Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱԿԱՍՈՒՄ Է ԱԶԳԸ ԿՐԹՈՂ ԷԼԵՄԵՆՏԸ»

Հուլիս 28,2004 00:00

«ՊԱԿԱՍՈՒՄ Է ԱԶԳԸ ԿՐԹՈՂ ԷԼԵՄԵՆՏԸ» Մեր մշակութային քաղաքականության մասին այս կարծիքն ունի երգչուհի Լուսինե Ազարյանը Վիեննայում հունիսի 28-ից հուլիսի 9-ը Հանա Գաբորի անվան վոկալիստների ամենամյա միջազգային 23-րդ մրցույթին առաջին անգամ մասնակցեցին հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչները։ Ապրիլին մրցույթի կազմակերպիչները աշխարհի ավելի քան 50 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անցկացրել էին նախնական լսումներ, որի արդյունքում մասնակցելու հրավեր էր ստացել 152 վոկալիստ։ Առաջին անգամ Հայաստանը հեղինակավոր մրցույթում ներկայացրին Լուսինե Ազարյանը (կոնսերվատորիայի պրոֆ. Ա. Դավթյանի ասիստենտ) եւ Լիանա Ալեքսանյանը (պրոֆ. Ս. Դանիելյանի դասարան)։ Հանդիպեցինք Լ. Ազարյանին։ Երգչուհին տեղեկացրեց, որ մրցույթին առաջին անգամ էին մասնակցում Հարավային Կովկասի (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) ներկայացուցիչները։ «Ադրբեջանցիները ոչ մի տեղ չգրավեցին եւ չարժանացան ուշադրության։ Վրաստանի մեկ ներկայացուցիչ ստացավ Բարսելոնի օպերային թատրոնի սահմանած մրցանակը։ Լիանա Ալեքսանյանը արժանացավ դիպլոմի եւ Իտալիայի «Լա Սկալա» օպերային թատրոնի ակադեմիայում սովորելու հրավեր։ Ես շահեցի «Կուլտկոնտրակտ» հատուկ մրցանակը, այն է՝ Վիեննայի կամերային օպերային թատրոնում ձմռանը հանդես գալու Վեներայի դերերգով՝ Բլոու- Պյորսելի «Վեներա եւ Ադոնիս» ներկայացման մեջ։ Ստացա հրավերներ Վիեննայի «Շտրաուս», Կանադայի «Ռոյալ», Իսպանիայի օպերային թատրոններից»,- տեղեկացրեց երգչուհին։ Մեր՝ «Տպավորություն է ստեղծվում, կարծես Հ. Գաբորի անվան մրցույթը հատուկ է անցկացվում, որ լավագույն երիտասարդ ձայները բացահայտելուց բացի, հրավիրվեն աշխատանքի նշանավոր օպերային թատրոններում, նաեւ կատարելագործվեն հեղինակավոր ակադեմիաներում» դիտարկմանը Լ. Ազարյանը համաձայնեց. «Իրավացի եք։ Նման քաղաքականությունը հաստատում է, որ մշակույթը սահմաններ, երկիր ու ազգ չի ճանաչում։ Ժյուրիի նախագահն էր Մոնտե Կառլոյի օպերային թատրոնի գլխավոր տնօրեն Ջոն Մորդլերը, Դմիտրի Բերտմանը՝ Մոսկվայի «Գելիկոն» օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր ադմինիստրատոր Ռայներ Բիշոֆը, Դրեզդենի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Հանս-Ջոակիմ Ֆրեյը եւ այլք»։ «Առավոտի» հաջորդ՝ «Անկողմնակա՞լ էր ժյուրին» հարցը երգչուհին կանխեց, ասելով, որ մրցույթի գլխավոր մրցանակները բաշխվեցին հիմնականում ըստ երկրների՝ աշխարհում ունեցած վարկանիշի (Ռուսաստան, Ֆրանսիա, Իսրայել, Գերմանիա). «Սակայն ասածիցս պետք չէ հետեւություն անել, թե մյուս երկրների մասնակիցները անտեսվեցին։ Վկան՝ Հայաստանի օրինակը։ Եվ, կարծում եմ, ճիշտ է՝ կյանքում ամեն ինչ օրինաչափ է, մեկից բխում է մյուսը։ Այս դեպքում զուտ քաղաքականությունից բխում է մշակութային քաղաքականությունը»։ Երգչուհին պատրաստվում է մոտ ժամանակներս թողարկել CD, հանդես գալ մենահամերգով, այնուհետեւ գնալ աշխատանքի՝ արտերկիր։ Մեր վերջին՝ «Երեւանի օպերային թատրոնում չէի՞ք աշխատի» հարցի պատասխանը եղավ. «Մեծ սիրով, բայց հրավեր չունեմ»։ Լ. Ազարյանը խնդրեց «չմոնտաժել» իր հետեւյալ միտքը. «Հայաստանում տարվող մշակութային քաղաքականությունը հեռու է նորմալ լինելուց։ Պակասում է ազգը կրթող էլեմենտը։ Ի վերջո, պետք է հասկանալ՝ ազգը երեխայի նման մի բան է, պետք է կրթել, սերունդը երբեք վատը չի լինում։ Ինչպես կրթես, այնպիսի պտուղներ էլ կստանաս։ Իսկ տարվող ցածրակարգ մշակութային քաղաքականության օրինակը, խնդրեմ, այսօր մեր TV-ներով ներկայացվող մշակութային ծրագրերն են։ 1990-ականներից լինելով Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, այսօր էլ՝ Ավստրիայում, վերջնականապես համոզվեցի, որ մեր ազգի պոտենցիալը մեծ է։ Այո, ունենք գեղեցիկ ձայներ, վառ արտիստիզմ, հոգի, որը, թող ինձ ներեն, բացակայում է Եվրոպայի ցանկացած երկրի վոկալիստների մեջ»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել