Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ՝ ԿՈՇՏ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ

Հուլիս 28,2004 00:00

ԸՆԴԴԵՄ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ՝ ԿՈՇՏ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ Վանաձորի իշխանությունները հերթական անգամ պայքար են սկսել սննդամթերքի փողոցային առեւտրով զբաղվողների դեմ։ Ըստ որոշ տեղեկությունների, պայքարը տեղ- տեղ ուղեկցվել է ծեծկռտուքներով, քանի որ կին վաճառականներից մի քանիսն ակտիվ դիմադրություն են ցույց տվել։ Իշխանությունների ձեռնարկած միջոցառումներն այս անգամ բավականին կոշտ են. չենթարկվողներին սպառնում է ապրանքի բռնագրավում հօգուտ մանկատան եւ ծերանոցի։ Եվ, այդուհանդերձ, փողոցային առեւտրի դեմ պայքարն ամենեւին չի նպաստում կենտրոնական շուկայում (ուր առաջարկվում է տեղափոխվել առեւտրականներին) առեւտրականների թվի ավելացմանը։ Ավելին, բաց եւ ծածկած շուկաներն օրեցօր ավելի են սակավանում, քանի որ առեւտրով զբաղվողների բանակը շուկայում սկսել է նոսրանալ տարբեր պատճառներով (աշխատանքի անեկամտաբերություն, արտագաղթ, մահացություններ), իսկ փողոցային առեւտրով զբաղվողները պատճառաբանում են, թե շուկայում տարածք վարձակալելը ավելի թանկ է նստում, քան ոստիկաններին «նալոգ» մուծելը։ Այժմ բաց եւ փակ շուկաների «պարապ» վաճառակետերից մի քանիսը զբաղեցվել են նարդի խաղացողներով կամ թղթախաղի սիրահարներով, իսկ շուկայի այն հատվածը, որտեղ նախկին տարիներին լեցուն էր մրգավաճառներով, այժմ «հանգրվանել» են երկաթեղեն վաճառողները։ Տեղական իշխանությունները մրգի եւ բանջարեղենի փողոցային առեւտրով զբաղվողներին առաջարկում են նաեւ մեկ այլ տարածք՝ թիվ 6 դպրոցի բակին կից հինգ տարի առաջ ստեղծված բացօթյա առեւտրի վայրը, որը ժողովուրդը «մարզպետի բազար» է անվանում։ Այս «շուկա» կոչվածը, սակայն, բացի այն, որ փոքր է եւ ի զորու չէ բոլորին տեղավորել, նաեւ այնքան էլ չի զիջում փողոցային առեւտրին, քանի որ սննդամթերքի վաճառքը տեղ-տեղ իրականացվում է գետնին, իսկ փոքր տարածքում գնորդների տեղաշարժերը խիստ սահմանափակ են: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել