Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՐԵՆ ՈՒ ՆԱՐԵԿԸ ԵԿԱՆ

Հուլիս 24,2004 00:00

ՆԱՐԵՆ ՈՒ ՆԱՐԵԿԸ ԵԿԱՆ Օգոստոսին սկսվելու են համահայկական մշակութային խաղերը Երեկ Կասկադի «Խանջյան» սրահում հրավիրվել էր «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի առաջին պաշտոնական ասուլիսը։ Ներկա էին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը, փառատոնի գլխավոր ռեժիսոր Հրաչյա Աշուղյանը։ Քանի որ «Առավոտը» բազմիցս անդրադարձել է օգոստոսի 14-23-ը անցկացվելիք փառատոնին, հետեւաբար ներկայացնում ենք կազմակերպիչներին ուղղված մեր հարցերը։ «Փառատոնին Սփյուռքից մասնակցում են հիմնականում ինքնագործ խմբեր եւ ինքնուս անհատներ, հնարավոր չէ՞ր առաջին փառատոնն անցկացնել ավելի նեղ շրջանակով, բայց պրոֆեսիոնալների մակարդակով» հարցին Կ. Խոդիկյանը պատասխանեց. «Ձեր դիտարկումը տեղին է։ Սակայն չմոռանանք, թե ինչ է նշանակում սփյուռքահայի համար՝ աշխատանքից հետո զբաղվել սիրած նախասիրությամբ։ Այո, Սփյուռքում հայ մշակույթը ոչ պրոֆեսիոնալ մակարդակի վրա է, բնականաբար, սփյուռքահայը ապրում եւ գործում է ոչ պրոֆեսիոնալ կերպով։ Իրականությունն այսպիսին է։ Սա առիթ է մեկս մյուսի հետ շփվելու ու լավ ճանաչելու համար։ Թույլ տվեք ասելու, որ ձեր լուսաբանումները պետք է ստեղծեն բարենպաստ պայմաններ ու եթե հանդիպեք ոչ պրոֆեսիոնալ երեւույթի, ինչը չի բացառվում նման մեծամասշտաբ միջոցառման ժամանակ, հաշվի առեք, որ սփյուռքահայը հայ է մնացել մեր քոչարիով ու հորովելով»։ «Ինչպե՞ս բացատրել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախագահ Թամար Պողոսյանի բացակայությունը եւ ձեր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի ներկայությունը եւ եթե իրավասու եք, խնդրում եմ պատասխանել, թե որքա՞ն է կազմում փառատոնի ֆոնդը» հարցին Ն. Մելքումյանը պատասխանեց. «Տիկին Պողոսյանի բացակայությունը կարելի է բացատրել նրա բազմազբաղ լինելով, քանի որ շարունակվում են ներդրումները։ Այսօրվա դրությամբ հիմնադրամի ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար։ Եվ ուզում եմ նշել հատկապես հայաստանցի գործարարների ներդրումները»: Մեր պնդմանը՝ նշել գոնե մեկ անուն եւ գումարի չափ՝ Ն. Մելքումյանը հրաժարվեց։ «Դժվար չի՞ լինի աշխատել ոչ պրոֆեսիոնալ կատարողների հետ» հարցին Հ. Աշուղյանը պատասխանեց. «Ես ունեմ այդ պրակտիկան։ Սա 1999-ին մեկնարկած համահայկական խաղերի օրգանական շարունակությունն է։ Հպարտանում եմ, որ փոքր երկիր լինելով՝ ունենք մեծ Սփյուռք։ Շատ եք խոսում պրոֆեսիոնալիզմից։ Տեղեկացնեմ, որ փառատոնի հանդիսավոր բացման օրը՝ օգոստոսի 15-ին, Ազգային օպերային թատրոնում ելույթ կունենան միայն հայաստանցի պրոֆեսիոնալ արվեստագետները։ Ֆրանսիայից «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը, որը գործում է ավելի քան կես դար, պրոֆեսիոնալ է, ոչ թե սիրողական։ Ուզում եմ ասել, որ ժամանում են թեպետ սիրողական, բայց աշխարհի տարբեր բեմերում թրծված խմբեր»։ Ասուլիսի վերջում առաջին անգամ ներկայացվեցին փառատոնի խորհրդանիշ Նարեն եւ Նարեկը՝ հայոց եռագույնի երանգներով եւ ազգային տարազի տարրեր պարունակող հագուստով։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել