Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի մարդիկ հարգում են միայն հիշատակը

Հուլիս 24,2004 00:00

Գազի մարդիկ հարգում են միայն հիշատակը «Մենք խոնարհվում ենք ընկածների առջեւ… բայց զինվեք համբերությամբ»,- այսպիսի խորհուրդներով են «Արցախգազի» ընկերության պաշտոնյաները սփոփում Վլադիմիր (Վլադիկ) Առուստամյանի այրուն՝ Նինային: Չորս երեխաների մայր Նինան երկար է համբերել: Արդեն 2 տարի է՝ նա համբերատար նայում է իրենց տնից 100 մետր հեռավորությամբ անցնող գազատար խողովակին: Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի այս տունը Վլադիկը սկսեց կառուցել 1989 թվականին` Երեւանից վերադառնալով Ղարաբաղ: Տան կառուցումը ստիպված էին ավարտել Նինան ու դուստրերը: Վլադիմիրը հերոսի մահով զոհվեց 1994թ. մայիսին Մարտակերտում՝ զինադադարից 3 օր առաջ: «Ռազմական Խաչ» առաջին աստիճանի շքանշան ու զինվորական հեռադիտակ. ահա այն ամենը, ինչ մնացել է հոր մահից հետո ծնված 10-ամյա դստերը: Երկու տարի առաջ, երբ սկսվեց Մարտունի քաղաքի Արզումանյան փողոցի գազամատակարարումը, հայտնի դարձավ, որ փողոցի վերջի 3 տները, այդ թվում հերոսի այրու տունը, ընդգրկված չեն գազամատակարարման ծրագրի մեջ: Գազիֆիկացումն իրականացնող «Արցախգազին» չի բավականացրել 100 մետր խողովակաշար: Նինա Առուստամյանը պարբերաբար գնացել է Ստեփանակերտ, խնդրել է կազմակերպության ղեկավարներին գազատար խողովակը հասցնել իր տուն, առաջարկել է 50 մ խողովակ տրամադրել: Ի պատասխան՝ նա ստանում էր նամակներ, որոնցով «Արցախգազի» պաշտոնյաները հավաստիացնում էին, որ զոհված հերոսների հիշատակն իրենց համար թանկ է: Բայց նրանց զգացմունքները հերոսների նկատմամբ ոչ մի կերպ չեն ջերմացնում Նինային ու նրա երեխաներին՝ ձմռանը: Դրա համար Նինան ամեն տարի ստիպված է վառելիք գնել: «Արցախգազ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը Մարտունիում ունի գրասենյակ, որի ներկայացուցիչը 50-մետրանոց խողովակի տեղադրումը գնահատել է 60 000 դրամ: Այս գումարին պետք է ավելացնել եւս 20 000 դրամ՝ գազի հաշվիչ տեղադրելու համար: Ն. Առուստամյանը պատրաստ է վճարել հաշվիչի տեղադրման համար նախատեսված 20 հազար դրամը, իսկ մնացած 60 հազարը չի կարող եւ չի ուզում վճարել, քանի որ Արզումանյան փողոցի ոչ մի բնակիչ չի վճարել խողովակների տեղադրման համար: «Արցախգազի» գլխավոր գրասենյակում վերջին հանդիպումից հետո Նինային հայտնի դարձավ, որ Մարտունու գրասենյակի ներկայացուցիչը կատարվելիք աշխատանքների ծավալը արհեստականորեն մեծացրել է՝ թաքցնելով այն փաստը, որ Նինայի տանը կա հին խողովակ, որը կարելի է օգտագործել: Ամեն անգամ Ստեփանակերտ մեկնելուց հետո Նինայի տուն է գալիս գազամատակարարման կազմակերպության հերթական աշխատակիցն ու հերթական չափումներն է կատարում: Դրանով գործը վերջանում է: Իսկ Նինան նորից փող է կուտակում եկող ձմռանը փայտ գնելու համար: ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆ, www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել