Լրահոս
Օրվա լրահոսը

Անմեղսունակության կանխավարկածը

Հուլիս 30,2004 00:00

«Ահա Նա խփեց քարին, եւ հոսեցին ջրեր, եւ հորդեցին առուներ…»։

ՍԱՂՄՈՍ 77/20

Դուք որեւէ մեղավոր ճանաչո՞ւմ եք։ Չկա հերթական զոհը՝ չկա խնդիրը։ Կարելի է անգամ մոռանալ, որ ապրելու հրամայական կա։ Կարելի է նաեւ ապշահար հետեւել սեփական սպասումին։ Ընտրությունը դժվարությամբ է տրվում, սպասումը մնում՝ ռոմանտիկ։ Գուցեեւ ռուսական ռուլետկայի հայկական ձեւն է դա՝ ձգձգված, դանդաղ, տանջահար՝ ինչպես 5 հազարամյա պատմությունը։ Իսկ դատախազն իր միջնորդությամբ ուշանում է։ Թեկուզ ի՞նչ մի մեծ բան է որ՝ ընդամենը մի քանի գրչի հարված ընտրական օրենսգրքին, ո՛չ հարգանք է, ո՛չ զանցանք, գումարած խմբակային գործողությանը մասնակցածների անմեղսունակության կանխավարկածը (չխառնենք «անմեղության կանխավարկածի» հետ)։

Վազգեն Մանուկյանը ճիշտ է ասում. այս անգամ ճաղերը կոտրելով բանը չի վերջանալու։ Սովորաբար, իշխանությունը շահագրգռված է լինում զանգվածների ներսում բորբոքվող կրքերը մարելու գործում։ Իսկ մեզ մոտ չեղած տեղից կրքեր են բորբոքում։ Գոնե ներողություն է պետք խնդրել, դիմել այս բազմաչարչար ժողովրդին, հավաստիացնել, որ նախադեպը չի կրկնվի, որ տարրական օրինականությանը երաշխավոր քաղաքական ղեկավարություն կա, որ այս վարչակարգը, գոնե մասամբ, նաեւ հայրենի ակունքներ ունի։ Փոխարենը, իրենց Տեւտոնական օրդենի ասպետի տեղ են դրել, հասարակությանն էլ չուխոնցի գեղջուկների եւ մնում է միայն «առաջին գիշերվա» ֆեոդալական իրավունքը վերականգնել, առավել եւս, որ համոզված են, թե տղամարդիկ իսպառ բացակայում են։

Խոսում ենք պարզ եւ հնարավորին չափ մատչելի։ Լիբերալներն իրենց անվտանգությունն ապահովեցին, համենայնդեպս, նրանց այն հատվածը, որը կլոր սեղանի շուրջ նստած արդարացիորեն պատրաստվում է բոյկոտել ընտրությունները։ Որքան էլ որ դա հակասում է համապետական շահերին, մեղադրել չես կարող, որովհետեւ հասուն մարդիկ են եւ այսպես բիրտ ու անշնորհք կազմակերպվող ֆարսի չեն գնա։ «Բոյկոտում են՝ ջհանդամին բոյկոտեն» տարբերակը չի աշխատելու։ Բացառապես կարմրադարչնագույն խորհրդարանի երազը սկիզբն է վերջի։ Կարեն Սերոբիչի գործոնը շահարկելու միջոցով հարցերը լուծելու միտքը եւս պետք է թողնել։ Դեմիրճյանը հին ոսկոր է եւ համագումարում ապացուցեց, որ լուրջ խաղացող է, ոչ թե խաղարկման ենթակա։ Ավելին, նա թեեւ հպանցիկ, բայց քաղաքական ճգնաժամի հաղթահարման առաջին տրամաբանական առաջարկությունն արեց՝ հրամանագրով, օրենքով, ինչպես կուզեք, ընտրական հանձնաժողովները պետք է հիմնականում կազմվեն ընդդիմության ներկայացուցիչներից։

Հայավարի հարցերը լուծելու հերթական քայլը կարելի էր նաեւ արհամարհել, եթե գործողությունը անմիջապես չհետեւեր պաշտպանության նախարարի ելույթին, ուր նա ողջախոհության եւ զինադադարի կոչ արեց։ Կասկածից վեր է, որ սադրանքն ուղղված էր հանրապետությունում հասարակական համաձայնության եզրեր գտնելու առողջ մտածողության դեմ։ Սադրանքը նաեւ ուղղված էր անմիջականորեն պաշտպանության նախարարի դեմ, որն այսօր ամենահակասական զգացմունքներն է ապրում։ Գոնե հասկանո՞ւմ են պարոնայք, թե ինչի են դրդում զինվորականությանը եւ ուր են տանում երկիրը։ Ազգային շահը գիտակցող բոլոր քաղաքական գործիչներից եւ ուժերից առավելագույն ողջախոհություն է պահանջվում, որպեսզի Վազգեն Սարգսյանի նախաձեռնությունների հետեւողական տապալմամբ վերջակետ չդրվի ՇԱՐԺՄԱՆ վրա։ ՇԱՐԺՈՒՄԸ պետականությունն է, անկախությունը, ազատագրված Լեռնային Ղարաբաղը, ազգային անվտանգության գլխավոր երաշխիքը, եւ ՇԱՐԺՈՒՄԸ կարմրադարչնագույն աղետից անհրաժեշտ է պաշտպանել հնարավոր բոլոր միջոցներով։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի 21-րդ դարի սկիզբը եւս նշանավորվի «ինքնապաշտպանության» արյան բաղնիքներով։ Իսկ

ՇԱՐԺՄԱՆ պարտությունը դա է գուժում։

Նկատի ունենանք, որ զինվորականությունը բարձունքի վրա գտնվեց եւ դիմակայության չգնաց։ Նույնիսկ հայտնի ողբերգական իրադարձություններից հետո։ Դա, իհարկե, ո՛չ նրանց, ո՛չ երկիրը եւ ո՛չ էլ հասարակությանը չի ազատում 1998 թ. փետրվարյան խարանից, բայց ընդգծում է, որ հաջորդ «աղմկարար սպանության» զոհի, երկրում ներքին արնաթողության ողջ պատասխանատվությունը այլեւս նրանցն է, ով եսակենտրոն բախտախնդրությունն ընտրել է իբրեւ ուղիղ ճանապարհ։ «Քամի ցանողը հողմ կհնձի», ուստի ոմանք իրենց անձը, ինքնահավանությունն ու ամենակարողության պատրանքը լրջորեն վերարժեւորելու կարիքն ունեն։ Եթե ամենամոտ օրերս բարձրագույն ատյանից մեղայական չհնչի, եթե, տեւտոնական կեցվածքից հրաժարված, իշխանությունը չընդունի իր ոչ այնքան պարկեշտ կեցվածքի մեղքը հայ հասարակության առջեւ, եթե չդիմի քաղաքական ընդդիմությանը՝ իրավահավասար հիմքի վրա ազգային համաձայնություն ձեռք բերելու որակապես նոր փորձ կատարելու առաջարկով, ապա «Սպայի տնից» հաջորդ հուղարկավորության ընթացքը խիստ կանխատեսելի է լինելու։

«Զոհ չեմ ուզում ես, այլ ողորմածություն»՝ սա է մեզ կտակել մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը։ Բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանի քաղաքական-իշխանական դաշտը լուրջ վերադասավորման կարիք ունի, բայց դրա դիմաց ոչ միայն արյուն, այլեւ հայաստանցի մանչուկի մի կաթիլ արցունքն անգամ չարժե տալ։

ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոռտ», 10.03.1999 թ.Աննշան կրճատումներով այս հոդվածը
վերջինն էր Տիգրան Հայրապետյանի առեղծվածային մահից առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել