Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպան՝ սարսափի մեջ

Հուլիս 30,2004 00:00

Եվրոպան՝ սարսափի մեջ Եվրոպան բառի բուն իմաստով պապանձված է: Եվրոպացիների հիշողության մեջ բոլորովին թարմ են մարտի 11-ին Իսպանիայում տեղի ունեցած եւ 192 մարդու կյանք խլած ահաբեկչության ահասարսուռ պատկերները, եւ ահա՝ նոր ու բավականաչափ ռեալ վտանգ: Լրացել է մոլորակի թիվ մեկ ահաբեկիչ Բեն Լադենի՝ Իրաքում զորամիավորումներ ունեցող եվրոպական երկրներին ներկայացրած եռամսյա վերջնագրի ժամկետը, ինչին հաջորդել է «առաջիկա օրերին Եվրոպան արյան բաղնիք դարձնելու» նոր սպառնալիքը: Եվրոպական փորձագետների կարծիքով, այն բավականաչափ հիմնավոր է, քանի որ անմիջականորեն հնչեցվել է «Աբու Հաֆսա Ալ-Մասրիի բրիգադներ» իսլամիստական խմբավորման կողմից: Սա այն խմբավորումն է, որը տառացիորեն մի քանի օր առաջ վերջնականապես խոստովանեց, թե հենց ինքն է «իսպանական» ահաբեկչության հեղինակը, ու նաեւ հաստատեց, որ անմիջական առնչություններ ունի «Ալ-Ղաիդա»-ի հետ: «Աբու Հաֆսա»-ի բրիգադներն իբրեւ իրենց առաջին թիրախ ընտրել են Իտալիան ու այս երկրի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին: «Մենք Եվրոպայի քաղաքներին կստիպենք դողալ ու կսկսենք քեզնից, Բեռլուսկոնի: Մենք դա կանենք ամենաարյունալի միջոցներով ու այնքան ժամանակ, քանի դեռ դուք շիտակ ճանապարհi չեք վերադարձել»,- ասվում է խմբավորման՝ իսլամական սայթերից մեկում հրապարակած հայտարարության մեջ: Սպառնալիքը տարածվում է նաեւ Իտալիայի, ինչպես նաեւ եվրոպական մի քանի այլ «համր» ժողովուրդների վրա: «Այդ ժողովուրդների լռությունը միայն հաստատում է այն, որ նրանք հավանությամբ են վերաբերվում իրենց երկրների ղեկավարների գործողություններին»,- հիշյալ հայտարարության մեջ իրենց սպառնալիքն են զարգացնում ահաբեկիչները: Ընդ որում, վերջին օրերին նույնաբովանդակ բազմաթիվ այլ սպառնալիքներ են հնչել նաեւ արաբական մի շարք հեռուստաընկերությունների եթերում: Եվրոպական երկրների, մասնավորապես՝ Իտալիայի ուժային կառույցներն ու հատուկ ծառայությունները փութով բերվում են պատրաստականության ամենաբարձր աստիճանի: Ձեռք են առնվում անվտանգության ապահովման աննախադեպ միջոցառումներ: Այս ամենով հանդերձ, Եվրոպայում մի տեսակ կարծես հաշտվել են այն մտքի հետ, որ ահաբեկչական ակտերը, անկախ ամեն ինչից, միեւնույն է, տեղի են ունենալու, եւ հաջորդ թիրախն իսկապես լինելու է Իտալիան: Այսպիսի կարծիք է հայտնել իտալական թերթերից մեկը՝ նաեւ չբացառելով, որ ահաբեկիչների սպառնալիքները գուցեեւ մնացյալ եվրոպական երկրների զգոնությունը թուլացնելու նպատակ ունեն: Ներկայումս Իրաքում են գտնվում եվրոպական յոթ երկրների զորամիավորումներ: Այդ երկրներն են՝ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լեհաստանը, Ռումինիան, Դանիան, Հոլանդիան եւ Ուկրաինան: Ապրիլին Իսպանիայում սոցիալիստների հաղթանակից հետո այս երկրի նոր իշխանություններն Իրաքից դուրս բերեցին իրենց զինծառայողներին: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել