Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԷՐ ՓՐԿԵԼ ՄՈՐ ԿՅԱՆՔԸ

Հուլիս 29,2004 00:00

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԷՐ ՓՐԿԵԼ ՄՈՐ ԿՅԱՆՔԸ Ծննդաբերությունը երեխայի ծնվելով չի ավարտվում Ճանաչված իրավաբան, պահեստի գնդապետ Հայկազ Գրիգորյանի դուստրը՝ 33-ամյա Անուշ Գրիգորյանը Հանրապետական մանկաբարձական եւ գինեկոլոգիայի կենտրոնում ծննդաբերելուց հետո մահացավ։ Հնարավո՞ր էր կանխել այդ ցավալի մահը։ Տուժողի իրավահաջորդը կարծում է՝ այո։ 41 էջից բաղկացած փաստաթղթում հիմնավորվում են թե բժիշկների մեղքը, թե հետագայում Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազության ու այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացրած մարմնի գիտակցված անգործունեությունը ու դիտավորյալ գործողությունները։ 2003թ. մարտի 13-ին, ժամը 9-ին Անուշն ընդունվել է ծննդատուն (կենտրոնի բժիշկ Արմեն Բլբուլյանի մոտ), որտեղ հայտնել են, որ 6-7 ժամից կազատվի։ Նույն օրը ժամը 17-ին տրված հիվանդության պատմության համաձայն, ծննդկանի վիճակը եղել է նորմալ: Ժամը 18.10-ին նորմալ բիոմեխանիզմով ազատվել է. աղջիկ է ունեցել։ Ծննդաբերությունն ավարտվել է հաջող։ Չանցած մի քանի րոպե, ըստ Հ. Գրիգորյանի մեզ տրամադրած բժշկական փաստաթղթի՝ «առանց որեւէ պատճառի հիվանդի վիճակը կտրուկ վատացավ, առաջացավ հեւոց, պուլսը՝ թելանման, գիտակցությունը մթագնած, զարկերակային ճնշումը՝ 20/0 մմ ս.ս.։ Որից հետո սկսվել է անկառավարելի արնահոսություն, հիվանդը տեղափոխվել է վիրահատարան», որտեղ մահացավ արյան կորստից: Մասնագետները, որոնց հետ զրուցել է Հ. Գրիգորյանը, պնդում են, որ բժիշկները չեն տեսել արնահոսության օջախ հանդիսացած ներքին պատռվածքը, որը դարձել է մահվան պատճառ եւ թաքցվել է, չի նկարագրվել հիվանդության պատմության մեջ։ Ըստ տուժողի իրավահաջորդի, գինեկոլոգ-բժիշկը տեսնելով, որ արնահոսությունը չի դադարում, կատարել է արգանդի ամպուտացիա, նոր անցել է արգանդի ամբողջական հեռացման։ Տուժողի իրավահաջորդը վստահ է, որ ծննդկանին մինչեւ ծննդաբերելը թողել են անօգնական վիճակում՝ նախօրոք արյան փոխարինիչներ չունենալով, իսկ գինեկոլոգ Բլբուլյանը զբաղված է եղել մեկ այլ կեսարյան վիրահատությամբ։ Հիվանդության պատմության մեջ արնահոսությունը սկսվելուց 10 րոպե հետո նկարագրվում է արյան էլեմենտների փոխներարկումը, որը 3 էտապով բերվել է տուժողների կողմից՝ «Վիոլա» կենտրոնից եւ Նորքի զանգվածից։ Ամենասեղմ հաշվարկներով, 40 րոպե հետո էր հնարավոր պլազմայի եւ էրմասսայի փոխներարկում կատարելը, «Վիոլա» գնալ-գալը, այնտեղ հաշվառելը, բաց թողնելը, տաքսի կանչելը, հիվանդանոց հասցնելը՝ 20 րոպե։ Հալեցնել-տաքացնելը՝ 10 րոպե, համատեղելիության փորձ դնելը՝ 10 րոպե (պիտակներում եւ կնիքներում նշված է համատեղելիության մասին)։ Այն, որ բժիշկներն ասել էին, թե 10 րոպե հետո է փոխներարկում կատարվել, տուժողի իրավահաջորդը բացառում է։ Հանրապետական ծննդատանը, որտեղ ամեն օր մարզերից ծննդկաններ են ընդունում, ինչպե՞ս է, որ գոնե արտակարգ դեպքերի համար մեկ պակետ արյան պլազմա, էրմասսա կամ թարմ դոնորական արյուն չկա։ Սա հարցերի հարցն է, որ մինչեւ վերջ մնացել է անպատասխան։ Այնպես որ, խոսել ներերակային, կաթիլային օգնության մասին՝ բացառվում է։ Հ. Գրիգորյանը գտնում է, որ կան հակասություններ ծննդկանի նախնական զննման եւ ծննդաբերության վարման նկարագրության միջեւ։ Մի դեպքում նշվել է «նորմալ ծննդաբերական ուղիների» մասին, մյուս դեպքում՝ «բարձր շեքի» առկայության մասին։ Մինչեւ ծննդաբերությունը հեմոգլոբինի առկայությունը արյան մեջ եղել է 108գ/լ, ապա՝ 75գ/լ։ Հետաքրքիր է, թե նման պայմաններում գինեկոլոգը ինչպե՞ս է հանգիստ խղճով նստել եւ սպասել ծննդաբերությանը։ Առհասարակ, տուժողի իրավահաջորդը գտնում է, որ ծնունդ ընդունող գինեկոլոգը պարտավոր էր ծննդկանի կողքին լինել ծննդաբերության ընթացքում եւ երեխայի ծնվելով չէ, որ ծննդաբերությունն ավարտվում է։ Երեխայի ծնվելու եւ ընկերքի անջատման միջեւ ընկած ժամանակահատվածը համարվում է ծննդաբերության ռիսկային փուլերից մեկը։ «Ընկերքը դեռ չէր անջատվել, ես գնացի երեխայի ռեանիմացիան հսկելու, բուժքույր Սուսաննան եկավ եւ հայտնեց՝ կինը արյուն ունի։ Իջա ծնարան, տեսա կինն իրոք արյուն ունի՝ «խիստ ջրիկ», առանց մակարդուկների»,- նախաքննության ժամանակ հայտնել էր գինեկոլոգ Բլբուլյանը։ «Ինչ վերաբերում է գինեկոլոգի կողմից ռեանիմացիոն գործողությունները անձամբ հսկելու հանգամանքին, ապա դա նույնն է, ինչ ռեանիմատոլոգը իրեն իրավունք վերապահի ծնունդ ընդունել կամ վիրահատություն կատարել»,- ասում է տուժողի իրավահաջորդը: Այսքանից հետո քրեական գործ հարուցվել է դեպքից 4 ամիս հետո, որի վարույթը կարճվել է։ Հ. Գրիգորյանը փորձել է ծանոթանալ գործի նյութերին, փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը՝ թույլ չեն տվել։ Գինեկոլոգ Արմեն Բլբուլյանի եւ անեսթեզիոլոգ Կարինե Պետրոսյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել եւ քրհետապնդումը դադարեցվել է՝ քրեական գործի նախաքննության ժամկետը չլրացած։ Ուշադրության արժանի է նաեւ այն, որ նոյեմբերին հորը ճանաչել են տուժողի իրավահաջորդ։ Սակայն փաստն այն է, որ դեպքից հետո հանգուցյալի հայրը զրկված է եղել փորձաքննության որոշմանը ծանոթանալու, հարցեր առաջադրելու հնարավորությունից, փաստորեն որդեկորույս հորը զրկել են օրենքով չարգելված բոլոր միջոցներով իր իրավունքները պաշտպանելու սահմանադրական իրավունքից: Երեկ «Առավոտին» տուժողի իրավահաջորդը հայտնեց, որ ինքը պահանջում է քրեական գործ հարուցել ոչ միայն բժիշկների, փորձագետների, այլ նաեւ նախաքննությունն իրականացրած մարմնի դեմ։ Նա պահանջում է նաեւ այս գործի քննությունն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ բաժին, «որպեսզի վերանա լրացուցիչ դիմումներ գրելու եւ Եվրոդատարանի անհրաժեշտությունը»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Պատրաստակամ ենք տպագրել նաեւ հակառակ կողմի կարծիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել