Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂ. ՏԱՐԱԾՔՆԵՐ՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

Հուլիս 27,2004 00:00

Դեսպան
Վլադիմիր Կազիմիրովը՝
հողերի բռնազավթման մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան՝ Բաքվում առաջացրեց դժգոհության հեղեղ եւ կարծր հուզական մեկնաբանություններ: Ղարաբաղի սուր եւ վիճելի հարցերը քննարկելու համար, այնուամենայնիվ, գերադասելի է սառը տրամաբանությունը եւ բանականությունը: Չէին խանգարի նաեւ կատարվածի օբյեկտիվ ընկալումն ու սթափ ինքնավերլուծությունը, նույնիսկ եթե դրանք այնքան էլ հաճելի չեն: Բայց այդ ամենը բոլորի մոտ չէ, որ ստացվում է:

Խաղաղ կարգավորման առաջին պլանում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է եւ հայ- ղարաբաղյան զորքերի կողմից 1992-94-ին ԼՂ-ից դուրս գտնվող Ադրբեջանի շրջանների բռնազավթումը (5-ը գրավվել են ամբողջությամբ, 2-ը՝ մասնակի): Մի կողմը պահանջում է նախեւառաջ վերացնել կոնֆլիկտի պատճառը՝ լուծել կարգավիճակի խնդիրը, մյուսը՝ վերացնել հետեւանքները, այսինքն՝ սկզբից ազատել տարածքները:

Ի պատասխան ԼՂ-ին կարգավիճակ տալու պահանջներին՝ Ադրբեջանը վկայակոչում է տարածքային ամբողջականության սկզբունքը եւ խոստանում է ամենալայն ինքնավարությունը, բայց՝ «հետագայում»: Բաքուն ամեն կերպ շեղում է ուշադրությունը բռնազավթման խնդրի վրա: Այստեղից բխում են նաեւ բացահայտ «մոտավորեցումներ». զավթյալ հողերը՝ երկրի մինչեւ 20%, փախստականները՝ մինչեւ միլիոն: Բռնազավթումը Հայաստանին ագրեսիայի մեջ մեղադրելու հիմնական փաստարկն է: Չնայած այստեղ ամեն ինչ պարզունակ եւ սեւ-սպիտակ չէ: Բռնազավթման խնդիրն իրոք ցավագին է, դա պատերազմի չարորակ ուռուցքն է, նրա կարծր տրամաբանության արդյունքը: Որոշ հայերի տաքարյունությունը, որոնք այդ հողերն անվանում են «ազատագրված», ակնհայտորեն անտեղի է: Սակայն արժեր բացատրել զավթման «ծագումնաբանությունը»՝ ինչու եւ ինչպես է այն առաջացել պատերազմի ընթացքում: Անդրադառնամ սակավ հայտնի, բայց ինձ քաջ ծանոթ բռնազավթման ընթացքին. չորս տարի ես ղարաբաղյան կոնֆլիկտի անմիջական վկան էի: Առավել եւս, որ նույնիսկ հետազոտողները այս հարցում ճշգրիտ չեն:

Ռազմական գործողությունների ընթացքում կողմերը մեկ անգամ չէ, որ հնարավորություն ունեին (1991թ. Ժելեզնավոդսկից սկսած) առանց դեմքը կորցնելու սահմանափակել, կանգնեցնել եւ ընդհանրապես դադարեցնել մարտերը՝ անցնելով վիճելի խնդիրների քաղաքական լուծմանը: Դրա լավ հնարավորությունը կտար ԵԱՀԽ Մինսկի կոնֆերանսի բացումը՝ 1992-ի հունիսին, սակայն Ա. Էլչիբեյի կառավարությունն իր մասնակցության նախապայման էր դրել՝ «հայերի հեռացումը Շուշիից եւ Լաչինից»: Արդյունքում՝ կոնֆերանսի փոխարեն դե ֆակտո ձեւավորվեց աշխատանքային մեխանիզմ՝ Մինսկի խումբը, որին այդքան կատաղի քննադատում են Բաքվում: Ժամանակն է հասկանալու, թե որքան իրատեսական էր այդ լուծումը:

Դրանից անմիջապես հետո Մինսկի խումբը երկու անգամ Ռուսաստանի նախաձեռնությամբ կոչ արեց բոլոր կողմերին կանգնեցնել մարտական գործողությունները (92 թվականի հուլիսին՝ 30 օրով, օգոստոսին՝ 60 օրով): Դրան չհաջողվեց հասնել. առաջին անգամ Երեւանն ու Ստեփանակերտն իբր չէին ստացել այդ կոչը Հռոմից եւ չէին պատասխանել, իսկ երկրորդ անգամ, երբ վերջիններս համաձայնեցին, անհրաժեշտություն առաջացավ չափազանց երկար, մինչեւ 1993թ.գարունը համաձայնություն «կորզել» Ա. Էլչիբեյից: Սակայն, վերջապես, ստանալով մարտերի դադարեցման ամսաթիվը նշանակելու իրավունքը, իտալացիները, որոնք այն ժամանակ Մինսկի խմբի նախագահներն էին, այդպես էլ չօգտագործեցին այն՝ Ադրբեջանում հունիսյան իրադարձությունների պատճառով:

Դեռեւս 1993թ. հունվարին, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ներկայացուցիչները մոսկովյան բանակցություններում, որոնց մասնակցում էին ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Թուրքիան, պատրաստեցին մարտերը դադարեցնելու մասին պայմանագիր, սակայն Բաքուն անսպասելիորեն Ադրբեջանի փոխվարչապետ Հիքմեթ Հաջիզադեի լիազորությունները կորցրած ճանաչեց (նույնը կրկնվեց նաեւ ապրիլին): Արյունահեղությունը կանգնեցնելու այս եւ մի շարք այլ շանսեր բաց թողնվեցին: Իսկ մարտի վերջին, ապրիլի սկզբին հայերը գրավեցին Քելբաջարի շրջանը: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն իր թիվ 822 բանաձեւով պահանջեց անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն ու թշնամական ակտերը, ինչպես նաեւ անհապաղ դուրս բերել բոլոր օկուպացիոն ուժերը: Ի պատասխան ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ ԵԱՀԽ Մինսկի նախագահի կոչի՝ անհապաղ եւ ամբողջությամբ կատարել այդ բանաձեւը, Երեւանն ու Ստեփանակերտը համաձայնեցին, իսկ Բաքուն լռեց, չնայած հենց ինքն էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի նախաձեռնողը եւ ողջունել էր այդ որոշումները: Պարզ է, որ Բաքվում կողմ էին, որ հայերը դուրս գան գրավյալ տարածքներից, բայց ոչ՝ ռազմական եւ թշնամական գործողությունները դադարեցնելու գնով: Իսկ հնարավո՞ր էր արդյոք համատեղել հայերի դուրս գալն ու պատերազմի շարունակությունը:

Քանի որ Մինսկի խումբը թերագնահատում էր արյունահեղության դադարեցման առաջնահերթությունը, Ռուսաստանը սկսեց հանդես գալ խաղաղարար առաջարկներով նաեւ ուղղակիորեն: 1993թ. հունիսի կեսերից մեր միջնորդությամբ Բաքուն պայմանավորվեց ղարաբաղցիների հետ՝ սկզբից դադարեցնել Աղդամի եւ Ստեփանակերտի գնդակոծությունը, իսկ այնուհետեւ՝ հարձակողական գործողությունները, հրթիռահրետանային եւ օդային ռմբակոծությունները Աղդամի եւ Մարտակերտի շրջաններում՝ մեկ շաբաթով: Բանակցելով Հ. Ալիեւի հետ՝ մենք առաջարկեցինք երկարաձգել այդ պայմանավորվածությունը մեկ ամսով՝ մինչեւ օգոստոսի 4-ը, եւ տարածել այն Հադրութի եւ Ֆիզուլիի շրջանների վրա: Ստեփանակերտը կողմ էր՝ մեկ վերապահումով (չէր կարող կանգնեցնել մարտերը որոշ բարձունքների եւ գյուղերի համար), իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս. Աբիեւը, չնայած մեր հիշեցումներին, այդպես էլ չպատասխանեց: Արդյունքում՝ մարտերը վերսկսվեցին, իսկ հուլիսի 23-ին ընկավ Աղդամը:

Հուլիսի 24-ին Բաքուն եւ Ստեփանակերտը համաձայնեցին դադարեցնել հարձակողական օպերացիաները, գնդակոծություններն ու ռմբակոծությունները երեք օրով, ապա՝ եւս մեկ շաբաթով: Որոշեցին նաեւ, որ այդ ընթացքում «պայմանավորվածություն է ձեռք բերվելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ղեկավարների հանդիպման մասին»: Տվյալ ձեւակերպումը հետագայում տեղափոխվում էր մի փաստաթղթից մյուսը, սակայն Բաքուն նման հանդիպման համաձայնեց միայն սեպտեմբերի վերջին:

1993թ. օգոստոսի 18-ին Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը հինգ օրով դադարեցրին կրակը, սակայն այդ պայմանավորվածությունն էլ խախտվեց, եւ ադրբեջանցիները կորցրին Ֆիզուլին ու Ջեբրայիլը: Հ. Ալիեւն այն ժամանակ հրապարակավ խոստովանեց, որ Ադրբեջանի ստորաբաժանումները բազմիցս խախտել են զինադադարը, իսկ Ֆիզուլին հանձնել է շրջանային վարչակազմի ղեկավարը:

Հաշտությունը հաջողվեց վերականգնել միայն օգոստոսի 31-ին, երբ հայերի զորքերն արդեն գրավել էին Ղուբաթլին: Մոսկվայի եւ Երեւանի ճնշման տակ Ռ. Քոչարյանը հրապարակավ խոստացավ թողնել այդ քաղաքը: Բայց հետո «փաթաթեց» այդ խոստման կատարումը: Այնուհետեւ հրադադարը հաջողվեց հետաձգել մինչեւ «Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների»՝ Ա. Ջալիլովի եւ Ա. Ղուկասյանի հանդիպումը Մոսկվայում՝ սեպտեմբերի 12-13-ին: Իսկ այդ հանդիպման ժամանակ՝ մինչեւ հոկտեմբերի 5-ը: Դրանից հետո՝ մինչեւ նոյեմբերի 5-ը: Բայց շուտով հաջորդեցին «խաթարումներ»: Հոկտեմբերի 10-ին Հ. Ալիեւի՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնը ստանձելու օրը տեղի ունեցած միջադեպը գրեթե բերում էր մարտերի բռնկմանը: Մինչեւ «խափանումը» այդ դադարը տեւեց ամբողջ հիսուն օր: Հայերը պատրվակ ստացան Ադրբեջանի ամբողջ հարավ-արեւմուտքը գրավելու համար:

Զուր անցան մեր փորձերը կանգնեցնել արյունահեղությունը նաեւ 93-ի վերջին: Անձամբ Հեյդար Ալիեւի եւ Ղարաբաղի հայերի առաջնորդ Ռ. Քոչարյանի հետ զինադադարը համաձայնեցված էր դեկտեմբերի 19-ից: Երկուսն էլ խոստացան զինադադարը ձեւակերպելու ցուցումներ տալ, սակայն միայն Ստեփանակերտից փաստաթուղթը ժամանակին եկավ: Բաքվում, չգիտես ինչու, ժամանակ էին ձգում: Խոստովանեմ իմ բացթողումը. հաջողվեց Ռ. Քոչարյանին համոզել զինադադար սկսել «ջենտլմենական հիմքի վրա», չսպասելով Բաքվից եկած տեքստին (չէ՞ որ ամեն ինչ համաձայնեցված էր առաջին դեմքի հետ, էլ ո՞ւր ավելի բարձր): Միայն երեք օրից՝ դեկտեմբերի 19-ի երեկոյան, Ա. Ջալիլովը եւ Ն. Սադիխովն ուղարկեցին բացարձակապես անպետք մի ուղերձ, եւ ստիպված էինք ամեն ինչ «չեղյալ համարել»: Այդ խաղի բուն պատճառը ադրբեջանական զորքերի լայնածավալ հակահարձակման նախապատրաստումն էր: Դեկտեմբերի 30-ի՝ Ամանորյա հաշտեցման մեր առաջարկին Ստեփանակերտը համաձայնություն տվեց, իսկ Բաքուն՝ նույնիսկ չպատասխանեց: Չընդունվեց նաեւ փետրվարի 1-ից կրակը դադարեցնելու առաջարկը, չնայած Ստեփանակերտը եւ նույնիսկ Երեւանը համաձայնեցին:

Միայն 94թ. մայիսին կորուստները, հյուծումը, ինչպես նաեւ՝ Բարդայի ու Եվլախի ուղղությամբ ճակատի ճեղքման վտանգն աչքի առաջ ունենալով, Ադրբեջանի ղեկավարությունն ինքը խնդրեց հրադադարի մասին, ինչը թույլ տվեց կազմել անժամկետ հաշտություն, որը տեւում է արդեն տասը տարի: Պարադոքս է, որ ոմանք այսօր կարծում են, թե այդ հաշտեցումը բեռի պես մի բան է ադրբեջանական կողմի համար:

Նույնիսկ այս ոչ լրիվ թվարկումը ցույց է տալիս, որ Բաքուն հիմնականում ապավինում էր կոնֆլիկտի ուժային լուծմանը, գերագնահատում էր իր հնարավորությունները, դիմելով մարտերի դադարեցմանը՝ միայն շունչ քաշելու, ուժերը վերադասավորելու կամ 1993թ. հոկտեմբերին նախագահական ընտրություններ անցկացնելու համար: Զինադադարի ընդհատումները, կրակի դադարեցումից մի կողմ քաշվելը, Բաքվի անփույթ վերաբերմունքը խաղաղարարական նախաձեռնությունների նկատմամբ՝ թույլ էին տալիս հայերին միավորներ հավաքել եւ ընդլայնել բռնազավթումը: Բաքուն հազվադեպ էր կառուցողական պատասխան տալիս նաեւ բանակցությունների միջնորդների առաջարկներին. ԵԱՀԽ Մինսկի կոնֆերանսի խոչընդոտումից բացի, եղան նաեւ Մոսկվայում եւ Փարիզում արտգործնախարարների հանդիպումներից եւ Ժնեւում խորհրդակցությունների շարունակումից հրաժարումներ եւ այլն:

Այնպես որ, միայն հայերը չէ, որ պատասխանատվություն են կրում ռազմական գործողությունների սրման եւ օկուպացիայի համար: Պատասխանատվությունը երկուստեք է: Չեմ ասում, որ հավասար է. դա հնարավոր էլ չէ չափել: Բայց այն, որ երկուստեք է՝ անվիճելի է: Հայկական կողմերը նույնպես անթերի չէին պարտավորությունների եւ խոստումների կատարման հարցում: Նրանք «լռվեցին» այդ տարածքներում, սակայն մերժողական մոտեցումն, այնուամենայիվ, հատուկ էր ոչ նրանց: Սկզբից հայերն իրենք չգիտեին, թե ինչպես վարվել այդ ռազմական «ավարների» հետ: Եվ հնարավորություն կար սկսելու նրանց դուրսբերումը գրավյալ տարածքներից: Սակայն Բաքվի դիվանագիտությունն անմիջապես սկսեց պնդել նաեւ Շուշիի եւ Լաչինի հարցում: «Ամեն ինչ կամ ոչինչ» բանաձեւը հիմնականում չի արդարացվում…

Վերջերս Ի. Ալիեւը հայտարարել է. «Հայկական կողմը առայժմ չի կատարել ՄԱԿ-ի չորս բանաձեւերը՝ բռնազավթված հողերի անհապաղ ազատագրման մասին»: Սակայն «անհապաղ» ազատագրման մասին խոսում է միայն 853 բանաձեւը, մնացած (822, 874 եւ 884) բանաձեւերում այդ բառը չկա: Իհարկե, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արարողակարգային ձեւով կրկնում է իր նախորդ ակտերը, սակայն շատ ավելի հեշտ է կրկնել այդ բառը, քան այն նկատի ունենալ: Այդ բառի «սղման» պատճառը 884 բանաձեւի մեջ է: Այնտեղ ցույց է տրված, թե ով էր խախտում չորս բանաձեւերի այն ժամանակվա հիմնական առանցքային պահանջը՝ ռազմական եւ թշնամական գործողությունների դադարեցումը: Առանց դրա չէր էլ ենթադրվում տարածքների ազատումը: Այդպիսով, անվերապահ պահանջից դա արդյունքում դարձավ բանակցությունների առարկա: Չորս բանաձեւերում կան նաեւ այլ պահանջներ, որոնք ժամանակին չեն կատարվել տարբեր կողմերի կողմից: Կատարված պահանջները շատ ավելի քիչ են:

Այժմ կարեւոր է հաղթահարել երկու ծայրահեղություն. անվերապահ ազատումն անիրական է: «Հողեր՝ կարգավիճակի դիմաց» բանաձեւը նույնպես ակնհայտ չափազանցություն է: Ավելի արդար, տրամաբանական եւ իրատեսական է Ղարաբաղի խնդիրների լուծման բոլորովին այլ բանալի՝ «տարածքներ՝ անվտանգության դիմաց»: Հայկական կողմերի ղեկավարությունը ԼՂ-ից դուրս գտնվող հողերի զավթման ընթացքում պնդում էր, որ հավակնություններ չունի դրանց նկատմամբ, այլ իր վերահսկողության տակ է վերցնում միայն կրակակետերը ճնշելու, ռազմական գործողությունները ԼՂ-ից հեռացնելու, բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով եւ այլն: Եվ իրոք, հողերի ազատման խնդիրը շատ ավելի բնական ձեւով կապված է ԼՂ անվտանգության եւ ոչ՝ նրա կարգավիճակի հետ: Տրամաբանական կապը կարգավիճակի հետ այստեղ ակնհայտորեն կաղում է: «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» փոխանակումը կհակասեր հենց հայերի գծին, որոնք միշտ (Լիսաբոնում եւ այլ դեպքերում) դեմ են եղել կարգավիճակի հարցի կանխորոշմանը: Նման փոխանակումը կարգավիճակի իմաստով անիմաստ կհամարեր կոնֆերանսը կամ կհավերժացներ բռնազավթումը՝ մինչեւ կոնֆերանսի ավարտը, որը դեռ պարզ չէ, թե երբ է գումարվելու:

Հայերի դուրս գալն այդ հողերից եւ այնտեղ բռնի տեղահանվածների վերադարձը պետք են ամենեւին ոչ ռազմական գործողությունների վերսկսման համար, ուստի միանգամայն տրամաբանական է բոլոր ազատագրված տարածքների երկարաժամկետ ապառազմականացման գաղափարը (քանի չի լուծվել ԼՂ կարգավիճակի հարցը): Հողերի ազատագրումը, դրանց ապառազմականացման կոնկրետ պարամետրերը եւ, իհարկե՝ Լաչինի ու Շուշիի համար հատուկ պայմանները բանակցությունների առարկա են: Անցումն առավել տրամաբանական՝ «տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձեւին, կնշանակեր նաեւ վերջնական հրաժարում երկու սեւեռուն գաղափարներից, որոնք այժմ արգելակում են ցանկացած առաջընթաց. ինչպես «փաթեթի» գաղափարը, այնպես էլ՝ ուժային ռեւանշի սպառնալիքները: Դա կնշանակեր ղարաբաղյան կարգավորման հարցում իրական առաջընթաց: Ոչ թե խոսքով, այլ՝ գործով:

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ
«Ռեգնում», 24 հուլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել