Ընդդիմությանը խորհուրդ է տալիս նախագահի խորհրդականը
«Անկեղծ ասած, քաղաքական կառույցներում չեմ տեսնում աշխատանքի այնպիսի մեթոդների ձեւավորվածություն, որ, ասենք թե՝ այս գարունը կամ աշունը տարբերվեն մյուսներից»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին կարծիք հայտնեց ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը: Նրա համոզմամբ, հայաստանյան քաղաքական ուժերը արդեն տարիներ շարունակ կրկնում են այն մեխանիզմներն ու մոտեցումները, որոնց արդեն շատ լավ տիրապետում են, անկախ արդյունքներից։
Արդյո՞ք քաղաքական դաշտի այս թերարժեքությունը ճակատագրական չի դառնա մեր երկրի եւ ժողովրդի համար՝ նկատի ունենալով այն, որ միջազգային ատյաններում ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ աշխուժություն է նկատվում: «Մեր ներքաղաքական կյանքում խիստ անհրաժեշտություն կա հաշվի նստելու այդ հանգամանքի հետ, որպեսզի ցանկացած ժամանակ շահեկան վիճակում հայտնվենք: Այլապես չի բացառվում, որ հենց այդպիսի մի պահի լուծումների ամենամեծ ակտիվացումը ստանանք: Ինչ վերաբերում է հարցի վերջնական լուծմանը՝ ես չեմ կարծում, որ Հայաստանում կա որեւէ քաղաքական ուժ, որը չի ընկալում հարցի խորությունն ու լրջությունը եւ իր գործունեության տրամաբանությունը չի բխեցնի այդ հարցից»: Այն, որ 1998-ի իշխանափոխությունը տեղի ունեցավ ազատագրված տարածքների՝ նախորդ իշխանությունների կողմից ետ վերադարձնելու պատրվակով, իսկ հիմա Ռոբերտ Քոչարյանը Ստրասբուրգում ակնարկում է նման տարբերակի կիրառելիության մասին, ավելի ուշ ՀՀԿ-ական պատգամավորն է արդեն ուղղակիորեն հայտարարում այդ մասին, նախագահի խորհրդականն այսպես է պարզաբանում. «Մամուլի հրապարակումներում իրադարձություններից առաջ ընկնելու միտում կա: Իրականում նման խնդիրներում ձեւակերպումների շեշտադրումներն անգամ շատ էական են: Իսկ իմ ընկալումներն այնպիսիք չեն, ինչպիսիք մամուլի հրապարակումները: Երեք հնարավոր մոտեցում կա՝ որեւէ կողմն ուժային մեթոդներով հարցը հօգուտ իրեն է լուծում, ոչինչ չի փոխվում, ամեն ինչ մնում է ներկայիս իրավիճակում եւ փոխզիջումային լուծումներ, որն առաջ տանելու համար միջազգային կառույցները որոշակի սկզբունքներ եւ գաղափարներ են մշակում: Խոսքն ընդամենը այն մասին է, որ արդյունավետ է երրորդը, եւ եթե ադրբեջանական կողմը կենտրոնանար այդ տարբերակի վրա, շահեկան կլիներ երկու կողմերի համար էլ: Ես չեմ նկատել, չեմ տեսել, որ լուծումների ուղղությամբ նախագահ Քոչարյանը որեւէ բան է բացահայտել»:
Իսկ ինչպե՞ս պետք է քաղաքական ուժերը կազմակերպեն իրենց աշխատանքները: «Ոչ միայն լինի՝ ամեն ինչ լավ է ու վերջ սկզբունքը, կամ մեկը թշնամի է, մյուսը՝ փրկիչ. դա պրիմիտիվիզմ է, որը այս ժամանակահատվածում գործին չի օգնում»,- ասում է մեր զրուցակիցը: «Ընդդիմությունն աշնանից վերադառնա՞ խորհրդարան» հարցի պատասխանը եղավ. «Դրանից կշահի հասարակությունը: Ակնկալիք ծավալներն էլ մի քիչ ավելի ռեալությունների դաշտ կտեղափոխվեն, քաղաքականությանը առօրեականություն կտրվի, երազային, եթերային, լոզունգային մեխանիզմներից առօրյա կյանքի դժվարություններ մուտք կգործեն: Պետք է համարձակվել դրանով զբաղվել»,- խորհուրդ է տալիս միջին խավի ձեւավորմամբ զբաղված Ս. Ավագյանը: «Առավոտի» դիտարկումը՝ արդյո՞ք «երազային, եթերային, լոզունգայինը» վերաբերում է իշխանափոխության պահանջին, մեր զրուցակիցը հստակեցրեց. «Եթե որեւէ ելույթ վերլուծենք, ապա խնդիրների շեշտադրումներն ավելի շատ էմոցիոնալ դաշտից են: Ռեալ մեխանիզմներ չկան: Տեսնել հարուստ, բարեկեցիկ, լուծված՝ ցանկալի է, բայց ե՞րբ, ինչպե՞ս… սա կյանքից հեռացում է նշանակում, թեեւ ականջ շոյող է»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ