«ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻՆ ՁԵՌՔ ՏԱԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է» Այս կարծիքին է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը – Տպավորություն կա, որ ղարաբաղյան հիմնահարցն այս պահին «հրադադարի» վիճակում է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցը եւս որեւէ փոփոխություն չմտցրեց, թեպետ համանախագահները, կարծես թե, չթաքցրին իրենց ցանկությունը՝ արագացնել Ղարաբաղի հիմնահարցի լուծումը։ – Ես, իհարկե, հասկանում եմ տարածաշրջանի հետ կապված տարբեր պետությունների շահերը, նավթամուղի հարցը եւ այլն, բայց մյուս կողմից էլ, երբ մի բան դժվարությամբ ինչ-որ հավասարակշռության վիճակի ես բերում, ամեն փոփոխություն կարող է վտանգավոր լինել։ Հիմա մենք 10 տարի չունենք պատերազմ։ Ճիշտ է, ե՛ւ հայ, ե՛ւ ադրբեջանցի փախստականները գտնվում են վատ վիճակում, որովհետեւ կորցրել են իրենց բնակավայրերը։ Մարդկայնորեն հասկանալի վիճակ է։ Բայց այս վիճակը, որը մի քիչ կայունացած է, պետք է պահպանվի։ Ցանկացած չմտածված փոփոխություն կարող է բերել նոր չարիքների։ Այդ պատճառով ես տասն անգամ կչափեի եւ հետո մեկ անգամ կկտրեի։ Կրկնեմ այն միտքը, որ ես միշտ ասել եմ՝ այս անկայուն տարածաշրջանում, երբ Չեչնիայից եւ Կովկասյան լեռներից սկսած, նաեւ՝ հարակից տարածքներում կա պրոբլեմ, կա Վրաստանի-Աբխազիայի-Օսեթիայի պրոբլեմը, կա Ղարաբաղ-Հայաստան-Ադրբեջան պրոբլեմը, Իրանի նկատմամբ որոշակի ճնշումներ, արաբական աշխարհ եւ Իսրայել, այս անկայուն վիճակում ցանկացած նոր լուծում բերելու է անկայունության։ Մինչեւ ամբողջ տարածաշրջանում չնախագծվի ընդհանուր պատկեր, կարծում եմ, Ղարաբաղի հարցին ձեռք տալն անիմաստ է։ – Լավ, հարցին ձեռք չենք տալիս, բայց կարծես թե ստացվում է, որ 88-ի մեր բոլորի ռոմանտիզմը հիմա բախվում է տարածաշրջանային խնդիրներին, ու փաստորեն ի՞նչ ենք անելու Ղարաբաղի հարցը՝ ենթարկեցնելո՞ւ ենք տարածաշրջանային խնդիրներին։ – Բայց՝ ինչո՞ւ։ Մենք ապրում էինք Խորհրդային Միությունում, եւ անընդհատ բարձրացվել է Ղարաբաղի հարցը։ Արհեստական ձեւով Ղարաբաղը մտցված է եղել Ադրբեջանի կազմի մեջ։ Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում՝ երբ որ Խորհրդային Միությունը փլուզվում էր, Ադրբեջանը վերահսկողություն չուներ Ղարաբաղի նկատմամբ։ Անկախություն ստանալուց հետո Ադրբեջանը փորձեց պատերազմով լուծել հարցը. պարտվեց։ Հիմա այս վիճակը ֆիքսված է։ Այս վիճակում լուծումներ պետք է փնտրել։ Բայց ցանկացած արհեստական լուծում հարցի կարգավորման չի բերում։ Ադրբեջանը շատ հստակ հայտարարում է, որ ինքը երբեք չի համաձայնի, որ Ղարաբաղը լինի անկախ պետություն կամ լինի ՀՀ կազմի մեջ ։ Այս ներկա վիճակի հետ նա համաձայն չէ։ Այս հարցը ինչպե՞ս կարելի է լուծել բանակցություններով, ես չեմ պատկերացնում։ Սկուտեղով պետք է ինչ-որ մեկը Ղարաբաղը տա իրե՞նց։ Ղարաբաղն արդեն ձեւավորված է որպես անկախ պետություն, զարգանում է, շինարարություն է ծավալվել, գործարաններ են կառուցվել, մարդիկ ապրում են մի քիչ լավ, մի քիչ վատ։ Ներսում պայքար է գնում՝ ընդդիմություն-իշխանություն, դեմոկրատական տեղաշարժեր են լինում։ Նոր սերունդը արդեն նույնիսկ մոռացել է, չի հիշում, թե երբեւիցե եղել են Ադրբեջանի կազմի մեջ։ Հիմա ո՞նց է լինելու, ո՞վ է սկուտեղով Ղարաբաղը մատուցելու Ադրբեջանին։ Եվ այդ պատճառով էլ պատահական չէ, որ Ադրբեջանը շարունակ հայտարարում է, թե հարցը պատերազմով է լուծելու։ Բայց միայն խելագարը կարող է գնալ պատերազմի։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ կրկին կպարտվեն։ Եթե իրենք տարածաշրջանային այս վիճակում պատերազմ սկսեն, ապա դա կդառնա հարյուր տարվա պատերազմ։ Կլինի մի կոնֆլիկտ, որից տարբեր ուժեր կփորձեն իրենց շահը հետապնդել։ Իսկ դա ոչ մեկին օգուտ չի բերելու՝ ո՛չ Ղարաբաղին, ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին։ – Այդ դեպքում ինչո՞ւ են Մինսկի խմբի համանախագահները շարունակ պնդում, թե հարցը հարկավոր է շուտափույթ լուծել։ – Բացի օբյեկտիվ, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական հարցերից, հաշվի առեք, որ որեւէ հարցով զբաղվող ցանկացած կազմակերպություն ունենում է իր շահը։ Ձգտում է խնդիրը լուծել ամեն ձեւով, պարզապես, որ ասվի, թե ինչ-որ բան ինքն արել է։ Այնպես որ, ինչքան էլ հարգանքով վերաբերվես միջազգային կազմակերպություններին, միշտ պետք է հաշվի առնես, որ բացի բնական շահերից կա զուտ կազմակերպության շահ։ Կարծում եմ՝ եռանախագահողների կամ մյուսների կողմից արված սուր արտահայտություններում ավելի շատ դա է դեր խաղում, քան՝ հարցը լուծելու ցանկությունը։ – Ընդդիմադիր որոշ գործիչներ շարունակում են խոսել այն մասին, որ Ղարաբաղի հարցը շահարկելով Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության եւ հարցը չլուծեց։ Հիմա ձեր պատասխաններից զգացվում է, որ այդ չլուծելն ավելի ճի՞շտ էր։ – Դժվար է ասել։ Անընդհատ ասվում է, որ իշխանությունը շահարկում է այդ հարցը, լիներ դա ՀՀՇ-ն, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես կամ Ռոբերտ Քոչարյանը։ Կարծում եմ՝ հարցը շահարկումը չէ, քանի որ բոլոր քաղաքական գործիչները այս կամ այն չափով շահագրգռված են Ղարաբաղի հարցի լուծմամբ։ Բնական է, որ Հայաստանի ցանկացած քաղաքական պրոցեսում Ղարաբաղի հարցը գոյություն ունի։ Բայց դա չի նշանակում, որ մարդիկ անտարբեր լինելով Ղարաբաղի հարցի վերաբերյալ՝ փորձում են շահարկել։ Այդ մտքին ես համաձայն չեմ։ – Հնարավոր համարո՞ւմ եք, որ նույն տարածաշրջանային իրավիճակից դրդված Հայաստանի իշխանությունները ստիպված լինեն Ղարաբաղի հարցում ինչ-ինչ զիջումների գնալ։ – Չեմ տեսնում այդպիսի ռեալ ճնշումների հնարավորություն այս պահին։ Ռազմական ճնշումը բացառվում է, տնտեսական, ֆինանսական ճնշում միշտ էլ կլինի։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանը այնքան քիչ է ինտեգրված աշխարհի մեջ, որ շատ դժվար է Հայաստանի վրա ազդել։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ