Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բարեփոխումների դրդապատճառները

Հուլիս 30,2004 00:00

Բարեփոխումների դրդապատճառները Բացահայտում է ՀՀՇ վարչության փոխնախագահը Ի պատասխան «Առավոտի» հարցի, օրեր առաջ ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչիկ Քոքոբելյանը դեմ արտահայտվելով սահմանադրական բարեփոխումների հերթական փուլին՝ հայտարարել էր, որ իշխանության հիմնական առաջնորդողը «կեղծ կատեգորիաներն» են լինելու: Երեկ մեզ հետ զրույցում, հիմնավորելով ասվածը, պարոն Քոքոբելյանը կարծիք հայտնեց, որ նախ՝ «Սահմանադրական փոփոխություն կատարելու իրավունք ունի օրինական կերպով ընտրված իշխանությունը, որը նաեւ վստահություն ունի ժողովրդի մոտ»: Վերջին սահմանադրական հանրաքվեի անփառունակ ավարտը նա ասվածի վառ ապացույցն է համարում: Իսկ թե ինչո՞ւ իշխանությունը չփորձեց այն ժամանակ, կեղծելով հանրաքվեի արդյունքները, հասնել նպատակին, մեր զրուցակիցն այսպես է պարզաբանում. «Այն ժամանակ Սահմանադրությունը հանրաքվեի դրվեց շեղման կոմբինացիա ապահովելու համար: Այդ փուլում իշխանությունը Սահմանադրության փոփոխության պետք չուներ: Այլապես հավատարիմ կմնային իրենց գործելաոճին»: Շարունակելով հիմնավորել սահմանադրական փոփոխությունների անպատեհությունը՝ ՀՀՇ վարչության փոխնախագահն ասում է. «Հենց հանրապետությունում քաղաքական ճգնաժամ է լինում կամ գերծանր իրավիճակ, բոլորը միաբերան հիշում են Սահմանադրությունը՝ աղաղակելով, որ այսինչ-այսինչ քայլերը հակասահմանադրական են: Այսինքն՝ մինչ օրս դեռ չի եղել մի խնդիր, որի պատասխանը Սահմանադրությունը չտա: Երկիրը սահմանադրական ճգնաժամ չի ունեցել, այն էլ՝ իրավական դաշտի այս ձեւախեղված պայմաններում: Զուտ իրավական առումով ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխության անհրաժեշտություն չկա»: Ուստի, Խ. Քոքոբելյանը վստահեցնում է, որ իշխանությունը Սահմանադրությունը փոխելու կոնկրետ դրդապատճառներ ունի, որոնց շարքում եվրոպական պահանջները որակում է «շղարշ»: Ի դեպ, նա այնքան էլ վստահություն չունի, որ «բարեփոխումների փաթեթ» կոչվածն ընդհանրապես կդրվի հանրաքվեի: Մեր զրուցակիցն ամեն ինչ պայմանավորում է առաջիկա քաղաքական իրավիճակով: Եթե շատ պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվի, իշխանությունը, բնականաբար, չի գնա այդ քայլին: Այսինքն՝ «Սահմանադրական փոփոխությունով նրանք խնդիր ունեն եւս մեկ անգամ ձեւախեղելու քաղաքական դաշտը եւ իշխանության վերարտադրման հնարավորություն ստեղծել»,- ասում է պարոն Քոքոբելյանը: Անկախ քաղաքական հայացքներից, ՀՀՇ վարչության փոխնախագահի կարծիքով, հայաստանյան քաղաքական ուժերը պետք է համախմբվեն՝ նախ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու, հետո միայն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար: Գարնանային եւ ամառային պայքարից հետո աշնանային համախմբումը, լիբերալ դաշտի ներկայացուցչի պատկերացումներով, կարող է լակմուսի էֆեկտ ունենալ. «Միայն այդ ժամանակ պարզ կդառնա, թե որ ուժերն ու առանձին քաղաքական գործիչներն են գաղափարական ընդդիմություն, որոնք՝ այս ռեժիմի ծպտյալ պաշտպաններ: Քանզի խոսքը գնում է ոչ թե Սահմանադրության այս կամ այն կետի հետ անհամաձայնության, այլ զուտ քաղաքական խնդրի լուծման մասին»: Նախագահի՝ խոհեմությանն ապավինելուն, Խ. Քոքոբելյանն այսպես է վերաբերվում. «Փորձը ցույց է տվել, որ մինչ այսօր գործող իշխանությունների ոչ մի քաղաքական հայտարարություն չի հանդիսացել քաղաքական կատեգորիա, այլ տվյալ ժամանակի համար է եղել, ուստի երաշխիքներ չկան: Սահմանադրությունը պետք է բարեփոխի միմիայն օրինական իշխանությունը: Ցանկացած այլ մոտեցում ես ռեալ չեմ համարում»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել