Երեկ
ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում լսվում էր ԵԿՄ Գյումրիի
տարածքային կազմակերպության ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ,
գնդապետ Աշոտ Զաքարյանի եւ նրա պաշտպանի բողոքը, որով վիճարկվում էր Շիրակի
մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:
Հիշեցնենք, որ մարզի 1-ին ատյանի դատարանի վճռով Ա. Զաքարյանին մեղսագրված արարքը՝ փետրվարի 28-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, իբր, կատարած խուլիգանությունը, հաստատված էր համարվել, եւ նա դատապարտվել էր մեկ տարի պայմանական ազատազրկման: Վերաքննիչից Ա. Զաքարյանը մի ակնկալիք ուներ. արդարադատություն իրականացնել եւ իր համար արդարացման վճիռ կայացնել:
Երեկ սկսված դատաքննությունը, բնականաբար, իր «օբյեկտիվությամբ» չտարբերվեց մյուս այն դատավարություններից, որոնք տեղի են ունեցել ընդդիմության հանրահավաքներին հաջորդած դատավարությունների ժամանակ, երբ դատվում էին ընդդիմադիր գործիչները կամ նրանց համակիրները: Վերաքննիչը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դատարան հրավիրել նախաքննության եւ 1-ին ատյանում դատաքննության ընթացքում հակասական ցուցմունքներ տված «տուժող» Արթուր Սահակյանին, նաեւ հարցաքննել միջադեպին ականատես այլ վկաների, որոնց 1-ին ատյանը հրաժարվել էր հարցաքննել:
Դատը երեկ ընդմիջվեց պաշտպան Սոս Գրիգորյանի միջնորդությամբ՝ պաշտպանական ճառը պատրաստելու համար ժամանակ տրամադրելու խնդրանքով:
Դատական նիստից հետո զրուցեցինք Ա. Զաքարյանի հետ: Նրա համոզմամբ, 1-ին ատյանում կայացված դատավճիռը չի բխում ոչ ՀՀ Սահմանադրության, ոչ ՀՀ Քր.դատ. օրենսգրքի պահանջներից: Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած դատական առաջին նիստին, ապա՝ նա մինչեւ դատավճռի հրապարակումը ձեռնպահ մնաց գնահատականներ տալուց՝ արձանագրելով միայն, որ «վերջին շրջանում թե դատախազությունը, թե դատարանները գործում են քաղաքական պատվերի շրջանակներում, ինչի արդյունքում կայացվում են դատավճիռներ, որոնք միտված են ոչ թե արդարադատության կայացմանը, այլ քաղաքական հաշվեհարդարին»: Որպես դրա վառ ապացույցներից մեկը՝ պրն Զաքարյանը մատնանշեց հենց իր դեմ «թխված» քրգործն ու կայացված վճիռը:
«Ցավալի է, բայց այսօր համաժողովրդական ընդվզումը պայմանավորված է ոչ այնքան սոցիալական, տնտեսական խնդիրներով, որքան արդարության պակասով: Չկա արդարադատության, իշխանությունների նկատմամբ վստահություն»,- նկատեց գնդապետը:
Վերջինս համամիտ էր այն դիտարկմանը, թե հասարակությունն ինքն էլ է այս ամենում մեղավոր, որովհետեւ անտարբեր է: «Հասարակությունն ինքը, մասնավորապես փետրվարից այս կողմ, ինչ-որ բան փորձեց անել, բայց փորձը ցույց տվեց, որ մեր իրականության մեջ ավելին անել հնարավոր չէ: Իշխանությունները՝ ի դեմս ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերն իրականացրած ակցիայի, ի տես աշխարհի ցույց տվեցին, թե իրենք ինչի են ընդունակ: Հավատացած եմ՝ այս օրերն անցնելու են, եւ եթե «իշխանություն» կոչվածին թվում է, թե հասարակությունն այդ օրը մոռացել է, սխալվում է: Հասարակությունը դա դեռ երկար է հիշելու»:
Գնդապետի դիտարկմամբ, նման դատավարությունները գուցե նաեւ այլոց «աչքը վախեցնելու» նպատակ ունեն. «Ի վերջո, ես նախկին ազատամարտիկ եմ, պահեստի գնդապետ, ինչու չէ՝ նաեւ ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար, եւ եթե կարող են կալանավորել ինձ, որով քիչ թե շատ նաեւ իր թիկունքում մարդկային ռեսուրս ունի, ուրեմն ցանկացած մեկի հետ այդ կերպ կարելի է վարվել: Դա ինչ-որ տեղ վախի մթնոլորտ սերմանելու համար էր: Փորձը մի բան ցույց տվեց. այս իշխանություններն անհանդուրժողական են որեւէ այլախոհության նկատմամբ: Ու թեեւ ՀՀ ՔՕ-ում այլախոհության համար նախատեսված հոդված չկա, բայց փոխարենը կան ՔՕ այլ հոդվածներ՝ խուլիգանություն, զազրախոսություն»:
«Կլինեն էլի քաղաքական բանտարկություններ, ձերբակալություններ ոստիկանության հետ զազրախոսելու կամ այլ մեղադրանքով: Ի դեպ, ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, թե մեր երկրում ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ նրանց համակիրները՝ բոլորը կամ խուլիգաններ են, կամ՝ զազրախոսներ: Սա արդեն զավեշտ է»,- ավելացրեց Աշոտ Զաքարյանը:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ