Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է»

Հուլիս 30,2004 00:00

Հարցազրույց
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ
– Արդյոք ինչ-ինչ հանդիպումներ եւ պայմանավորվածություններ լինո՞ւմ են ամառվա ընթացքում։ Դաշինքից ու «ԱՄ»-ից դուրս ուրիշ ո՞ր քաղաքական ուժերի հետ են տեղի ունենում կոնսուլտացիաներ։

– Եթե կարճ ասեմ, պիտի ասեմ, որ առերեւույթ անդորրը այսբերգի միայն վերեւի մասն է, որը առերեւույթ եւս անդորր չէ, եւ որոշակի գործընթացներ հասարակության համար տեսանելի են՝ այցելություններ, հանդիպումներ, որոշ քաղաքական ուժերի հետ շփումներ, հարցազրույցներ։ Այսբերգի ներքին մասը շատ խորն է եւ նմանվում է հրաբուխի խառնարանի, որտեղ ռեալ եւ չափազանց ագրեսիվ ընդհարումներ ու ճնշումներ են տեղի ունենում։ Ընդդիմադիր դաշտում այս գործընթացներն ավելի հարթ են ընթանում, քան իշխանական դաշտում։ Ընդդիմադիր դաշտը ձգտում է պայքարն ավելի ընդլայնված եւ ավելի համաժողովրդական կազմակերպել։ Այս ուղղությամբ էլ մենք աշխատում ենք։ Իհարկե, աշխատում ենք նաեւ արտաքին քաղաքականության ուղղությամբ։ Ճշտումներ են կատարվում ԼՂ հիմնահարցի, ներքաղաքական կյանքի, նաեւ՝ ժողովրդավարության հասնելու ուղիների վերաբերյալ։ Այս ընթացքում ինքս բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ՀՀ-ում գործող հիմնականում եվրոպական դեսպանների հետ։ Բազմաթիվ հանդիպումներ են նախատեսված նաեւ մոտ օրերս։ Ի դեպ, ԱՄՆ-ից եկած գործիչների մի մեծ խմբի հետ օրերս հանդիպեցինք ես, Վազգեն Մանուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը (խոսքը հայտնի փորձագետ Բրյուս Ջոնսոնի ղեկավարած պատվիրակության մասին է – խմբ.)։ Բավականին արդյունավետ եւ բարձր մակարդակի հանդիպում էր։ Գիտեք նաեւ, որ ԱՄՆ-ում է գտնվում Ստեփան Դեմիրճյանը։ Եվ գիտեք, թե ինչպիսի բարձր ընդունելության է արժանացել նա այնտեղ։ Համոզված եմ՝ այդ այցելությունը կլինի շատ արդյունավետ։ Իշխանական լրատվամիջոցները այդ այցը չեն մեկնաբանում, որովհետեւ իրենց ձեռնտու չէ այդ մեկնաբանությունը։ Ընդդիմության քայլերը տեղի են ունենում հստակ ծրագրավորված ընթացքով, եւ արդյունքները սպասելիքից ավելին են։ Ընդդիմադիր դաշտի ընդլայնման նախապատրաստական աշխատանքները կարելի է համարել ավարտված, որոշ ճշտման կարիք ունեցող հարցեր կան պարզապես։ Երեք հիմնական հարցի ընդդիմությունը դեռ պիտի պատասխանի։ Առաջին հարցին արդեն տեսականորեն ընդդիմությունը պատասխանել է՝ ինչպիսի Հայաստանը ինչպիսի Հայաստանով է փոխելու։ Մենք ասում ենք, որ լինելու է ժողովրդավարական Հայաստան՝ ժողովրդի կողմից ձեւավորված իշխանությամբ։ Հաջորդը բավականին դժվար պատասխանվող հարց է, բայց ընդդիմությունը պիտի պատասխանի հասարակությանը՝ ում ումով է փոխարինում։ Կարծում եմ՝ ժամանակն է կոնկրետացնել, թե Քոչարյանից հետո ո՞վ է լինելու։ Մեկ անգամ ասել եմ, որ չենք պատրաստվում որոշումներ կայացնել ժողովրդի թիկունքում։ Ժողովուրդն ինքը պիտի որոշի, թե ո՞ւմ է նախընտրում։ Քանի որ անհրաժեշտություն եւ պահանջ կա ներկայացնել, թե ով ումով է փոխարինվելու, կարծում եմ՝ լավագույն տարբերակը կլինի հետեւյալը՝ ներկայանալ ոչ միայն «ումով», այլեւ «ովքերով», այսինքն՝ ներկայանալ թիմով։ Ժողովուրդը պետք է իմանա, թե ովքեր են գալիս Քոչարյանին փոխարինելու։ Ես չեմ խոսում ստվերային կաբինետի մասին. ուղղակի տվյալ գործիչները ընդհանուր համաձայնության են գալիս, որ ցանկացածի հաղթանակի դեպքում իրենք մասնակցելու են երկրի վերակերտման գործընթացին։ Այսինքն՝ կգործի մոտավորապես այն մոդելը, որ այսօր կա Միացյալ Նահանգներում։ Հաջորդ կարեւոր հարցը ժամկետն է։ Ժողովուրդը պետք է իմանա, թե այդ փոփոխությունները ի՞նչ ժամկետում են տեղի ունենալու։ Սրանք հիմնական խնդիրներն են, որոնք ամենեւին բարդ խնդիրներ չեն, եւ փաստորեն, ե՛ւ տեսականորեն, ե՛ւ գործնականում այդ խնդիրները լուծված են։ Ամբողջ ընդդիմությունը ներգրավված է իշխանափոխության գործին, ընդդիմադիր որեւէ ուժ դուրս չի մնացել, ընդդիմադիր ցանկացած ուժ իր տեսակետն ասել է։

– Դուք ասացիք, թե այսբերգի չերեւացող կողմում ագրեսիվ ընդհարումներ ու ճնշումներ են տեղի ունենում իշխանական դաշտում։ Ի՞նչ նկատի ունեք, արդյո՞ք ակնարկում եք, թե աշնան սկզբին իշխանություններում ինչ-ինչ փոփոխություններ կլինեն։

– Այո, նկատի ունեմ նաեւ դա։ Ընդդիմությունը մեկ խնդիր է լուծում՝ իշխանափոխության խնդիրը։ Այս առումով ընդդիմադիր դաշտում գործընթացներն ավելի պարզ են։ Իշխանական թեւում տեղի է ունենում իշխանության վերաբաշխման, իշխանական խանդի, հնարավորությունների բաժան-բաժան անելու գործընթաց։ Այս առումով իշխանությունները չեն էլ ժխտում, որ կոալիցիան փլուզման եզրին է։ Կարծում եմ՝ հիշեցումը մեկ անգամ եւս ճիշտ կլինի. հանրապետականները ժամանակին հայտարարեցին, թե ընդդիմություն կդառնան, եթե մի քանի պաշտոններից զրկվեն։ ՕԵԿ-ը հայտարարեց, թե ԱԺ-ի լուծարման դեպքում իրենք էլ կմիանան անվստահություն հայտնելու գործընթաց սկսելուն։ Միայն դաշնակցությունն է, որ կապված է մնացել Ռ. Քոչարյանին, եւ պատահական չէ, որ այսօր ռեալ հնարավորություն է ուզում իշխանական բուրգում։ Այդ առումով իրենք որոշակի ճնշումներ են գործադրում Քոչարյանի վրա, որը ամբողջությամբ իրենցն է եւ իրենք են անկեղծ ձեւով սատարել Քոչարյանին։ Կոալիցիայի անդամ բոլոր ուժերն էլ ինձ հետ զրույցներում տեսականորեն հասկանում են, որ այսպես երկար շարունակել հնարավոր չէ։ Նույն կոալիցիայի անդամներից շատերը երբեմն հրաշալի մեկնաբանություններ են տալիս այս առումով, կարող եմ անուններ ասել՝ Ալվարդ Պետրոսյանից սկսած մինչեւ Տիգրան Թորոսյան։ Նրանք եւ էլի շատերը որոշակի խնդիրների հետ կապված շատ լուրջ մոտեցում են ցուցաբերում, որոնք եւս կիսում եմ։ Այս առումով պետք է ի վերջո հասկանալ, որ երկիրը իշխանության- ընդդիմության պայքար չէ, այլ երկրի բարեկեցության։ Իշխանական բուրգում կան մարդիկ, որոնք նախարարներ են, բայց՝ ի սկզբանե վարկաբեկված։ Եվ փոփոխությունների պահանջ դնելը, որոշակի առումով, ռեալ է։ Բայց ես խորապես կասկածում եմ, որ Ռ. Քոչարյանը կգնա դրան, որովհետեւ դա սոսկալի վտանգավոր է իր համար, որովհետեւ ինքը չափից ավելի թույլ է նման քայլ անելու համար։ Վստահ եմ՝ իր՝ տղամարդ լինելու ցանկությունը այս դեպքում չի կիրառելու մի պարզ պատճառով՝ վախենալու է իր սեփական բուրգի փլուզումից։ Գզվռտոց կլինի, իրարից կնեղանան, իրար վրա ուղղորդված կհարձակվեն։ Ի՞նչ է նշանակում, երբ Գալուստ Սահակյանը հայտարարում է՝ իհարկե, կոալիցիան ամուսնական կապ չէ, բայց կոալիցիայի լուծարումը շատ ծանր կլինի երկրի համար։ Ո՞ւմ է վախեցնում դրանով։ Ընդդիմությա՞նը՝ ոչ, Քոչարյանին է վախեցնում։ Դրանով Քոչարյանին ուղղակի ասվում է՝ չփորձես դաշնակների պահանջները կատարել։ Պետք չէ անտեսել նաեւ Սերժ Սարգսյանի շահերը, որովհետեւ առաջարկվող փոփոխությունների ցանկը ուղղակիորեն թուլացնում է Սերժ Սարգսյանին։ Հստակ։ Կոալիցիոն դաշտում պարզ շախմատային խաղ է՝ ով ինչ ֆիգուրա է։ Ո՞վ է «նավակը», ո՞վ է «թագուհին» եւ ո՞վ է «պեշկան»։ Լուրջ խնդիր է առաջացել հենց կոալիցիայի ներսում։ Իրենք մտածում են՝ լավ, ենթադրենք աշնանն էլ ընդդիմությանը չհաջողվեց, երեք տարին շատ կարճ ժամանակ է եւ կթռչի մեկ օրվա նման, որովհետեւ իրենք խրախճանքների մեջ են։ Եվ իրենք էլ հասկանալով, որ երեք տարին շատ կարճ ժամանակ է, դրանից անհանգստացած՝ այսօրվանից «թագավորի» փնտրտուքի մեջ են։

Արամ Սարգսյանի մոտեցումները ղարաբաղյան հիմնահարցին՝ հաջորդիվ:
Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել