Դաշնակցությունը
կողմ է 101 պատգամավորին եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բայց
պատրաստ է փոխզիջումների:
Ուրբաթ երեկոյան ՀՀ նախագահի մոտ տեղի է ունեցել կոալիցիայի խորհրդի նիստ։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իշխանամետ ուժերը ՀՀ նախագահին զեկուցել են սահմանադրական փոփոխությունների ընթացքի մասին։ Մի շարք կարեւոր հարցեր, ըստ էության, չէին կարող վերջնական տեսքով ներառվել փոփոխությունների փաթեթում, քանի դեռ դրանց վերաբերյալ «դաբրո» չէր ստացվել կոալիցիայի ղեկավարից։ Ըստ էության, այդ «դաբրոն» ստացվել է, եւ բաց մնացած հարցեր արդեն չկան։ Ուրբաթ օրն անդրադարձել էինք այդ առնչությամբ ՀՀԿ-ի տեսակետին։ Այսօր ներկայացնելու ենք դաշնակցության եւ ՕԵԿ-ի մոտեցումները։
ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիոն խորհրդի ուրբաթ օրն անցկացված նիստում սահմանադրական բարեփոխումներից բացի, այլ հարց չի քննարկվել։ Սակայն հանդիպումը եղել է արդյունավետ. «Ընդհանուր առմամբ փոփոխությունների առաջարկությունները բավականին շատ են, գրեթե 5-6 տասնյակի են հասնում։ Դրանք առնչվում են տարբեր ոլորտների՝ սկսած մարդու իրավունքների ամբողջ բլոկից մինչեւ իշխանության բաժանման հավասարակշռված իրականացումը, հակակշռման եւ զսպման ավելի օպտիմալ մեխանիզմների ամրագրումը։ Փոփոխությունների մաս է կազմում նաեւ Արդարադատության խորհրդի ձեւավորման հարցը։ Դատական համակարգը ամբողջությամբ պետք է անջատ լինի գործադիրից։ Սա, ի դեպ, նաեւ ԵԽ պահանջների մեջ է մատնանշվել։ Տեղական ինքնակառավարման հետ կապված՝ միտում կա համակարգն ավելի ընդլայնելու։ Գործող Սահմանադրության մեջ շատ քիչ տեղ է հատկացված տեղական ինքնակառավարման իրականացմանը, այդ համակարգի լիազորությունների հստակեցմանը։ Փոփոխությունների մի մասն էլ առնչվում է ԱԺ-ի իրավասություններին։ Իրավասությունների վերաբաշխումը ենթադրում է, որ նախագահի որոշակի լիազորություններ կպակասեն եւ կավելանան ԱԺ-ի լիազորությունները։ Սա մասնավորապես վերաբերում է կառավարության ձեւավորմանը։ Մինչ օրս կառավարությանը հնարավոր է անվստահություն հայտնել ծրագիրը ընդունել-չընդունելով։ Իսկ այս փոփոխություններում ներառված է այն հնարավորությունը, որը թույլ կտա ԱԺ-ին մասնակից դառնալ կառավարության ձեւավորմանը։ ԱԺ-ն հնարավորություն է ստանում նաեւ լիարժեք գործել որպես քաղաքական մարմին»։
Ամենակարեւորներից մեկը մնում է երկքաղաքացիության արգելքի վերացման հարցը։ Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ. «Սա հնարավորություն կտա օրենքի միջոցով ավելի հստակ լուծում տալ երկքաղաքացիության խնդրին։ Կարեւորը երկքաղաքացիություն ունեցող մարդկանց իրավունքների եւ պարտավորությունների ճիշտ բալանսը գտնելն է։ Այսինքն՝ իրավունքները պետք է համահունչ լինեն պարտականություններին։ Այս հարցը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս, եւ որոշակի բուռն քննարկումներ են ընթացել»։
Սահմանադրության փոփոխված տարբերակում կլինի եւս մեկ նորություն։ Եթե գործող Սահմանադրության մեջ պարզապես նշված է, որ նախագահը կարող է ստեղծել խորհրդակցական այլ մարմիններ, ապա փոփոխված տարբերակում Անվտանգության խորհրդի ստեղծման հարցը կարեւորվել է։ Ասվում է, որ անպայման պիտի ստեղծվեն Անվտանգության խորհուրդ եւ խորհրդակցական այլ մարմիններ, իսկ սրանց գործունեության կարգը ավելի հստակեցման խնդիր ունի: «Մենք առաջարկում էինք, որ դա կատարվի օրենքով, բայց սա նշանակում էր նախագահի լիազորությունների ոլորտի սահմանափակում»,- հստակեցրեց Արմեն Ռուստամյանը։ Դժվար չէ կռահել, որ նախագահը այս տարբերակին կողմ չի եղել։
Կոալիցիայի խորհրդի նիստում քննարկման նյութ է դարձել նաեւ պատգամավորների թվի հարցը։ Այստեղ կարծիքները տարբեր են՝ դաշնակցությունը կողմ է 101- ին, ՕԵԿ-ը՝ 121-ին, ՀՀԿ-ն՝ 131-ին։ Սակայն դաշնակիցները փորձել են գտնել օպտիմալ տարբերակ եւ առայժմ համաձայնության են եկել 121-ի հարցում։ Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ. «Մենք պնդում էինք պահպանել 101-ը, բայց կոմպրոմիսային առաջարկություն եղավ, եւ ընտրվեց 121-ը։ Անհրաժեշտ էր, որ շրջանառության մեջ դրվելիք նախագծում որեւէ թիվ ֆիքսվեր։ 101-ի պարագայում մենք մնում էինք միայնակ, եւ ֆիքսվում էր 131-ը։ Թեպետ 101-ը նախորդ՝ հանրաքվեի դրված տարբերակում արդեն քվեարկվել էր. մոտ 550 հազար ձայն էր հավաքել սահմանադրական բարեփոխումների առաջին նախագիծը»։ Դաշնակցությունը կողմ է հասնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, թեպետ այժմ քննարկվում է 80-20 տոկոսի հարաբերակցությունը։ Սա դեռեւս ֆիքսված թիվ չէ. «Այդ թիվը եթե ֆիքսվում է, ուրեմն պետք է ֆիքսվի մեկընդմիշտ եւ դա կատարվի ընտրություններից շատ ավելի վաղ»։
ՕԵԿ խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի փոխանցմամբ, ուրբաթ օրը ՀՀ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած կոալիցիայի խորհրդի նիստում չեն եղել վիճահարույց խնդիրներ. «Մի շարք խնդիրներ ճշտվել են, մասնավորապես՝ պատգամավորների քանակի հարցը, նաեւ՝ արտակարգ իրավիճակների սահմանումը։ Արտակարգ դրության իրավական կարգավիճակը հետագայում պետք է աշխատեցվի օրենքով»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ