելու համար գումար գանձվի, այդ ո՞ր օրենքով է քեֆերը բռնել 5000- ական դրամ հավաքել»,- ի սրտե զայրանում են ՀԿ-ների ներկայացուցիչները: Ի դեպ, հանրահավաքի մասնակիցների մեջ կային թե փորձառու իրավաբաններ, թե տնտեսագետներ, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտորեն վերլուծում էր կատարվածը: Հատուկ հրավեր տրված էր նաեւ Սոցապվարչության պետ Հ. Մաթեւոսյանին, սակայն նա չէր ժամանել: Իսկ ի՞նչն է հիմք ընդունվել նման նոր դիրքորոշում ցուցաբերելու համար: Մեր ուսումնասիրած փաստաթղթերից պարզվեց, որ այս ամսվա հուլիսի 9-ին ՀՀ Սոցապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Ֆրունզե Մուշեղյանը մարզային վարչության պետերին եւ Երեւանի տարածքային կենտրոնների տնօրեններին տարբեր օրենքներից, օրինակ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Աշխատանքի վարձատրության մասին», «Հասարակ ական կազմակերպությունների մասին» եւ այլնից ծաղկաքաղ արած մի գրություն է ուղարկել: Օրենքների որոշ կետերի բառացի մեջբերումից հետո գրության վերջում տեղեկացվում է. «Վերոգրյալի հիման վրա անհրաժեշտ է տարածքային կենտրոններ զրոյական հաշվետվություններ ներկայացնող ապահովադիրներին հիշեցնել վերը նշված նորմատիվ իրավական ակտերի պահանջների վերաբերյալ եւ վերջիններից պահանջել խստիվ պահպանել իրենց օրենսդրական պարտականությունները»: Սակայն գրությունը Շիրակի մարզ հասնելով, փոխել է իր բովանդակությունը: Սոցապահովության Շիրակի մարզային վարչության պետն իր հերթին ենթականերին՝ տարածքային կենտրոնների տնօրեններին, գրությունը ստանալուց ընդամենը 3 օր հետո, գրում է. «Ուղարկվում է հիմնադրամի նախագահի 09.07.04թ. թիվ 03/3205 պարզաբանումը զրոյական հաշվետվություն չընդունելու մասին»: Գուցե նրանց տպավորությամբ ՀԿ-ները միլիարդներ են աշխատում եւ թաքցնում են, ուստիեւ անհրաժեշտ է հիմնադիրներից փող գանձել: Իմիջիայլոց, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչների հետ Սոցապվարչությունում տարբեր միջադեպեր էին տեղի ունեցել: Նրանք, ովքեր «խեղճացել» են՝ ստիպված են եղել վճարել պահանջված գումարը, իսկ օրենքը իմացողների համար պաշտոնյաները «զիջել» են՝ ասելով, որ այդ հարցը ձեզ չի վերաբերում, այլ՝ ծրագրով աշխատող կազմակերպություններին: 10 ՀԿ-ներին էլ 10 տարբեր պատասխաններ են տվել: «Այս գրությունը օրենքի ուժ չունի, կառավարության որոշում չէ, ավելին, այստեղ կա ոչ կոմպետենտություն օրենքների հանդեպ, սա ի՞նչ է նշանակում, մե՞զ են փորձարկում. հասկացանք՝ լավ, չհասկացանք՝ ավելի լավ, հետո էլ կոռուպցիայի դեմ պայքար են քարոզում»,- ասում է իրավաբան Արտուշ Գրիգորյանը՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են դատական կարգով վիճարկելու: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել