Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծանրոցները՝ մաքսատան եւ «Հայփոստի» միջեւ

Հուլիս 27,2004 00:00

Ծանրոցները՝ մաքսատան եւ «Հայփոստի» միջեւ Արտասահմանից Հայաստան ուղարկվող ծանրոցներն ու փաթեթները, պարզվում է, հասցեատերերին են հասնում մեծ գլխացավանքների գնով: Ժամանակ առ ժամանակ ծանրոցներ ստացողները պատմում են, որ ««Հայփոստի» միջոցով մեր բարեկամներն անընդհատ արտերկրից փաթեթներ են ուղարկում Հայաստան: Երբեմն լինում է, որ դրանք առքով-փառքով տեղ են հասնում, երբեմն էլ՝ անհետ կորչում են»: Այսօր մեր հայրենակիցների մի զգալի մասը գտնվում է արտերկրում՝ աշխատելու, ընտանիքի խնդիրները հոգալու նպատակով: Ուստի բնական է, որ նրանք հաճախ փաթեթներ են ուղարկում Հայաստան: Ուղարկողը, կատարելով բոլոր համապատասխան վճարումները, վստահ է լինում, որ ստացողը որեւէ բան չվճարելով՝ շատ ուրախանալու է իր անակնկալ նվերից: Բացի այդ, արտասահմանյան փոստային ընկերություններից այդ մասին հավաստիացումներ է ստանում, որ ծանրոցը կհասցնի անձամբ հասցեատիրոջը: Սակայն շատ դեպքերում ծանրոցի իրական հասցեատերը դառնում է մաքսատան տեսուչը, որովհետեւ չկարողանալով կամ չցանկանալով լրացուցիչ մուծում կատարել, ծանրոց ստացողը «նվիրատվություն է կատարում»: Այս խնդրին առնչվող մարմինները սրան իրավական բացատրություններ են տալիս, ասելով, որ եթե ծանրոցի արժեքը գերազանցում է $100-ը, ապա այն պետք է մաքսազերծվի: Այսինքն՝ տեսուչը պետք է բացի ծանրոցը եւ գնահատի ապրանքները: Սակայն, ըստ Մաքսային օրենսգրքի, ծանրոցը պետք է բացվի տիրոջ ներկայությամբ: Մեզ բողոքող քաղաքացիների մեծ մասը հավաստիացնում է, որ դա արվում է առանց իրենց ներկայության: Պատմում են, որ նույնիսկ պատահել է, երբ ծանրոցից ապրանքներ են պակասել, առավել հաճախակի՝ ոսկեղեն: Քաղաքացիների ներկայացմամբ, մաքսազերծման համար հաճախ այնքան գումար են պահանջում, որ առավելագույնս մոտենում է փաթեթի ինքնարժեքին: Այսպիսով, երբեմն ստացվում է, որ մի ծանրոցի համար վճարում են կրկնակի. ե՛ւ ուղարկողը, ե՛ւ ստացողը: Այս առնչությամբ «Հայփոստի» Փոստի տեսակավորման եւ փոխադրման կենտրոնի պետ Աղվան Խաչատրյանն ասաց. «Մարդիկ պարզապես չեն սիրում վճարումներ անել, դրա համար էլ դժգոհում են: Իսկ եթե մենք խոստացած ենք լինում հասցնել տիրոջը, անպայման այդ անում ենք»: Հետեւաբար մնացած դեպքերում խոստացած չեն լինում, չնայած, հայտնի չէ, թե ինչպես է ձեւակերպվում այդ «խոստումը»: Իրականում մասնագետները, որոնց հետ խորհրդակցեցինք, նշում են, որ ըստ էության, ծանրոց ստացողները իրավաբանորեն պաշտպանվելու հիմքեր ունեն, բայց չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել, որովհետեւ օրենքը երկակի մեկնաբանության տեղիք է տալիս: Արտասահմանյան փոստային ընկերությունների հետ կնքված պայմանագրերը հիմնականում նախատեսում են, որ ծանրոցը պետք է հասցվի հասցեատիրոջը: Այսինքն՝ այնտեղ, որտեղ նա ապրում է: Մյուս մեկնաբանությամբ՝ «հասցեատերը» Հայաստանի Հանրապետությունն է, որի հասցեն մեր երկրի սահմանն է: Այնտեղից հասցեատիրոջ բնակվելու տեղը հասցնելը կարծես թե չկանոնակարգված է մնում: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել