Լրահոս
Օրվա լրահոսը

«ԾԱՅՐԱՀԵՂ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ»

Հուլիս 24,2004 00:00

«ԾԱՅՐԱՀԵՂ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ» «Ռոյալ-Արմենիան» մեղադրում է մաքսավորներին սուբյեկտիվիզմի մեջ 12-13 օր է, ինչ «Ռոյալ-Արմենիա» ընկերության ներկրած մի քանի տոննա սուրճը «լռվել» է մաքսային պահեստում: Ձեւակերպումները չեն արվում, ըստ երեւույթին, պայմանավորված մաքսազերծման հարցում Մաքսային կոմիտեի եւ տնտեսվարողի միջեւ եղած տարաձայնություններով: Քանի որ ապրանքը վերամշակման ու արտահանման համար է, ուստի ընկերությունը խնդրել է ձեւակերպումներն անել «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով: «Խնդրո առարկա հարցի պատասխանը ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ մաքսային պետական կոմիտե» պատասխանը՝ ձեւակերպումները ձգձելու միակ «հիմնավորումն» է: Ուստի ընկերությունը պատասխան գրությամբ օրենքներին հղում անելով բացատրում է, թե իրականում ինչպես պետք է վարվեն մաքսավորները: Ընկերությունն իր գրություններից մեկով ակնկալում է խնդրի օպերատիվ լուծում, առավել եւս, որ այդ «ռեժիմով ՀՀ մաքսային մարմիններն ունեն ապրանքների ձեւակերպման հարուստ փորձ» (վերջին ձեւակերպման մեջ հեգնական երանգ կա): Նույնքան սրամիտ է, ի դեպ, Մաքսային կոմիտեի պետին, որն իր հերթին ծանոթանալով իր համակարգում ստուգումների արդյունքում կազմված իրենց գնահատմամբ չհիմնավորված ակտին, ֆիննախի վերահսկողական ծառայության ղեկավարներին մաքսային օրենքների ժողովածու է ուղարկել՝ վերջիններիս գրագիտության մակարդակը բարձրացնելու ակնկալիքով: Այս սրամտությունների վրա ծախսված ժամանակին զուգահեռ, վտանգվում են ընկերության շահերը: Հայտնի չէ, թե այս «բանավեճը» որքա՞ն կտեւի եւ ընկերությունն արդյոք կհասցնի՞ հետո ապրանքը վերամշակել եւ, ինչպես պայմանագիրն է պահանջում, մեկ տարում արտահանել: Բացի այս, պարապուրդի են մատնված նաեւ օտարերկրյա փոխադրողի մեքենաները, որոնցով ապրանքն է տեղափոխվել, եւ որոնց վնասները ընկերությունը պետք է փոխհատուցի: Որպես կանոն, նման քաշքշուկների հանդիպելիս գործարարները որոշում են «գլուխ չդնել» մաքսային եւ պետական այլ մարմինների հետ եւ ձեւակերպումներն անել՝ ինչպես թելադրում են: Այս դեպքում «Ռոյալ Արմենիան» պատրաստվում է պնդել իր իրավունքների կատարումը: Առավել եւս, որ փաստերը վկայում են մաքսավորների սուբյեկտիվ մոտեցման մասին: Ընկերության տվյալներով, «նույն օրը M մաքսային հայտարարագրով նույն մաքսային ռեժիմով N ընկերության ներմուծած սուրճը ձեւակերպվել է»: Մաքսային կոմիտեի պետին ուղղված իր գրության մեջ ընկերությունն այս վերաբերմունքը գնահատում է որպես «ծայրահեղ խտրական վերաբերմունք»: Խնդիրն այն է, որ սա առաջին դեպքը չէ, որ մաքսավորներն անիմաստ քաշքշուկներ են ստեղծում: Մենք արդեն մի առիթով գրել ենք, որ մաքսային այս կամ այն դրույթի կիրառմամբ մաքսազերծումը միանգամայն տարբեր գումարների պարտավորություններ է առաջացնում տնտեսվարողների համար: Գործարարները նշում են, որ առավել անբարենպաստ դրույթները կիրառվում են անպաշտպան սուբյեկտների նկատմամբ: Օրինակ, «Ռոյալ Արմենիայի» գնահատմամբ, ընկերությունը դրույթների «ընտրողական» կիրառման հետեւանքով տասնյակ հազարավոր դոլարների վնաս է կրել: Ժամանակին սուրճից բացի ընկերությունը Հայաստան է ներկրել նաեւ բրինձ, պղպեղ: Դարձյալ մաքսավորնեը սխալ դրույթ են կիրառել: «Ռոյալ-Արմենիան» կարողացել է դա ապացուցել դատարանում: Իր իրավունքները չկարողանալով պաշտպանել մաքսային համակարգի «սահմաններում», սուբյեկտը հարցը տեղափոխել է դատարան եւ այնտեղ ապացուցել իր իրավացիությունը: Ընկերության տվյալներով, Արարատյան մաքսատունն «այլ անձանց ներմուծած սուրճի մաքսային արժեքը սահմանել է $0.55-0,9, իսկ «Ռոյալ Արմենիայի» ներմուծած նույն տեսակի սուրճի 1 կգ-ի մաքսային արժեքը պարբերաբար սահմանում է $1.8: Այսինքն՝ 2-3 անգամ ավելի բարձր, քան մյուս սուբյեկտների համար: Նույնը վերաբերում է նաեւ մյուս երկու ապրանքատեսակներին: Դատարանը մաքսակետին պարտավորեցրել է ճիշտ դրույթը կիրառել: Մաքսավորների քմահաճ գործունեության հետեւանքներն այժմ պետբյուջեն պետք է փոխհատուցի: Մաքսային կոմիտեից խոստացան մեկնաբանություններ անել հրապարակմանը ծանոթանալուց հետո, իսկ ընկերությունը պատրաստվում է այս բոլոր խնդիրների վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ երկուշաբթի: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել