Դա
Նարեկ Սարգսյանի եւ իր խմբի նախագիծն է
«Սա այն Հյուսիսային պողոտան չէ, որ նախագծել է Ալ. Թամանյանը»,- օրերս «Առավոտին» տված հարցազրույցում հայտարարել էր Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։ Դրան հետեւեց Հյուսիսային պողոտայի նախագծի հեղինակային խմբի ղեկավար Նարեկ Սարգսյանի պատասխան հայտարարությունը մեր թերթին. «Ճիշտ է. այսօրվա Հյուսիսային պողոտան Թամանյանի նախագիծը չէ։ Թամանյանը Հյուսիսային պողոտայի նախագիծ չուներ եւ չի ունեցել։ Թամանյանն ընդամենը Երեւանի գլխավոր հատակագծի վրա ուներ 47 մետր լայնությամբ պարագծային կառուցապատման հատակագծային լուծումով ցուցադրված սխեմա միայն։ Ուրիշ ոչինչ։ Ես դա անկեղծորեն կարող եմ ասել հիմա թերեւս նրա համար, որ պողոտայի կառուցապատումն այլեւս անդառնալի պրոցես է եւ վախ չունեմ, որ այն կտապալվի։ Մենք որդեգրել ենք Թամանյանի պարագծային կառուցապատման կոնցեպցիան, մերժելով 1981թ. հաստատված Երեւանի կենտրոնի հատակագծում համաձայնեցված հրապարակային շղթաների հայեցակարգը։ Ծրագիրը մշակվել է իմ կողմից՝ 1999-ին, Արմեն Դարբինյանի վարչապետության օրոք, երբ ես վարչապետի խորհրդական էի։ Նույն թվին Երեւանի գլխավոր ճարտարապետ դառնալուց հետո ՀՀ նախագահի հանձնարարությամբ սկսվեցին նախագծի մշակման աշխատանքները։ Վերջնական մշակմանը հրավիրել եմ այն ճարտարապետներին, որոնք տարբեր ժամանակ այս կամ այն կերպ առնչվել են Հյուսիսային պողոտայի նախագծի մշակմանը, հաղթել մրցույթներում։
Շատ տարօրինակ է Մ. Մինասյանի այն գնահատականը, որ պողոտայի առանձին կտորներ առանձին պատվիրատուների ճաշակով է կառուցվելու։ Քանի որ կասկածի տակ է առնվում արդեն հաստատված նախագծի կատարումը։ Այդ դիրքորոշումը տարօրինակ է նաեւ նրանով, որ խոսքը գնում է իմ եւ իր կողմից շատ հարգված ճարտարապետական էլիտայի մասին, ում հետ վերջնական տեսքի է բերվել նախագիծը. Աշոտ Ալեքսանյան, Ռոմեո Ջուլհակյան, Գուրգեն Մուշեղյան, Գարրի Ռաշիդյան, Ռուզաննա Ալավերդյան, Գագիկ Հովհաննիսյան եւ Հովիկ Մուտաֆյան։ Բացի այդ, դեռեւս 1999-ին ասվել է, որ Հյուսիսային պողոտան ունի հստակ կոնցեպցիա, եւ ոչ մի պատվիրատու կամ մեծահարուստ չի կարող թելադրել իր կամքը»։
Ճարտարապետների միության նախագահը, վկայակոչելով իր տեսած թամանյանական նախագիծը, ասել էր, որ պողոտայում պետք է կառուցվեին 4-5 հարկանիներ, ոչ թե 9, ինչպիսին սկսել են այսօր։ Ն. Սարգսյանի պատասխանն այսպիսին էր. «Այստեղ կառուցվում են 6 հարկանի, գումարած 2՝ նահանջող հարկերով շենքեր։ Այսինքն, պողոտայով քայլողը տեսնելու է 6 հարկը, ինչը Երեւանի համար համահունչ մոդել է։ Եթե այս մասշտաբներն ինչ-որ տեղ կհամարվեն փոքր-ինչ բարձր եւ խիտ, ապա, միեւնույն է, Երեւանն ի վերջո գալու է այդ մասշտաբին։ Երեւանը 10-20 տարի հետո դառնալու է խիտ ու կառուցապատված քաղաք։ Ես դա ասել եմ, ասում եմ եւ շարունակելու եմ ասել։ Երեւանն իրոք փոխվելու է եւ պետք չէ ինչ-որ տեղ պոպուլիստական ցանկությամբ ասենք այն, ինչը երբեք չի իրականանա։ Ազնվությունը պահանջում է ասել, որ Երեւանի քաղաքաշինական ֆորմուլան Թամանյանից հետո չի ենթարկվել փոփոխության, իսկ դա անհրաժեշտ է անել անպայման ու հրատապ։ Մենք 100 տարի առաջ ենք ունեցել Թամանյան եւ 100 տարի հետո չենք կարող թույլ տալ կրկնել բացառապես այն, ինչ արել է նա։ Չէ՞ որ Թամանյանն էլ չկրկնեց 18-րդ դարի հայ ճարտարապետությունը։ Նա եկավ նոր խոսքով, եւ մենք էլ ենք պարտավոր կառուցել միջազգային քաղաքաշինության մեջ ճանաչելի եւ նկատելի մայրաքաղաք»։
Ինչ վերաբերում է Մ. Մինասյանին ու հանրությանը նույնպես մտահոգող կանաչ տարածքների կորստի խնդրին, ապա Ն. Սարգսյանի կարծիքով էլ «այդ կորուստը կա», բայց «դրա փոխարեն կայացել է հողի շուկան, ներդրողներ են եկել, կանաչն էլ իր ժամանակին կվերականգնվի, ի վերջո, Երեւանը ենթարկվել է քաղաքաշինական վիրահատումների, ինչն առանց ցավի չէր կարող լինել»։
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ