Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բաքու-Ջեյհանը»՝ ընդհատվա՞ծ

Հուլիս 24,2004 00:00

«Բաքու-Ջեյհանը»՝ ընդհատվա՞ծ Վրաստանը փորձում է առավել օգուտներ քաղել նախագծից «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի շինարարությունը վրացական հատվածում ընդհատված է: Նախագծի պատասխանատուների շրջանում մեծ աղմուկ առաջացրած այդ ընդհատումը տեղի է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների նախարարի կարգադրությամբ: Պաշտոնական պատճառաբանությամբ՝ երկշաբաթյա այդ ընդհատման նպատակը բնապահպանության սահմանված նորմերի ստուգումն է: Նախարար Թամար Լեբանիձեն «Բրիթիշ պետրոլիումի» ներկայացուցչությանն անձամբ հրահանգել է դադարեցնել Բորժոմի կուրորտային շրջաններում ընթացող նավթատարի շինարարությունը, ինչը հիմնավորել է խողովակաշարի անվտանգության լրացուցիչ փորձաքննության անցկացման անհրաժեշտությամբ: Ընդ որում, ստուգման աշխատանքներում նախարարությունը մտադիր է ներգրավել անկախ փորձագետների, եւ, առհասարակ, Լեբանիձեի վարչակազմում տեղեկություններ ունեն, որ «Վրաստանի համար կարեւորագույն այդ տարածաշրջանում խախտվում են նախագծի իրականացման որոշ սկզբունքային պայմաններ»: Հետաքրքիրն այն է, որ նախարար Լեբանիձեի խոսքերով, «Բաքու-Ջեյհանի» «բորժոմյան» երթուղուց հարկ էր հրաժարվել դեռեւս նախագծման փուլում: Բնականաբար, շինարարության ներկա փուլում որեւէ բան փոխել այլեւս հնարավոր չէ. համաձայնագրերը վաղուց կնքվել եւ ուժի մեջ են մտել: Ցանկացած խախտում անխուսափելիորեն կհանգեցնի միջազգային խոշոր սկանդալի: Այդուամենայնիվ, Լեբանիձեն պնդում է, որ համաձայնագրով նախատեսված բնապահպանական անվտանգության որոշ նորմեր (մասնավորապես՝ 9172րդ կետով սահմանված) չեն պահպանվում, ու քանի դեռ վիճակը չի շտկվել, շինարարության շարունակումը չի արտոնվելու: Ի՞նչ պատահեց: Որտեղի՞ց այս անսպասելի «թարսությունը»: Ինչո՞ւ վրացական կառավարությունը հանկարծ սկսեց խոսել մի բանի մասին, ինչն արդեն քանի տարի շեփորվում է տեղական եւ արտասահմանյան բնապահպանական կազմակերպությունների կողմից: Կասկածից վեր է, որ Բորժոմի տարածաշրջանին հասցվելիք հավանական վնասի մասին վրացական կողմը տեղեկացված էր դեռեւս հինգ տարի առաջ, երբ նավթատարի նախագիծը նոր-նոր մշակվում էր: Կասկածից վեր է նաեւ այն, որ «Բաքու-Ջեյհանի» գործարկմամբ խիստ շահագրգիռ Թբիլիսին ոչ մի պարագայում չի ցանկանա ու չի էլ համարձակվի խոչընդոտել դրա շինարարությանը, ինչը, մեղմ ասած, կնշանակեր անհարմար վիճակի մեջ դնել բազում քաղաքական եւ ֆինանսական գործընկերների, որոնցից էլ, ի դեպ, մեծ չափով կախված է նույն Վրաստանի ապագան: Այս հարցի պատասխանը փորձում են տալ որոշ ադրբեջանցի փորձագետներ: Ըստ նրանց, Թբիլիսին, հրաշալի հասկանալով, որ շինարարության այս փուլում Ադրբեջանը բացարձակապես զուրկ է երթուղային այլընտրանքներից, պարզապես որոշել է մի քիչ «պոչ խաղացնել» ու որոշ ֆինանսական եւ, ինչո՞ւ չէ, նաեւ քաղաքական օգուտներ «պլոկել» Բաքվից: Եվ դա կարծես որոշ չափով ստացվում է: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել