Սպառնալիքները լրջանում են Երեքշաբթի Ադրբեջանի արտգործնախարարությունում կայացած արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տարեկան ժողովում, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, թե դրա կարգավորման ուղղությամբ արտասահմանում աշխատող դիվանագետներն այսուհետ պետք է էլ ավելի ակտիվ լինեն: Ալիեւը դարձյալ ընդգծել է պաշտոնական Բաքվի նվիրվածությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միաժամանակ հայտարարելով, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր հողերի կորստյան հետ: «Եթե բանակցությունների ուղին անպտուղ լինի, Ադրբեջանը կազատագրի իր հողերը՝ օգտագործելով բոլոր մնացած, այդ թվում՝ ռազմական ուղին»,- հայտարարել է Ալիեւը: Նա ընդգծել է, թե Ադրբեջանը պետք է տեղեկատվական հարձակման անցնի ղարաբաղյան խնդրի ուղղությամբ: «Երբեմն մեզ կշտամբում են ավելորդ համառության մեջ: Հնարավոր է, սակայն մեր համառությունը առայժմ արտահայտվում է միայն տեղեկատվական ոլորտում: Այլ ճանապարհ մենք չունենք»,- ասել է Ալիեւը: Ադրբեջանի նախագահի՝ այս անգամ արդեն ոչ այնքան «շարքային» սպառնալիքին արդեն իսկ արձագանքել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Համլետ Գասպարյանը, որի խոսքերը մեջբերում ենք ամբողջությամբ. «Եթե սա լիներ սովորական հրապարակային ելույթ, որ հաճախ Ադրբեջանի նախագահն անում է ներքին օգտագործման համար, գուցեեւ չարժեր արձագանքել: Բայց այս անգամ նա հարցը նման ձեւով դնում է իր դեսպանների առջեւ, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Սա եւս մեկ անգամ վկայում է, որ իրականում Ադրբեջանի մոտ ցանկություն չկա Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով, եւ հույսը դնում է ուժային լուծման վրա: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցի ուժային լուծման որեւէ փորձի դեպքում հետեւանքները աղետալի կլինեն ողջ տարածաշրջանի, առաջին հերթին՝ Ադրբեջանի համար»: