Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՂԱՏՈՒՆԸ ՓԱԿԵԼՈՒ Է ԱՆՑՈՒՄԸ

Հուլիս 28,2004 00:00

Եթե
Կամերային երաժշտության տան մոտից փորձես մտնել Աբովյան փողոցի ստորգետնյա
անցումը, ապա Իսահակյանի արձանի մոտ դուրս չես գա:
Ընդ որում, ոչ թե շինհրապարակն է ժամանակավորապես փակել, այլ ապագա օբյեկտի արդեն գցված հիմքը: Նշանակում է՝ հետո պետք է փորձեն ինչ-որ «ճարտարապետական լուծումներ» գտնել՝ քաղաքաշինական այս աբսուրդը հիմնավորելու համար: Այդպես էլ կա. քաղաքապետարանից պարզաբանեցին, որ այդտեղ դեղատուն է կառուցվում, օրինական հողհատկացում կա եւ որ «գետնանցման անցուդարձին չխանգարելու նպատակով շինարարության տերը յուրօրինակ լուծումներ է տալու»: Հավանաբար, մարդը անցում կմտնի, բայց փողոց դուրս գալու փոխարեն միանգամից դեղատանը կհայտնվի. ե՛ւ բիզնեսը կշահի, ե՛ւ յուրօրինակ լուծումը գտնված կլինի: Հետաքրքիր է, որ այն աչքից հեռու մի տեղ էլ չէ, այլ քաղաքի հենց կենտրոնում, ամենամարդաշատ վայրերից մեկում՝ Երիտասարդական մետրոյի հարեւանությամբ, Իսահակյանի արձանի մոտ:

Իսկ հատված 3-4 ծառերի այս հաստաբուն կոճղերը նույն զբոսայգում են. վերոհիշյալ շինարարության դիմացի մայթին (Աբովյան-Մոսկովյան խաչմերուկ): Տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ նոր օբյեկտի համար տարածք են ազատում: Հետաքրքիր է, որ հատված ծառերից մեկն ակնհայտորեն առողջ չի եղել. կոճղը փտած է: Բայց մյուսներինը «հիվանդի» նման չեն: Հենց սա էլ կասկածների տեղիք է տալիս. սանիտարական հատման անվան տակ մյուսներին էլ են «հաջողացրել»:

Օրինականության տեսակետից վիճելի մեկ ուրիշ շինարարություն էլ Մյասնիկյան պողոտայում է ընթանում, Կենդանաբանական այգու ճանապարհին: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, հողհատկացումը կատարվել է Ռուբեն Ռեւազյանի (չճշտված տեղեկություններով՝ Զորի Բալայանի աներորդին է) եւ Թորգոմ Ալեքսանյանի (ըստ որոշ լուրերի՝ ԱԱԾ ղեկավար Կառլոս Պետրոսյանի խնամին է) անուններով: Ապագա օբյեկտի անփորձանք գործունեության նպատակով մոտ 40 ծառ է «զոհաբերվել»: Նախագծով շինարարության համար հատկացված է 850 քառակուսի մետր տարածք: Մեր աղբյուրի ներկայացմամբ, սակայն, այսօրվա դրությամբ 1200 քմ-ի հիմքն արդեն գցված է: Այսինքն՝ նրանք զբաղեցրել են 41 տոկոսով ավելի տարածք, քան նախագծով տրամադրված է: Ականատեսների վկայությամբ, մեկ շաբաթ առաջ քաղաքապետարանի աշխատակիցներն այս խախտման կապակցությամբ այցելել են շինարարության վայր՝ հանգամանքները պարզելու, խախտումը կասեցնելու նպատակով: Քաղաքապետարանից հայտնեցին, որ «որեւէ սխալ բան չեն արել, ուղղակի անհրաժեշտություն է եղել վերանայել կառույցը» եւ համապատասխանեցնել նախագծին: Սակայն հաշվի առնելով, թե շինարարությունն ումն է, քաղաքապետարանի աշխատակիցների առաքելությունը կարող է մնալ զուտ որպես «քաղաքավարական այց»:

Ապօրինի շինարարության դեմ պայքարը մնում է խոսքի մակարդակի վրա: Օրեցօր այդ երեւույթներն ավելի կատարելագործված մեթոդներով են իրականացվում՝ լավագույն դեպքում չնկատվելու հույսով, վատագույն դեպքում՝ անտարբեր կեցվածքով: Չնայած՝ արդյունքը նույնն է: Այնպես որ, ապօրինությունների դեմ պայքարի արդյունավետության մասին դատելու համար ընդամենը պետք է շուրջը նայել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել