Հայ ազգայնականը
վիրավորված է
«ծայրահեղական» որակումից
«Հաճախ մեզ մեղադրում են ծայրահեղականության մեջ, ինչը խարխլում է հարեւանների հետ հարաբերությունները եւ ետ տանում մեր երկրի զարգացումը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում իր բողոքն արտահայտեց Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Իբրեւ բողոքի հիմնավորում, նա վկայակոչեց փաստեր, որոնք մեր հարեւաններն օգտագործում են ընդդեմ հայոց պետականության: Ըստ այդմ, Թբիլիսիի «Արտանուջի» հրատարակչությունը 2003 թվականին հայերեն հրատարակել է «Վրաստանի պատմություն» երկհատորանի դասագիրքը՝ Վրաստանի հայկական դպրոցների 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտների համար: Դասագրքերն, ի դեպ, թույլատրված են Վրաստանի կրթության նախարարության կողմից: Համաձայն այդ դասագրքերի՝ հայ- վրացական սահմանն անցել է Սեւանա լճի հյուսիսային ափերով: Այսինքն՝ Տաշիրը, Լոռին, Ուտիքը, Գեղարքունիքի մի մասը բնիկ վրացական հողեր են: Դասագրքերում տպագրված վեց քարտեզներից հինգում, ի լրումն այս ամենի, Սեւանի համար օգտագործվում է վրացական կամ մուսուլմանական տարբերակ՝ «Գելաքունիս տբա», «Գոգչիս տբա»: «Փաստորեն, արդեն մեկ տարի է՝ այսպես են ուսուցանվում վրաց աշակերտները, եւ որեւէ հայ իշխանավոր իր բողոքը չի արտահայտել վրացական ծայրահեղության դեմ, իսկ մեզ՝ ծայրահեղական են համարում»:
Սա ամբողջը չէ: Արմեն Ավետիսյանը բողոքում է նաեւ «Մեծ Ադրբեջան» եւ «Մեծ Քուրդիստան» ծրագրերի դեմ: Նրա տեղեկություններով, ադրբեջանական լրատվամիջոցներն ու դասագրքերն էլ Մեծ Ադրբեջանի քարտեզն են տարածում, որն առավել ընդգրկուն տարածք է՝ ներկայիս Ադրբեջանին միացած է Իրանի մի հսկայական մաս, վերցված են տարածքներ Արեւմտյան Հայաստանից, Սիրիայից, ներկայիս ՀՀ տարածքից եւ այստեղ էլ, փաստորեն, Ադրբեջանի սահմանը հասնում է Սեւանա լիճ, այդ թվում՝ ողջ Սյունիքը: «Այս քարտեզներ տարածողներին Ադրբեջանում ծայրահեղականներ չեն անվանում»,- ընդվզում է հայ ազգայնականը: Ամենավտանգավորը մեր զրուցակիցը Քուրդիստանի քարտեզն է համարում, որն ավելի մեծ է, քան պատմական Հայաստանն է եղել: Քարտեզում ընդգրկված են Արեւմտյան Հայաստանի ողջ տարածքը, Սիրիայի, Իրաքի՝ մինչեւ Միջերկրական ծով հասնող տարածքները, Սյունիքի մի մասը, Իրանի Քրդստան կոչվող տարածքը՝ մինչեւ Պարսից ծոց: Ա. Ավետիսյանը համոզված է, որ եվրոպական երկրների ու Իսրայելի միջոցով գործի է դրվում սույն ծրագիրը. «Այս երկու օրը քրդերի առաջնորդը գաղտնի հանդիպել է Արիել Շարոնի հետ, չեմ կասկածում, որ այս հարցն էլ քննարկված կլինի: Սիրիայի եւ Իրաքի տարածքում հսկայական թվով քրդացված հրեաներ կան, որոնք այսօր աշխատում են այս Քրդստանի ստեղծման համար՝ հետագայում հօգուտ Իսրայելի գործելու համար»: Մեր զրուցակիցը տեղեկացնում է, որ այդ քարտեզը տպագրվել է նաեւ Հայաստանի քրդական մամուլում եւ եզրակացնում, որ՝ «մեր մայրաքաղաքում քրդերը բացեիբաց հայտարարում են, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունեն, իսկ մեր իշխանությունները որեւէ կերպ չեն արձագանքում»:
Ա. Ավետիսյանը իշխանություններից ակնկալում է նմանօրինակ թողտվությունների կանխում, ապա՝ «ազգային փոքրամասնություններին, որոնք իրենց գոյությամբ կվտանգեն հայոց պետականությունը՝ պիտի հեռանան մեր հայրենիքից»: Ադրբեջանի պարագայում ՀԱՄ առաջնորդը մարտականորեն է տրամադրված. «Զենքի ուժով պետք է գծենք մեր սահմանը»: Վրաստանի պարագայում՝ բողոքի նոտայով է առայժմ սահմանափակվում:
Ի դեպ, ՀԱՄ-ականները հերթական բացահայտումն են արել. «Մենք գիտենք, որ որոշակի միջազգային կառույցներից բողոքներ կան: Հրեական, քրդական, եզդիական եւ մնացած համայնքներն են այդ ակցիան ձեռնարկել: Բողոքները նաեւ ՀՀ կառավարությունում են: Շատերը պնդում են նույնիսկ, որ մեր կառույցը պիտի գոյություն չունենա»: Այս ամենը, բնականաբար, մեր զրուցակիցը «դրսի ուժերի» ձեռքի գործն է համարում, քանզի՝ «նրանք տեսնում են, որ մենք բացահայտ առճակատում ենք սկսել իրենց անբարո բարքերի եւ օտար ճնշումների նկատմամբ»: Եթե ՀՀ իշխանությունները տուրք տան «դրսի ուժերին», հայ արիները սպառնում են ընդհատակում գործել:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ