«Իրենք ազատ մարդիկ չեն» Նախագահի, նժդեհականների, ՀՅԴ-ի եւ արմատական ընդդիմության մասին ասում է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: – Ազատագրված տարածքները վերադարձնելու մասին խոսակցություններ այս իշխանությունները վարում են առնվազն 2000-ից: Տարածքներ հանձնելու նրանց պատրաստակամությունն էր դրված «Փարիզի» եւ «Քի Ուեսթի» հիմքում: Տարբերակների մասին խոսելն ավելորդ է, քանի որ վստահ եմ, որ դրանցից ոչ մեկն էլ չի անցնելու: Նրանք տարածք չեն ազատագրել, որ կարողանան հանձնել: Տարածքները հանձնելու մասին խոսելը օտարի, ավելին՝ թուրքական ծրագիր է: Պարզ է, որ միայն Քոչարյանի ստորագրությունը դրա համար անբավարար է: Նույնիսկ ԱԺ-ի վավերացումը եւ ԼՂՀ համաձայնությունը շատ քիչ են: Եթե հայությունը չընդունի՝ բոլոր այս ստորագրությունները ոչինչ չարժեն: Քի Ուեսթից հետո պայմանագիրը չստորագրելու իրական եւ գլխավոր պատճառը հայ ազգի անհամաձայնությունն էր: Կեղծում են այն մարդիկ, որ ասում են, թե քիուեսթյան պայմանավորվածությունները Ադրբեջանն է մերժել: Իրականում նրանց նախագահը նույնպիսի նախնական համաձայնություն էր տվել, ինչպես եւ մերը: Առավել եւս, որ Ադրբեջանը այդ պայմանագրից միայն շահող էր դուրս գալու: Այն օրերին հայերին կաշառում էին միջազգային օգնությամբ, վախեցնում պատերազմով, համոզում էին, որ տարածքները մերը չեն, եւ դրանք պետք է հնարավորինս թանկ եւ արագ ծախենք: Չանցավ: Այս ծրագրին իրենց հայտարարություններով մասնակցեցին ԱԳ նախարարը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ իրենց համատեղ հայտարարությամբ, Ղարաբաղի իշխանությունները եւ շատ ուրիշներ: Վերջին նորամուծությունն այն է, որ տարածքներ հանձնելու մասին խոսում են դրանք «ազատագրված» կոչելով, ազգայնականի կեցվածքով, ինչպես նախագահը` Ստրասբուրգում: Խոսում են իրենց նժդեհական համարողները, ՀՅԴ ղեկավարները, արմատական ընդդիմությունը: Փորձում են այս հարցում միաձայնության տպավորություն թողնել ժողովրդի վրա: Ոչ մի քաղաքական գործչի ձեռնտու չէ պարտվողական դիրքերից խոսել, բայց խոսում են, որովհետեւ չեն կարող չխոսել, իրենք ազատ մարդիկ չեն, օտարի պատվեր են կատարում: Սա էլ չի անցնելու, որովհետեւ ժողովուրդը ազատ է ու վաղուց չի հավատում քաղաքական ոչ մի ուժի: – Բայց դաշնակցական Կիրո Մանոյանը Հայաստանի զիջումների առավելագույն սահման է համարում 10-20 քառակուսի կիլոմետրը։ – Լավ օրինակ է: Մի կողմից Ստրասբուրգի ելույթից հետո Արմեն Ռուստամյանը հայտարարում է, որ ՀՅԴ-ն ամբողջությամբ պաշտպանում է Քոչարյանի ղարաբաղյան քաղաքականությունը, մյուս կողմից Կիրո Մանոյանը առաջարկ է անում ազատագրված տարածքները մտցնել ԼՂՀ-ի սահմանների մեջ: Բայց ինչո՞ւ է առաջարկությունը արվում մամուլի ակումբում: Կարծես թե ՀՅԴ-ն բոլորովին կապ չունի ոչ ՀՀ եւ ոչ էլ ԼՂՀ իշխանությունների հետ, ֆրակցիա եւ նախարարներ չունի, այլ ազգայնական ընդդիմություն է: ՀՅԴ-ն չի կարող օգտվել իշխանությունից, սատարել հակաժողովրդական նախագահին եւ միաժամանակ հանդես գալ ընդդիմադիր դիրքից: Դա արվում է իշխանությունների ազգայնական իմիջը ապահովելու նպատակով։ Այլապես խոսքերից կանցնեին գործի, մասնավորապես՝ Արաքսի ափը ամբողջությամբ եւ Աղդամի շրջանը բնակեցնելու, Նախիջեւանի եւ Գանձակի ազատագրումը նախապատրաստելու ուղղությամբ: Չէ՞ որ դա է ՀՅԴ ծրագրային նպատակը: – Եթե քաղաքական դաշտում ոչ ոք չի արտահայտում ժողովրդի շահերը, ո՞րն է ելքը: – Ելքը ազգային նոր նպատակների սահմանումն է եւ դրանց շուրջ ազգային գործիչների նոր սերնդի կազմակերպումը: Ղարաբաղյան պայքարում եւ Երրորդ հանրապետության ստեղծման ընթացքում հայ ժողովրդին առաջնորդող գաղափարները եւ դրանց կրողները լավ կամ վատ իրենց գործն արել են եւ հիմնականում սպառվել: Մեզ պետք են նոր գաղափարներ՝ նոր կրողներով: Այն կազմակերպելու պատասխանատվություն ենք զգում ու կազմակերպելու ենք: Զրուցեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ