ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՆ՝ ԱՅՍՈՒՀԵՏ ԳԱՂՏՆԻ Հետընթա՞ց, թե՞ առաջընթաց՝ կոռուպցիայի դեմ պայքարում Իշխանության մարմինների ղեկավար աշխատողների եկամուտների հայտարարագրման մասին օրենքի ընդունումը դիտարկվեց եւ կարեւորվեց կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Եվ եթե այդ օրենքն ավելի շատ սեփականություն, օբյեկտներ ունենալու ցանկությամբ պաշտոնյաների ախորժակը նույնիսկ չզսպեց էլ, ապա գոնե ավելորդ գլխացավանք դարձավ: Ինչ-որ նոր բիզնես սկսելուց կամ օբյեկտ ձեռք բերելուց առաջ սկսում են մտածել նաեւ դրանց օրինականացման եւ հիմնավորման մասին: 2001-ին օրենքն ընդունվելուց հետո՝ հաջորդ տարի բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, օրենքի պահանջի համաձայն, հրապարակվեցին: Դրանք շուրջ 6000 մարդու ունեցվածքի մասին էին հանրությանը տեղեկացնում: Երեւույթը մեծ ուշադրության արժանացավ, պաշտոնյաների ունեցվածքի «շարժն» ինչ-որ չափով վերահսկելի դարձավ: Ակնկալվում էր, որ ժամանակի ընթացքում հասարակական վերահսկելիության գործոնն ավելի էր մեծանալու: Սակայն հաջորդ տարի՝ 2003-ին նման բան չարվեց: Այս տարի էլ չեն հրապարակվել անցած տարվա տվյալները: Հարկային պետական ծառայությունից սա բացատրեցին օրենքում տեղի ունեցած փոփոխությամբ, որն այլեւս ծառայությանը չի պարտադրում հրապարակել այդ հայտարարագրերը: Իսկ սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ օրենքում հայտարարագիր ներկայացնողների ցանկն առավել մեծացավ, հասնելով 45-46 հազարի: Ծառայության մեկնաբանությամբ, դժվար էր նույնիսկ ապահովել 6000 հայտարարագրի հրապարակումը. այն Պաշտոնական տեղեկագրի մի քանի համար զբաղեցրեց, ուր մնաց՝ 45 հազարինը: Այդ պատճառով էլ Հարկային պետական ծառայության պետի հրամանով (որպես հիմք՝ հղում է արված օրենքի վեցերորդ կետին) սահմանվել է այդ «հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկանքները մամուլի միջոցներին տրամադրման» կարգ: Դեռ մի կողմ, որ լրատվամիջոցի համար որոշակի դժվարություն է ենթադրում այդ տեղեկությունները ստանալը, փաստորեն, իր երկրի պաշտոնյաների ունեցվածքի մասին քաղաքացին (ենթադրաբար՝ նաեւ հասարակական կազմակերպությունը) տեղեկություններ չի կարող ստանալ, եթե իր եւ լրատվամիջոցի հետաքրքրությունների շրջանակը չի համընկնում: Եթե ռեալ մոտենանք, մի կողմից, իրոք, դժվար է տեխնիկապես ապահովել այդքան հայտարարագրերի հրապարակումը, բայց մյուս կողմից քաղաքացու խնդիրը չէ, թե ինչպես պետությունը կապահովի իր իրավունքների կատարումը: Բացի այդ, եթե նկատի ունենանք, որ առավել հետաքրքրություն են ներկայացնում բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի եւ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները, ապա գոնե նրանցը անհրաժեշտ է հրապարակել: Իսկ այսպիսով ստացվում է, որ մի կողմից առավել հրապարակայնություն ապահովելու համար մեծացրին ցանկը, բայց մյուս կողմից պակասեցրին բուն հրապարակայնությունը: Իսկ ծախսերի հայտարարագրման մասին օրենքի ընդունման ոչ մի նախաձեռնություն մինչ օրս չկա: Մինչդեռ ավելի կարեւոր էր հայտարարատուների ցանկը մեծացնելու փոխարեն ծախսերի հայտարարագրում պահանջել, որ քաղաքացին վերահսկի. եթե տվյալ պաշտոնյան ստանում է N չափի եկամուտ, որտեղի՞ց է կարողանում ծախսել N+M չափի գումար: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ