Լրահոս
Օրվա լրահոսը

«Սունդուկյանի» բեմը վերակենդանացավ

Հուլիս 27,2004 00:00

Վաղուց
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը այնքան բազմամարդ
չէր եղել, ինչպես հուլիսի 24-25-ին:
Այդ օրերին հանդիսատեսի դատին հանձնվեց ամերիկաբնակ բեմադրիչ Ռաֆիկ Գրիգորյանի «Ծառերը կանգնած են մահանում» (հեղինակ՝ Ալ. Կասոնա) ներկայացումը՝ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի երիտասարդ դերասանների մեկնաբանմամբ: Գլխավոր դերում հրավիրված էր խաղալու մայր թատրոնի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը: «Համատեղ, անսամբլային ներկայացում ենք պատրաստել, Գարսիա Լորկայի ժամանակակցի գործը ընտրել ենք Վարդուհի Վարդերեսյանի հետ»,- ասաց բեմադրիչը: Իսկ սիրված դերասանուհին նշեց, թե գյումրեցիների հետ Սունդուկյան թատրոնի բեմին խաղացած այս ներկայացումը նվիրում է Գյումրիին, որն իրեն սնել է իբրեւ դերասանուհի:

Հիշեցնենք, որ 12 տարի առաջ Հայաստանից վիրավորված ԱՄՆ մեկնած Ռ. Գրիգորյանը (նրա ձեռքից խլել էին տունը՝ կուսակցական գրասենյակ դարձնելու համար ) իր գործունեության ոլորտը, ինչպես անում են արտերկրում արվեստագետները, չի փոխել: Այժմ նա Լոս Անջելեսի «Բեմ» մշակութային միության ատենապետն է, նաեւ տեղի «Ֆրունզիկ Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Պրն Գրիգորյանը տեղեկացրեց, որ պատրաստվում եւ առաջիկայում կմասնակցի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին, որտեղ կներկայացվի Կարինե Խոդիկյանի «Չկրակե՛ք, ես սպանված եմ» գործը: Այս ներկայացման մեջ, բեմադրիչից բացի, ներգրավված են Գյումրիի թատրոնի դերասաններ, «Բամբիռ» ռոք համույթը:

«Իր գոյության տարիներին «Ֆրունզիկ Մկրտչյան» թատրոնը բազմաթիվ ներկայացումներով ու հետաքրքիր ծրագրերով է հանդես եկել: Շուրջ 5 տարի է համագործակցում է «Էդգար Էլբակյան» թատրոնի հետ, որի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Էլբակյանը: Համատեղ բեմադրել ենք Սարոյանի գործերից, որոնք մեծ աղմուկ են հանել Լոս Անջելեսում»,- պատմեց Ռ. Գրիգորյանը: Լոս Անջելեսի «Ֆրունզիկ Մկրտչյան» թատրոնը համագործակցում է աշխարհահռչակ գրողի որդու՝ Արամ Սարոյանի հետ, շուտով բեմադրվելու է վերջինիս «Իրիկնամուտ» պիեսը: ԱՄՆ-ում ջերմ ընդունելության է արժանացել նաեւ Կ. Խոդիկյանի «Դարպասներ» պիեսը:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ դարձյալ կվերադառնա՞ ու կվերահաստատվի՞ բեմադրիչը Հայաստանում: «Ես այն տարիքում չեմ, որ այս էլ որերորդ անգամ ամեն ինչ զրոյից սկսեմ: Իհարկե, ցանկալի է ապրել ու ստեղծագործել հայրենիքում, բայց ԱՄՆ-ում արդեն ահագին գործ եմ արել եւ չէի կամենա թողնել կիսատ»,- ասաց նա: Մեզ հետաքրքրում էր ՝ որեւէ կապ ունե՞ն Լոս Անջելեսի «Ֆրունզիկ Մկրտչյան» եւ Երեւանի «Մհեր Մկրտչյան» թատրոնները: «Մհեր Մկրտչյանը մեկն էր, բայց կա 2 թատրոն նրա անունով, ոչինչ չի խանգարում, որ մենք համագործակցենք ու լրացնենք մեկս մյուսին, մանավանդ մեկ ընդհանուր գործ ենք անում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել