Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԳՈՓՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Հուլիս 28,2004 00:00

ՀԱԳՈՓՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտի» հուլիսի 21-ի համարում տեղ գտած «Գալ տարին «Սասուն-33»-ի մեջ» հոդվածում ներկայացված էր Աշտարակ-Գյումրի մայրուղում գտնվող «Սասուն-33» ՍՊԸ-ին պատկանող «Ռեստորանային համալիրի» նկատմամբ սեփականության իրավունքի վիճարկման մի պատմություն: Վիճող կողմերից մեկը Ուջանի բնակիչ Տարոն Հակոբյանն է, մյուսը՝ սփյուռքահայ Վարթկես Հագոփյանը: Օրերս խմբագրություն էին այցելել պարոն Հագոփյանն ու նրա փաստաբան Զարուհի Դանիելյանը եւ ներկայացրին այդ պատմության վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Ըստ ներկայացվող փաստաթղթերի եւ փաստաբանի բացատրությունների՝ «Սասուն-33»-ը 1999թ.-ի դեկտեմբերի 3-ի դրությամբ Հայխնայբանկին պարտք էր 32 329 627 դրամ, որի մարումը հնարավոր էր միայն «Ռեստորանային համալիրի» իրացման արդյունքում: Հետեւաբար, ԴԱՀԿ-ն այդ օբյեկտը գնահատել է 15 700 000 դրամ, եւ այդ գնով «Սասուն-33»-ի գույքը դրվել է աճուրդի: 21.10.2000-ից ի վեր նույն գույքը աճուրդների չկայացած լինելու պատճառով ներկայացվել է կրկնաճուրդի 16 անգամ եւ յուրաքանչյուր անգամ ներկայացված գույքի արժեքն ընկել է 10 տոկոսով: Եվ միայն 06.02.2003-ին Վարթկես Հագոփյանը, մասնակցելով աճուրդին, գնել է այդ գույքը 3 591 656 դրամով: Փաստորեն, «Սասուն-33» ՍՊԸ-ի պարտքից մարվել է ընդամենը մոտ 10 տոկոսը: Ինքը՝ պրն Հագոփյանը, որ ԱՄՆ քաղաքացի է, ներկայացրեց իր բարեգործական գործունեությունը, պատմեց, որ Հայաստան է եկել ներդրումներ կատարելու նպատակով, 2 տարա ընթացքում 11 գյուղերում անվճար ալյուր է բաժանել, իր անձնական եւ Սփյուռքի այլ անդամների միջոցներից 1 մլն դոլարի ներդրում արել Թալինի հիվանդանոցի նորոգման նպատակով եւ այլն: Նպատակ ունենալով մշտական բնակություն հաստատել Հայաստանում, մասնակցելով աճուրդին, նա գնել է վերոհիշյալ ռեստորանային համալիրը: Որից հետո Տարոն Հակոբյանի առաջարկով վերջինիս ընդունել է այդ համալիրում աշխատանքի՝ որպես գործավար: Պարոն Հագոփյանը պնդում էր, որ ծանոթ չի եղել ՀՀ-ում ընդունված աշխատաոճին եւ ընդունել է Տարոն Հակոբյանի պայմանը, ըստ որի՝ շահույթը պիտի բաշխվեր այս կերպ. եկամտի 49%-ը՝ Տ. Հակոբյանին, իսկ 51%-ը՝ Վ. Հագոփյանին: Սակայն, ինչպես պատմում էր հուզված պարոն Հագոփյանը, շահագործելով օբյեկտը, Տ. Հակոբյանը խուսափում էր Վ. Հագոփյանին որեւէ եկամուտ տալուց, փաստաթղթեր ներկայացնելուց եւ այլն: Իսկ երբ օբյեկտի սեփականատերը Տ. Հակոբյանին պահանջել է ազատել իր տարածքը, վերջինս հայտարարել է, որ դա իր տարածքն է եւ չի ազատելու, իսկ սեփականատիրոջը ոչինչ չի տալու: Այս ամենի արդյունքում Վ. Հագոփյանը որոշել է դիմել դատարան՝ Տ. Հակոբյանին իր տարածքից վտարելու պահանջով: Պարոն Հագոփյանը պնդում էր. «Տ. Հակոբյանի լացակումած պատմությունները, թե ինքը քրտինք է թափել, այգի է դրել, ամենեւին չի բացահ այտում, թե ինչպես է նա ծախսել բանկից վերցրած շուրջ 33 մլն-ը, ինչպես կարող էր 60 հազար դոլար «արժողությամբ» օբյեկտը գնահատվելով 15 մլն դրամ՝ շուրջ 30 հազար դոլար, 16 անգամ դրվել աճուրդի եւ, ի վերջո, վաճառվել ընդամենը 6 հազար դոլարով: Ո՞ր մեղքիս համար ես պիտի մարեի իմ մի քանի օրվա ծանոթ Տ. Հակոբյանի պարտքերը եւ դեռ մի բան էլ 25 հազար դոլարի ներդրում անեի, եւ դեռ մի բան էլ պարտք մնայի, որ իմ սեփականության կեսը տայի Տարոնին: Ես եկել եմ այստեղ մշտական բնակության եւ ժողովրդիս օգնելու: Բայց մի քաղաքացի, որ խարդախությամբ խաբել է պետությանը, վերցրել վարկ, չի վերադարձրել, պարտքեր ունի հարկայինին, սոցապին, էլցանցին եւ ջրմուղին, որը մինչ օրս շահագործում է իմ օբյեկտը, թաքցնում եկամուտները սեփականատիրոջից՝ ինձնից, իսկ պարտքերը՝ պետությունից, անպատիժ է եւ մամուլով խաբում է հասարակությանը, հավաքում իր մի քանի հարյուր համագյուղացիներին եւ թույլ չի տալիս, որ ԴԱՀԿ-ն մտնի տարածք: Տարոն Հակոբյանը տարբեր ԶԼՄ-ներով «ստոր», «նենգ», «քցող», «խարդախ», «հանցագործ» է անվանում բարեգործ մի մարդու, որը սեփական հողում կառուցել է տուն, որտեղ մինչ օրս չի կարող ապրել, գնել է անշարժ գույք, որը մինչ օրս չի կարողացել շահագործել: Հիմա ո՞վ է քցողը, եւ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ անձի կուսակցականությունը: Ի՞նչ է, եթե ես դաշնակ չլինեի, չէ՞ի կարող մասնակցել աճուդին կամ սեփականություն ունենալ ՀՀ-ում, կամ դիմել դատարան: Իրեն ոչ ոք չի մեղադրում այն բանի մեջ, որ նա ընդդիմադիր է, ինչո՞ւ է նա այս պատմության մեջ հոլովում իմ կուսակցության անունը»: Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆ Նախորդ հրապարակման մեջ մենք ներկայացրել էինք բացառապես Տարոն Հակոբյանի եւ ամենեւին ոչ՝ խմբագրության կամ լրագրողի տեսակետը: Բնական է, որ Վարթկես Հագոփյանը նույնպես իրավունք ունի ներկայացնելու իր հակափաստարկները: Իսկ թե ով է ճիշտ, թող որոշի դատարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել