Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑԻՆ «ԱՌԱՎՈՏԻ» ԳԻՏԱԿՆԵՐԸ

Հուլիս 30,2004 00:00

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑԻՆ «ԱՌԱՎՈՏԻ» ԳԻՏԱԿՆԵՐԸ Ներկայացնում ենք «Առավոտի» ամենահավատարիմ ընթերցողին գտնելու նպատակով թերթի 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված մրցույթի ճիշտ պատասխանները: 1. Ովքե՞ր եւ ե՞րբ են եղել «Առավոտի» գլխավոր խմբագիրները: 1994թ. օգո ստոսից մինչեւ նույն թվականի դեկտեմբեր թերթի գլխավոր խմբագիրն է եղել Իգնատ Մամյանը, իսկ 1994թ. դեկտեմբերից առայսօր «Առավոտի» գլխավոր խմբագիրն Արամ Աբրահամյանն է: 2. Ի՞նչ սկզբունքով են վերնագրված «Առավոտի» էջերը: «Առավոտի» էջերը, օրինակ՝ «Հայկական ժամանակ», «Իրավունք», «Խաչմերուկ», «Հանրապետություն», «Դպրություն», «Մոլորակ», «Սպիդ-Ինֆո», «Կանչ» եւ այլն, վերնագրվում են հայկական (եւ ոչ միայն) մամուլի այլ միջոցների անուններով: 3. «Առավոտի» ո՞ր էջում կարող էր տեղ գտնել ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Ստեփան Զաքարյանի հետեւյալ միտքը. «Կանանց անկողնային, ինտիմ պահանջներն անհամեմատ բարձրացել են: Նույնիսկ այն կանայք, որ ինտիմ կյանքում երջանիկ ու բավարարված էին, ընկել են կասկածների գիրկը, նրանց պահանջներն ամուսինների հանդեպ աննախադեպ են, եւ ամուսինները շալվարներից ու կաշվից դուրս են գալիս՝ իրենց տղամարդկությունն անընդմեջ ապացուցելու համար»: Նման ինտիմ հարցերը «Առավոտում» մինչեւ 2000թ. կեսերը քննարկվում էին «Սպիդ-Ինֆո» էջում: 4. Ի՞նչ վեպ է տպվել «Առավոտում» եւ ո՞վ է հեղինակը: «Առավոտում» 2001-02 թթ. ամբողջությամբ տպագրվել է Վահրամ Մարտիրոսյանի «Հանուն խաչի ծպտվածները» պատմավեպը: 5. Տարիներ շարունակ «Առավոտի» 16-րդ էջում տպվող «Էջեր հայ ժօղովրդի հէրօսական անցեալից: Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար» շարքում տեղ գտած հումորներում առկա գլխավոր գործող անձանցից մեկը «պատմամայր» տիտղոսն ուներ: Ո՞ւմ մասին է խոսքը: Արմեն Շեկոյանի հեղինակած այդ շարքում «հայոց պատմամայրը» «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանն էր: 6. Ե՞րբ «Առավոտում» տպագրվեց «Դեղին էջեր» ներդիրը, եւ ովքե՞ր էին դրա հերոսները: «Դեղին էջերը» տպագրվել է «Առավոտի» 1998թ. սեպտեմբերի 17-ի համարում: Հերոսները բազմաթիվ էին, բայց դրանց մեջ առանձնանում էին այն ժամանակվա պաշտոնյաներից՝ ՊՆ նախարարի տեղակալ Գեւորգ Վարդանյանը, Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Արմեն Դարբինյանը, սոցապ նախարար Գագիկ Եգանյանը, կառավարության տարբեր անդամների կանայք եւ Պարույր Հայրիկյանը: 7. Թվարկեք «Առավոտում» պարբերաբար հայտնված մի քանի խորագրեր: «Գուշակիր մեղեդին», «Ֆոտոմեղադրանք», «Հայոց աշխարհ», «Մունետիկ», «Մեկ լուր», «Լավ լուր, վատ լուր», «Միտք», «Այբ-Ֆե», «Աստղագուշակ», «Սուրհանդակ», «Բարի լույս», «Բանբեր», «Վարկած», «Շաբաթվա հերոսները», «Շաբաթախոսություն», «… Եվ այլն», «Մեղու», «Ռեպլիկ» եւ այլն: 8. Ովքե՞ր են եղել «Առավոտի» ծաղրանկարիչները: «Առավոտում» որպես հաստիքային ծաղրանկարիչներ աշխատել են միայն Արզօ-ն եւ Toto-ն: 9. Արա Գալոյան, Գեւորգ Աբրահամյան, Լիլիթ Ավագյան, Լուսինե Մարգարյան, Արմինե Ուդումյան… Ի՞նչն է կապում այս մարդկանց իրար եւ «Առավոտի» հետ: Նրանք բոլորը վարել են «Առավոտի» տնտեսական՝ «Գործ» անունը կրող էջը: 10. Քաղաքական գործիչներից ո՞ւմ գլխին եւ ինչո՞ւ սառը ջուր լցրեց Աննա Իսրայելյանը: 1999 թ. Վարդավառի տոնին Աննա Իսրայելյանը ջուր, ավելի կոնկրետ՝ «Ջերմուկ» լցրեց Վազգեն Սարգսյանի գլխին, թեթեւակի թրջվեցին նաեւ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Դարբինյանը: 11. «Առավոտի» 5- ամյակի առիթով Արամ Աբրահամյանը պարգեւատրեց 3 քաղաքական գործչի: Հիշեք՝ ո՞ւմ եւ ինչի՞ համար: Արամ Աբրահամյանը «Ոսկե Առավոտ» մրցանակով պարգեւատրել է բնապահպանության այն ժամանակվա նախարար նույն Գեւորգ Վարդանյանին՝ «համբերատար քննադատվելու», Պարույր Հայրիկյանին՝ «քննադատվելու եւ չհանդուրժելու», գործարար Խաչատուր Սուքիասյանին՝ թերթին աջակցելու համար: 12. Ո՞վ է «Առավոտի» խմբագրականների հիմնական հեղինակը: «Առավոտի» խմբագրականների հիմնական հեղինակը Գենոֆիա Մարտիրոսյանն է: 13. Թվարկեք, թե ովքե՞ր եւ ինչի՞ համար են «Առավոտի» դեմ դատական հայց սկսել: Նրանց թիվը մեծ է, նշենք երեքին՝ Պարույր Հայրիկյան, Տիգրան Լեւոնյան, Տիգրան Սարգսյան: 14. Ովքե՞ր էին «Առավոտի» շաբաթախոսը, վարկածատուն եւ շաբաթվա հերոսներին վեր հանողը: «Առավոտի» «Շաբաթախոսություն» շարքի հեղինակը Արմեն Շեկոյանն էր, «Վարկածի» հեղինակը՝ Վասակ Դարբինյանը, իսկ «Շաբաթվա համեստներին», «Շաբաթվա վախեցողներին», «Շաբաթվա այլախոհներին» եւ այլոց ներկայացնում էր Արամ Աբրահամյանը: 15. Քանի՞ անգամ «Առավոտի» հերթական համարները չեն հասել իրենց ընթերցողներին եւ ո՞ւմ մեղքով: Չանդրադառնալով «լոկալ» դեպքերին, երբ, ասենք, տարբեր քաղաքներում կամ մարզերում տեղի իշխանիկների հրահանգով հավաքվել են «Առավոտի» համարները, նշենք միայն, որ թերթը հանրապետության ողջ տարածքում չի հասել իր ընթերցողին 3 անգամ. երկու անգամ թերթը հավաքվել է կրպակներից՝ 2002 թվականին Կենտրոնի թաղապետի ընտրությունների ժամանակ եւ նույն թվականին, երբ մի այլ համարում ՌՈ ղեկավար Վովա Գասպարյանին դուր չէր եկել իր նկարը, իսկ ահա 2003-ին թերթի համարներից մեկի ողջ տպաքանակը անգամ տպարանից դուրս չեկավ, եւ դա վերագրվում էր վարչապետի շրջապատին: ԱՌԱՎՈՏՀ. Գ. Ցավոք, մեր ընթերցողներից ոչ ոք այս հարցաշարին ամբողջությամբ ճիշտ պատասխան չէր տվել (ինչպես եւ սպասում էինք): Եղած պատասխանների միջից ընտրել ենք 2-ը, որոնց հեղինակները համեմատաբար շատ հարցերի էին ճիշտ պատասխանել: Գեւորգ Գույումջյանին եւ Արտակ Զաքարյանին այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 12.00-ից մինչեւ 16.00-ն հրավիրում ենք «Առավոտի» խմբագրություն՝ իրենց հրավիրատոմսերը ստանալու: Շնորհակալություն մնացած բոլոր մասնակիցներին եւ «Առավոտի» հոբելյանը շնորհավորող մեր բոլոր ընթերցողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել