Եղվարդի
բնակիչների հետ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի երեկվա հանդիպումը լավ էր
կազմակերպված։
Թերեւս «սցենարից դուրս» էր միայն ԱԺ նախագահին իր տուն հրավիրող մի ծերուկ, որին շատ արագ հրելով հեռացրին դահլիճից։ Հատուկենտ հարցերի հեղինակները որպես պարտադիր նախաբան գովում էին ԱԺ նախագահին։ Մեկը շտապօգնության մեքենա խնդրեց, մյուսները՝ խաղահրապարակ, ցորեն, տեղեկատվության միջոցներ եւ այլն։ Ա. Բաղդասարյանը ոչ մեկին չմերժեց, տվեց համապատասխան հանձնաժողովների հեռախոսահամարները։ Հանդիպման հենց սկզբից Եղվարդի պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանը եւ իր օրինացերկրացի կուսակիցները ձայնում էին ինչ-որ մեկին՝ «Սաքո, հարցդ տուր»։ Բայց «Սաքոն» հասկացնում էր, որ դեռ ժամանակը չէ։ Իսկ երբ վերջապես հարցրեց, թե ԱԺ նախագահն ինչպես է վերաբերվում պատգամավորության հիշյալ թեկնածուին ու ստացավ դրական պատասխան՝ ասաց. «Այ, էդ էինք ուզում լսել»։ Բնական է, որ իր նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրերից ԱԺ նախագահից ստացած «դաբրոն» բարձրացնում է թեկնածուի շանսերը։ Պատահական չէ նաեւ, որ Արտակ Սարգսյանը Ա. Բաղդասարյանի շքախմբում մնաց մինչեւ այցելությունների վերջին կետը։
Եղվարդից ԱԺ նախագահն ուղեւորվեց Չարենցավան՝ հանդիպելու «Հոլանի» հայ-իտալական համատեղ ձեռնարկության աշխատողների հետ։ Նա շրջեց ողջ շենքով, հարցուփորձ արեց աշխատավարձի եւ ճաշարանային «մենյուի» մասին։ Ի դեպ, արտադրամասերի դռներին փակցրած հայտարարությունը հուշում էր, որ սոցիալական քարտերի կիրառումն այս ձեռնարկությունում հին վերջնաժամկետով է՝ հուլիսի 1-ը, ոչ թե կառավարության ընդունած կարգի համաձայն՝ 2005-ի հունվարի 1-ը։
Վերջին հանգրվանը Ծաղկաձորն էր. այստեղ ավարտվում էր Համահայկական երիտասարդական համաժողովը եւ հանդիպումը համաժողովի մասնակիցների հետ էր։ Ինչպես Եղվարդում, այնպես էլ այստեղ Ա. Բաղդասարյանը խոսեց կրթական ոլորտի բարեփոխումների մասին, որոնք «շատ շատերի սրտովը չեն, քանի որ վերացնում են կաշառակերությունը այս ոլորտում»։ Խոսքը վերաբերում է մասնավորապես ընդունելության քննություններին՝ դրանք մոտ ապագայում ընկնելու են «օպտիմալացման» տակ, այսինքն՝ վերանալու են։ Ըստ ԱԺ նախագահի, պետպատվերով կսովորեն միայն խելոքները, կստանան կրթաթոշակ, ավարտելուց հետո էլ, ըստ վաղօրոք կնքած պայմանագրի՝ կաշխատեն պետությանն անհրաժեշտ տեղերում։ Ա. Բաղդասարյանը կարծում է, որ «փող ունեցողների ու պաշտոնյաների համար ամոթ կլինի, եթե իրենց երեխան սովորի կրթաթոշակով» եւ այդ դեպքում կհրաժարվեն անպայման պետպատվերի ցանկի մեջ իրենց երեխաներին «խցկելու» արատավոր մտայնությունից։ Գուցե։ Բայց ավելի շուտ նրանց կզսպի «բամբակի» մեջ մեծացրած իրենց բալիկին ստիպված հեռավոր գյուղերում աշխատելու հեռանկարը, թեպետ այստեղ էլ «պապաներն» իրենց իշխանությունը կօգտագործեն, կասկած չկա։ Կրթական բարեփոխումների մյուս դրույթով պետք է բացվեն բոլոր փակված արհեստակցական ուսումնարաններն ու նախադպրոցական հիմնարկները։ Ըստ էության, ճիշտ մոտեցում է: Բայց հիշյալ կրթօջախների նախկին տարածքներից որքա՞նն է պահպանվել ու այս տարիների ընթացքում չի վաճառվել։
Ինչ վերաբերում է երիտասարդների հարցերին, ապա դրանք բազմազան էին, նույնիսկ դոլարի փոխարժեքի տատանման մասին հարց եղավ։ Հարց տվողն այդ տատանումը վերագրեց մի քանի օլիգարխների մեքենայությանը, ինչը պետք է խստորեն դատապարտվի։ ԱԺ նախագահն ասաց, որ երեւույթին տրված տարբեր բացատրություններն իրեն չեն գոհացրել եւ Կենտրոնական բանկի հաշվետվության քննարկման ժամանակ այդ խնդրին կանդրադառնան։
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ