Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նման համայնքապետեր մեզ պետք չեն»

Հուլիս 29,2004 00:00

«Նման համայնքապետեր մեզ պետք չեն» Երեկ Շիրակի մարզխորհրդի հերթական նիստի ժամանակ մարզպետ Ռոմիկ Մանուկյանը այդպես «շշպռեց» բյուջեի կատարման զրոյականից մի փոքր բարձր ցուցանիշ ներկայացրած համայնքապետերին: Նիստը կարծես թե հատուկ հրավիրված էր վերջիններիս մեկ անգամ եւս նախազգուշացնելու, որ դողան իրենց պաշտոնների վրա: Ճիշտ է՝ օրակարգում մի քանի խնդիրներ էին՝ գյուղատնտեսական, տրանսպորտային, սակայն մարզպետին ավելի շատ հետաքրքրում էր բյուջեների սեփական եկամուտների կատարումը: Մարզպետը սկզբիցեւեթ մյուսների համար որպես կարկառուն օրինակ մեջբերեց Սարյարի գյուղապետին, որը հեռացել է իր կամքով՝ սեփական դիմումի համաձայն: Ռոմիկ Մանուկյանը համայնքապետերի համար բավականին մատչելի բացատրեց, որ այս տարբերակը շատ ավելի լավն է, քան իր կողմից կառավարություն ներկայացվող անվստահությունը: Մարզպետի առաջարկով որոշվեց 8-10 համայնքներում ուսումնասիրություններ կատարել ու պարզաբանել ցածր ցուցանիշի պատճառները: Չնայած նա ուներ իր հստակ մեկնաբանությունը. «Ինչպես տեսնում ենք, բնակիչը այսօր պատրաստ է վճարելու. կամ գումարը հավաքվում եւ գանձապետարան չի մտնում, կամ էլ ցանկություն չունեք աշխատելու ձեր ընտրազանգվածին չնեղացնելու համար»: Իմիջիայլոց, հիշյալ դիտողությունները որոշ համայնքապետերի ամենեւին էլ չէին հետաքրքրում: Նույնիսկ այն աստիճան, որ մարզպետը անվանական վիրավորանք հասցրեց Ղազանչիի գյուղապետին՝ ասելով. «Ցուցանիշդ զրո է՝ հերիք չի, մի բան էլ ժողովը մեղվի փեթակ եք դարձրել»: Ոչ պակաս նախատական էր տարածքային կառավարման վարչության պետ Կառլեն Աբրահամյանի ելույթը, որի ուղեղում այդպես էլ չէր տեղավորվում, թե ինչ է նշանակում զրոյական ցուցանիշ: «Հողը տրված է աճուրդով եւ, ինչպես հայտնի է, 10 տոկոսը պետք է մուծվեր հենց աճուրդի պահին, հողը տալիս ենք վարձով, բայց արդյունքում ունենք զրո, ինչպե՞ս է ստացվում, ու՞ր է այդ գումարը»,-հարց էր տալիս պետը: Նա նաեւ զայրացած էր համայնքապետերի ու առհասարակ համայնքապետարանի աշխատակիցների աշխատանքի հաճախումից: «Հասկանալի է, մի համայնքապետ՝ հազար ու մի հոգս, բայց աշխատակիցնե՞րը որտեղ են, գոնե հերթապահ կարգեք՝ օպերատիվ հարցերի համար»: Ի դեպ, սա առաջին մարզխորհրդի նիստն էր, որին մասնակցում էին ոստիկանության, դատախազության եւ ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչներ: Այսուհետեւ, ըստ մարզպետի, նիստերն առանց նրանց չեն լինելու: Մարզխորհրդի նիստում հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել են Կրասարի, Արփենիի, Բագրավանի եւ Բավրայի համայնքապետերը: Իսկ թե ինչու՝ այս մասին բացարձակապես չխոսվեց: Սակայն կարելի էր ենթադրել, որ պատճառը կամ հարկ ու տուրք հավաքել չկարողանալն է, կամ էլ ցանկություն չունենալը: Բյուջեի կատարողականի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Փանիկում, իսկ ամենացածրը՝ Աշոցքում: Քննարկվող հաջորդ թեման շատ ավելի տխուր էր եւ մեղավորներ փնտրել հնարավոր չէր: Հուլիսին Շիրակի մարզում տեղացած կարկուտները գրեթե «շարքից հանել են» 5-6 գյուղ: Գյուղապետերին հետաքրքրում էր՝ արդյոք փոխհատուցում կլինի՞: Թեեւ մարզպետը խոստացավ բոլոր հնարավոր միջոցներով հարցը լուծել, սակայն գյուղապետերից շատերը, նկատի ունենալով իրենց կրած վնասի ահռելի չափերը, այդպես էլ չհավատացին: Չնայած մարզպետարանի պաշտոնյաները, օրինակ՝ մարզպետը, գյուղվարչության պետը առարկություններ լսելու ցանկություն ամենեւին էլ չունեին: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել