Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԱՈՒՆԱ՝ «ՀԱԿԱԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

Հուլիս 27,2004 00:00

ՍԱՈՒՆԱ՝ «ՀԱԿԱԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ» ՀԱՄԱՐ Եվս մի արտառոց հողհատկացում Անցյալ տարեվերջին՝ 2003-ի դեկտեմբերի 15-ին, քաղաքապետ Երվանդ Զախարյանի թիվ 2452-Ա որոշման համաձայն՝ Երեւանի Աթենքի փողոցին (որը Ծիծեռնակաբերդին հարող տարածքն է) հարող տարածքում «մարզաառողջարարական համալիրի եւ գրասենյակի շինարարության նպատակով» հողամաս է տրամադրվել «Ահաբեկչության դեմ պայքարի աջակցության կենտրոնին»: Վերջին շրջանում Հայաստանի համար սա շատ մոդայիկ գործունեություն է, որով զբաղվում են նախագահի աշխատակազմը, Գլխավոր դատախազությունը եւ կառավարական այլ օղակներ: Նույնիսկ՝ Դաշնակցությունը: Բայց առայժմ միայն մեր նշած այս հասարակական կազմակերպությանն է հաջողվել գրասենյակի կառուցման համար քաղաքապետարանից պոկել ոչ ավել-ոչ պակաս՝ 6000 քմ մակերեսով հողատարածք, այն էլ՝ «անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով»: Ընդ որում, հողհատկացումը կատարվել է առանց մրցույթի, ինչը սույն որոշման 1-ին կետի համաձայն՝ հիմնված է ՀՀ հողային օրենսգրքի հոդ. 75-ի 1-ին կետի 2-րդ ենթակետի վրա: Իհարկե, սույն Օրենսգրքի վկայակոչված հոդվածի, կետի եւ ենթակետի մեջբերումից պարզ պետք է դառնա, որ դրանք այս հողհատկացման հետ որեւէ կապ չունեն. «Պետության սեփականությանը պատկանող հողերն առանց մրցույթի, անհատույց (մշտական) օգտագործման են տրամադրվում բարեգործական հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին՝ իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար»: Մինչդեռ ակնհայտ է, որ «Ահաբեկչության դեմ պայքարի աջակցության կենտրոնը» հաստատ բարեգործական չէ: Թե ինչի համար է ահաբեկչության դեմ պայքարի աջակցությանն անհրաժեշտ առողջարարական համալիր, ասենք՝ ֆիթնեսի, սաունայի, մերսման կամ՝ գուցե նաեւ այլ հարմարություններով, մնում է ենթադրել: Որոշման մեջ, ի տարբերություն այս կամ այն սրճարանի կառուցման համար հողհատկացման որոշման, որեւէ կետ չկա, ասենք՝ կանաչ տարածքների պահպանման եւ այլնի մասին: Ի դեպ, որոշման մեջ հստակեցված չէ, թե ինչ ասել է Աթենքի փողոցին հարող տարածք, որովհետեւ դրա մեջ կարող է մտնել նաեւ հենց Ծիծեռնակաբերդի կանաչ տարածքը: Հետաքրքիր մեկ այլ հանգամանք՝ կապված սույն որոշման հետ: Հատկացումն արվել է 2003-ի դեկտեմբերին, որից հետո մասնավորապես Երեւանի այդ գոտում հողի կադաստրային գները միանգամից կտրուկ աճ են արձանագրել: Այսպես, այդ տարածքում 1 քմ հողատարածքի կադաստրային գինը արժե 40 դոլար, իսկ շուկայական գինը շուրջ 100 դոլար է: Նշանակում է, միայն այս 6000 քմ հողատարածքի, չգիտես ինչու, անհատույց եւ առանց մրցույթի սեփականաշնորհման պատճառով ՀՀ պետական բյուջեն կրել է 240-600 հազար դոլարի վնաս: «Կոռուպցիոն ռիսկերը», ինչպես ընդունված է ասել, ակնհայտ են: Մեզ հաջողվեց ճշտել, որ այս կենտրոնի տնօրենը Գեորգի Ավետիսյանն է: Մեր աղբյուրների պնդմամբ, նա հայտնի է շատ նեղ շրջանակների՝ որպես «Յունիգարդ» ֆիրմայի տեր, որը զբաղվում է անվտանգության համակարգերով եւ ահաբեկչության կամ նման «թիթիզ» բաների հետ երբեւէ չի առնչվել: Այլ տեղեկությունների համաձայն, Գ. Ավետիսյանի «տանիքը» Ռուբեն Ռեւազյան անունով մեկն է, որը հայտնի է մամուլում ժամանակ առ ժամանակ հրապարակվող սկանդալային պատմությունների հետ սերտ առնչություններ ունենալով, ինչպիսիք էին՝ ժամանակին «ՋիԷմԶեթ»-ը, վերջերս՝ «Թոռնիկ-Եվա» ՍՊԸ-ի եւ նրա իրականացրած ապօրինի շինությունները, որոնք վիճարկվում էին դատական կարգով: Մեր տեղեկությունների համաձայն, այս նույն մարդիկ Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցում են էժան հողատարածք ինչ-ինչ կազմակերպությունների անվան տակ «կպցնելու» եւ ավելի բարձր գներով վերավաճառելու գործում: Մենք երեկ խնդրել ենք քաղաքապետարանի լրատվական ծառայությանը պարզաբանումներ տալ հողհատկացման այս որոշման հետ կապված եւ ակնկալում ենք, որ այսօր դրա առնչությամբ սպառիչ պատասխան կստանանք: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել