Այսօր նման որակումը, ըստ ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանի, պատմությունը խեղաթյուրելու փորձ է
«Առավոտի» հուլիսի 21-ի համարում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հանդես էր եկել «Երկրապահից մինչեւ թիկնապահ» վերտառությամբ մի հրապարակմամբ, որտեղ հեղինակի դիտարկմամբ, 1992-ից հետո ՀՀ իշխանությունները «… զգալով իրենց հեղինակության կտրուկ անկումը՝ իշխանությունը պահելու համար ձեռնամուխ եղան ուժային կառույցները ոչ թե պետական, այլ իշխանության հենարան դարձնելու գործին: Եթե այս խնդիրը հաջողությամբ լուծեցին, թերեւս, դա նրանց քիչ թվաց, եւ 1993թ. Վազգեն Սարգսյանը ստեղծեց, ըստ էության, անօրինական զինված կազմավորում, այսպես կոչված՝ Երկրապահ կամավորական միությունը՝ իր մարզային ստորաբաժանումներով»: Ու թեեւ այն հռչակվեց որպես պատերազմի վետերանների սոցիալական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություն, այդուհանդերձ, Ա. Իշխանյանի կարծիքով, երկրապահները 1995-ից ի վեր ակտիվ մասնակցություն են ունեցել 1995-96թթ. ընտրությունները կեղծելուն, ապա՝ նաեւ 98 թ. իշխանափոխությանը: Հեղինակի համոզմամբ, Վ. Սարգսյանի սպանությունից հետո ԵԿՄ-ի գործոնը ներքաղաքական պրոցեսներում նվազեց, բայց որպես իշխանության հենարանի՝ նրան փոխարինելու եկան այլ անօրինական զինված կազմավորումներ՝ թիկնապահների ինստիտուտի տեսքով:
Ահավասիկ հիշյալ հրապարակմանը վրդովմունքով արձագանքեց «Վեդի Ալկո» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանը: «Նախ, չարժե պատմությունը խեղաթյուրել, քանի որ այն իրողություններից, որոնց մասին ակնարկում է Ա. Իշխանյանը, այնքան էլ երկար ժամանակ չի անցել. ընդամենը 10-12 տարի: Իսկ «երկրապահ» ջոկատներն էլ ոչ թե անօրինական զինված խմբավորումներ էին, այլ՝ ավելի շատ սահմանապահ ջոկատներ, որոնք իրենց պարտքն էին կատարում՝ պաշտպանելով մեր Հայրենիքի սահմանները: Վազգեն Սարգսյանը այդ ջոկատները 93-ին հնարավորինս համախմբեց երկրապահի գաղափարի շուրջ կամ ԵԿՄ-ի դրոշի ներքո: Դրանով նա նաեւ մեծ ավանդ ունեցավ, որպեսզի արցախյան ազատամարտի վետերանները Հայաստանում չբախվեն այնպիսի պրոբլեմի հետ, ինչպիսին էր ԱՄՆ-ում՝ «վիետնամական», նախկին ԽՍՀՄ-ում՝ «աֆղանական» սինդրոմը: Վ. Սարգսյանի այդ քայլի շնորհիվ Երկրապահը մնաց որպես երկրապահ»,- մեր զրույցի ժամանակ ասաց պարոն Ղազարյանը:
Վերջինիս տպավորությամբ, հրապարակման հեղինակի «սահուն անցումը երկրապահից թիկնապահներին արհեստական էր». «Դա ընդհանրապես համատեքստից դուրս էր եւ պատմությունն աղավաղելու փորձ: Պետք չէ նման մոտեցում ունենալ մի հասարակական կազմակերպության նկատմամբ, որը որեւէ առնչություն չունի թիկնապահների հետ, որը բացի լավից՝ որեւէ վատ բան չի արել այս երկրի համար»:
Ի դեպ, հիշյալ հրապարակումից հետո դրա առնչությամբ ԵԿՄ շատ անդամներ էին իրենց, բնականաբար, բացասական կարծիքը հայտնել, բայց բանավոր զրույցներում՝ առանց պահանջելու այն որպես հակադիր կարծիք հրապարակել: Ուստի, թերեւս, անսպասելի էր, որ ԵԿՄ պաշտոնական կամ ոչ պաշտոնական պատասխանի փոխարեն այս առիթով հանդես եկավ գործարար պատգամավորը: «Ես շարքային երկրապահ եմ: Մեզ անօրինական զինված ջոկատներ անվանում էին խորհրդային տարիներին, բայց այն, որ հիմա է նման որակում տրվում՝ ինձ համար անընդունելի է: Զինված ջոկատներ կային 1989 թ. սկսած՝ մինչեւ ԵԿՄ-ի ձեւավորումը, եւ դրանցից յուրաքանչյուրը մարտական ուղի է անցել՝ պաշտպանելով ՀՀ սահմաններն ու կռվելով Արցախում: Լավ կլիներ, որ մարդիկ նախ ծանոթանային դրանց պատմությանը»,- հավելեց Մ. Ղազարյանը:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Հարգարժան պատգամավորին հիշեցնենք, որ Ավետիք Իշխանյանի հոդվածը երկրապահների (1994-1999 թթ.) եւ թիկնապահների (առայսօր) անօրինական գործունեության մասին է Հայաստանում՝ ընտրակեղծիքներ, ջարդարարություն, բռնություններ եւ այլն։