Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿՆԱԿԻ ԴԻՏԱՐԿՈ՞ՒՄ՝ ՕՔԵՅ

Հուլիս 29,2004 00:00

Պաշտոնական
տեսակետը ուղարկված է Ստրասբուրգ
Հունիսին ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ռոբերտ Քոչարյանը առաջարկեց Հայաստանում ԶԼՄ-ների մոնիտորինգ անցկացնել, ու եթե դրա արդյունքում պարզվի, որ ընդդիմությունը բավարար եթերաժամ է ստանում եւ լուսաբանվում, ապա ԵԽԽՎ համապատասխան բանաձեւերից պետք է հանվի «Ա1+»-ի հարցը։ Արդյոք եվրոպացիները ականջալո՞ւր են Ռոբերտ Քոչարյանի այս առաջարկին եւ պատրաստվո՞ւմ են դիտարկման խումբ ուղարկել Հայաստան։ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նախագահի այս առաջարկը նախ՝ գովելի համարեց եւ կարծիք հայտնեց, թե «սա երկրի կողմից կատարված լուրջ քայլ է, լրացուցիչ մոնիտորինգի տակ կամավոր մտնելու նախաձեռնություն»։ Ըստ Արմեն Ռուստամյանի՝ շատ էլ լավ կլինի, եթե նման դիտարկում անցկացվի. «Մենք էլ կիմանանք, թե ինչը պետք է շտկվի»։ Կարելի է կարծել՝ մինչ այժմ իշխանությունները անգիտության փուլում էին։ Սակայն գաղտնիք չէ, որ խոսքը ոչ այնքան խոսքի ազատության, որքան կոնկրետ «Ա1+»-ին կապուղուց ապօրինաբար զրկելու մասին է։ Արմեն Ռուստամյանը եւս գտնում է, որ. «Սրանք պետք է իրարից անջատել. եթե հաստատում ես, որ երկրում մամուլի ազատություն գոյություն չունի, նշանակում է՝ երկրում ժողովրդավարություն չկա։ Պետք է ծայրահեղ գնահատականներից զերծ մնալով հստակ հասկանալ, թե որն է խնդիրը։ «Ա1+»-ը եթե զրկվել է կամ չի ստացել իր եթերը, դա կոնկրետ ի՞նչ խախտումներով է կատարվել, ի՞նչն է պատճառը եւ ի՞նչ քայլեր են հարկավոր, որպեսզի այդ ամենը շտկվի»։

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ, «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը ամենեւին համաձայն չէ, թե Ռոբերտ Քոչարյանի առաջարկը «լուրջ քայլ է»։ Ըստ Շավարշ Քոչարյանի. «Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Արմեն Ռուստամյանը ուղղակի չեն հասկանում, թե ինչ է լրատվամիջոցը եւ ում համար է։ Այն հասարակության համար է եւ ոչ թե ընդդիմության։ Սա այնքան ակնհայտ է, որ այդպիսի պարզ ճշմարտությունները բացատրելը պարզապես անիմաստ է, քանի որ այսօրվա իշխանությունները բոլորովին այլ արժեքային համակարգով են ապրում»։

Սեպտեմբերի 15-ին Փարիզում տեղի ունենալիք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի այլ պարտավորությունների կատարման ընթացքի հետ միասին կքննարկվի նաեւ «Ա1+»-ի եւ Հայաստանում խոսքի ազատության հարցը։ Ընդհանրապես, սեպտեմբերից մինչեւ հոկտեմբերի սկիզբը Հայաստանի համար լինելու է պարտավորությունների կատարման մասին զեկույցի հերթական շրջան։ Հոկտեմբերի 4-8-ը Հայաստանի իշխանությունները ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ կզեկուցեն 1361 եւ 1374 բանաձեւերի կատարման ընթացքի մասին։ Հիշեցնենք, որ այստեղ ներառված է նաեւ 2003 թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապօրինություններ եւ կեղծիքներ կատարածներին պատասխանատվության ենթարկելու հարցը։ Պարզապես հետաքրքիր է, թե այս եւ մյուս հարցերի շուրջ ինչ զեկուցագիր կուղարկվի «պոլիտբյուրո»։ Ըստ Արմեն Ռուստամյանի՝ դա ոչ թե զեկուցագիր է, այլ իշխանությունների պաշտոնական տեսակետը. «Պրակտիկան ցույց է տալիս, որ երբ երկիրը պարտավորություններ է ստանձնում, լինում են դեպքեր, որ այս կամ այն պարտավորությունը լիարժեք չի կատարվում։ Սա դառնում է քննարկման առարկա։ Բայց մեկ-երկու պարտավորության չկատարման համար երբեք միանգամից չի դրվում երկրի անդամակցության կասեցման հարցը։ Գլխավորն այն է, որպեսզի պարզաբանվի, թե այդ չկատարումը ինչով է պայմանավորված, ինչ խնդիրներ կան դրա հիմքում»։

«Առավոտը» հետաքրքրվեց, թե Ստրասբուրգ ուղարկած «պաշտոնական տեսակետում» ի՞նչ է գրված, օրինակ, ընտրությունների ժամանակ ապօրինություններ կատարածներին պատասխանատվության ենթարկելու մասով, երբ ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան տեղեկանքից դատելով՝ ապօրինություններ ոչ ոք չի կատարել, կատարողները ժամանակին հասցրել են սպանվել, ողջ մնացածներն էլ «հանցակազմ» չունեն։ «Ներկայացված է այն, ինչ որ կա,- պատասխանեց Արմեն Ռուստամյանը,- պարզաբանված է, թե այդ խնդիրները ինչու են այդ վիճակում։ Վճիռը պետք է կայացնի դիտարկման հանձնաժողովը, քանի որ դատավորի դերում նա է։ Պարզապես հայտնի է պրակտիկայից, որ եթե պարտավորությունների չկատարումը պարզաբանվում է, ապա որեւէ խնդիր չի հարուցվում երկրի հանդեպ»։

Հավանաբար, ԵԽԽՎ ուղարկված պաշտոնական տեսակետին ծանոթ է միայն պատվիրակության իշխանական թեւը։ Չնայած Շավարշ Քոչարյանը եւ Արտաշես Գեղամյանը պետք է տեղեկացվեին, թե ինչ է գրված վեհաժողովին ուղղված տեսակետում։ «Ուղարկելու» փաստի մասին մեզնից տեղեկանալով՝ պրն Քոչարյանը ասաց, թե ինքը չի կարծում, թե այդ «տեսակետում» որեւէ լուրջ բան կա։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել