Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Հուլիս 27,2004 00:00

Ինչո՞ւ
է դիմորդն այդքան հաճախ օգտվում սանհանգույցից
ՀՀնախագահի վերահսկողական ծառայությունը այս տարի զգալի դերակատարություն ունի ընդունելության քննություններում: Նախագահի հանձնարարությամբ այդ ծառայության աշխատակիցները պարտավոր են դիտորդի կարգավիճակով ներկա գտնվել բոլոր քննություններին, սակայն ոչ միայն ֆիքսել կատարվածը, այլեւ՝ որտեղ պետք է՝ կանխել, դիտողություններ ու առաջարկություններ անել: Եվ խնդիրը միայն ծածկագիր բռնելը չէ կամ այն, թե դիմորդը մի քննության ընթացքում քանի անգամ օգտվեց սանհանգույցից եւ ինչու: Այլ այն, թե համակարգն ինչ փոփոխությունների կարիք է զգում, որպեսզի մեր օրինաց երկրում ուսանող դառնա իսկապես արժանին եւ կեղծիքը «համակարգված» բնույթ չկրի: Իհարկե, որեւէ հասարակարգում կամ երկրում հնարավոր չէ կատարելության հասնել, ինչպես եւ բանակից հնարավոր չէ ոջիլն իսպառ վերացնել, բայց դրա դեմ պայքարել է պետք եւ ոչ թե նպաստավոր պայմաններ ստեղծել բազմացնելու համար:

Մեր աղբյուրը վկայում է, որ նախագահի վերահսկողության ծառայությունը քննություններին իր մասնակցությունից հետո արձանագրել է հետեւյալ խախտումները:

Դեռ ամիսներ առաջ հենց նախագահականից բուհական համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերլուծության եւ ապա՝ ԿԳՆ-ին ուղղված առաջարկությունների մեջ կար մի կետ, որ քննությանը ներկա չլինեն հանձնաժողովի անդամներն ու նախագահը՝ իբրեւ տվյալ առարկայի մասնագետներ: Ի թիվս այլ առաջարկների, ԿԳՆ-ն անտեսել էր նաեւ այս մեկը եւ այժմ լայնորեն գործի է դնում այս միջոցը, ինչին էլ ակնդետ հետեւում են վերահսկողականի աշխատակիցները: Մինչ օրս տեղի ունեցած գրեթե բոլոր քննություններում գրանցվել են հուշելու դեպքեր՝ հանձնաժողովի անդամների եւ անգամ՝ նախագահի կողմից: Ընդ որում՝ հուշելու գործընթացը նախապես է համաձայնեցված. դիմորդը տեխնիկական հարցի պատրվակով ձեռք է բարձրացնում, եւ նրան մոտենում է, ասենք, ոչ թե լիազոր անդամը, որը տիրապետում է տեխնիկական բոլոր խնդիրների լուծմանը, այլ հենց հանձնաժողովի անդամ-մասնագետը: Եվ տեխնիկական հարցը փոխվում է բովանդակայինի, ու ոչ թե 1-2 անգամ, այլ 5-6 կամ ավելի: Եվ երբ «անցանկալի անձանց» ներկայությամբ հուշելն այլեւս անհնար է դարձել, սկսել են անհավանական չափերի հասնել նաեւ դիմորդի՝ սանհանգույցից օգտվելու դեպքերը: Այն աստիճան, որ վերահսկողականը պարտադրված է եղել դիմորդներին «ընկերակցել» նաեւ այս հարցում: Արդյունքում՝ սանհանգույցից գտնվել են պատմության, աշխարհագրության գրքերի թերթեր, ձեռագիր էջեր ու Ա4 ձեւաչափի թղթերի վրա տպված թեմաներ: Այստեղ մի քանի անգամ գալով՝ հեշտությամբ կարելի է սերտել տվյալ թեման ու վերադառնալով գրել կարդացածը:

Ոչ պակաս տարածված մեթոդներից է «հարցերը լուծել» հենց գրավորների ստուգման ժամանակ: Հայոց լեզվի, հայ ժող. պատմության դեպքում արձանագրվել են փաստեր, երբ առարկայական հանձնաժողովի նախագահն ինքն է հանձնաժողովի անդամներին իր ընտրությամբ բաժանել գրավորները, որոնց վրա հատուկ նշումներ են արված եղել: Վերահսկողականն այստեղ էլ առաջարկել է գրավորներն ստուգել վիճակահանությամբ: Եվ, ընդհանրապես, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ որոշ անդամներ կոմպետենտ չեն թե՛ մասնագիտական եւ թե՛ գնահատման չափանիշներից օգտվելու հարցերում: Այսպես՝ ընդհանուր պատմություն առարկայի գրավոր աշխատանքներն ստուգելիս հանձնաժողովականներն ավելի շատ նայել են գրքին, քան ստուգվող տետրին, գրավորը տառ առ տառ համեմատել են գրքում տպվածի հետ: Ինչ վերաբերում է գնահատման չափանիշներին, ապա վերահսկողականը դիտողություններ է արել նաեւ այս հարցում: Մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաների դեպքում արձանագրվել են փաստեր, երբ հանձնաժողովի անդամը, խնդիրներն առանձին-առանձին գնահատելով, ամեն միավորներն իր հերթին կլորացրել է, այնուհետեւ՝ իրար գումարել այդ կլորացված թվերը: Ընդ որում՝ որոշ դեպքերում կլորացումը կատարվել է ոչ հօգուտ դիմորդի, իսկ ցանկալի դեպքերում էլ՝ հօգուտ դիմորդի:

Առաջիկայում պատրաստվում ենք տպագրել հակառակ կողմի, այսինքն՝ ընդունող հանձնաժողովների անդամների մեկնաբանությունն այս առիթով:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել