Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱՌՈՂՋ «ՅՈՒՐՄԱԼԱ»

Հուլիս 29,2004 00:00

ԱՆԱՌՈՂՋ «ՅՈՒՐՄԱԼԱ» Երեկ Յուրմալայի «Ձինտարի» համերգային սրահում մեկնարկեց «Նովայա վոլնա» երիտասարդ կատարողների երրորդ միջազգային մրցույթը, որին կմասնակցի նաեւ «Հայեր» վոկալ քառյակը Հայաստանից: Մրցույթի ինտերնետային էջից տեղեկացանք, որ Յուրմալայում մթնոլորտը շիկացած է։ OPT-ի եւ «ԸՀհՏՎ»-ի տարաձայնությունների արդյունքում Ռուսաստանի հեռուստադիտողները կզրկվեն մրցույթի ուղիղ հեռարձակումը դիտելուց։ Ավելին, Լատվիայի արտգործնախարարությունը հրաժարվել է անվճար մուտքի վիզա տրամադրել մրցույթի ռուս կազմակերպիչներին, տեխնիկական անձնակազմին, ուղեկցողներին (մոտ 800 հոգի)։ Մրցույթի կազմակերպիչներից մեկի՝ Ռայմոնդ Պաուլսի խոսքերով. «Մշտական սկանդալները «Նովայա վոլնայի» շուրջ ինձ ստիպում են հեռանալ մրցույթից»։ Երեկ հեռախոսով կապվեցինք «Հայերի» պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի հետ։ Նա ասաց. «Այստեղի մամուլը ինչ ասես չի գրում՝ կապված մրցույթի հետ։ Կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող, նույնիսկ չեմ հասցրել հետաքրքրվել ժյուրիի կազմով։ Քնում ենք ընդամենը 3-4 ժամ, փորձերն անցկացվում են ամենայն խստությամբ։ Հայերիս վերաբերվում են շատ լավ, անգամ մեր քառյակը «վերանվանել» են «Չորս կովկասյան արքայադուստրեր»։ Ըստ ինտերնետային հարցումների, այսօրվա դրությամբ «Հայերը» առաջին տեղում են՝ 644 ձայնով, իսկ երկրորդ տեղում Իրինա Դուբցովան է՝ 124 ձայնով։ Խոստանում եմ, առաջին փուլից հետո (հուլիսի 29-ին) «Առավոտին» մանրամասներ հայտնել»։ Մեր հարցին՝ «Ո՞րն է ստեղծված անառողջ մթնոլորտի պատճառը», Ն. Սարգսյանը անկեղծ պատասխանեց. «Մրցույթի հեղինակությունը, վարկանիշը այնքան բարձր է, որ արտերկրից մարդկանց հոսքը Յուրմալա ժամառժամ է ավելանում եւ շատ խելք չի պահանջվում՝ գալ հետեւյալ եզրակացության. ուղիղ հեռարձակում չլինելու պատճառով երկրպագուների հոսքը էլ ավելի կմեծանա, տոմսերը էլ ավելի թանկ կվաճառվեն եւ, վերջապես, մրցույթի տեսաժապավենը Ռուսաստանին կվաճառվի էլ ավելի թանկ գնով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել