Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇՏԿԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հուլիս 24,2004 00:00

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇՏԿԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ Հանրաքվեի դրված փոփոխությունների փաթեթը էապես չփոխվեց Իշխանական կոալիցիան ՄԱԿ-ի եւ «Ժողպատգամավոր» խմբի հետ միասին փորձում է գնալ սահմանադրական ճանապարհով։ Տվյալ դեպքում նշանակում է, որ իշխանական քաղաքական ուժերը ցանկանում են ԵԽԽՎ-ի՝ Սահմանադրությունը փոփոխելու մասին պահանջն իրականացնել։ Ըստ էության, փոփոխված տարբերակը պատրաստ է։ Հավանաբար երեկ, ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած կոալիցիայի խորհրդի հերթական նիստից հետո, Սահմանադրության հետ կապված բոլոր մութ հարցերը պարզաբանվեցին եւ լուսավորվեցին (իսկ «լուսավորողը» Ռ. Քոչարյանն էր)։ Եկող շաբաթ շրջանառության մեջ կդրվի նաեւ ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը։ Թե ի՞նչ է այն իրականացնում, առայժմ դժվար է ասել, սակայն ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը վստահեցնում է, որ այս անգամ անցյալի սխալները չեն կրկնվելու եւ հանրությունը վաղօրոք տեղեկացված է լինելու, թե ինչ է իրենից ներկայացնում երկրի գլխավոր օրենքի նոր նախագիծը։ Այս օրերին պարզ դարձավ, որ կարեւորագույն մի քանի հարցեր էականորեն փոփոխվելու են։ Մասնավորապես խոսքը վերաբերում է երկքաղաքացիության հարցին։ «Առավոտին» հետաքրքրում էր, թե այս եւ մի քանի այլ սկզբունքային հարցերի շուրջ ինչպիսի տարաձայնություններ կան կոալիցիայի ներսում եւ ՄԱԿ-ի ու «Ժողպատգամավորի» հետ նույնպես։ Տիգրան Թորոսյանի փոխանցմամբ. «Անհրաժեշտություն չկա առանձին քաղաքական ուժերի տեսակետներին անդրադառնալ, որովհետեւ ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը կլինի կոալիցիա կազմած երեք կուսակցությունների, նաեւ՝ ՄԱԿ-ի ու «Ժողպատգամավորի» միասնական նախաձեռնությունը, եւ այդ առումով հետաքրքիր չէ, թե այս կամ այն հարցի հետ կապված ով ինչպիսի տեսակետ է արտահայտել եւ այն ինչպես փոխվեց։ Մի քանի օր հետո հնարավոր կլինի մանրամասն խոսել նախագծի մասին՝ որպես փաստաթուղթ. թերեւս, սա ավելի կարեւոր է։ Իսկապես, վերջին ճշգրտումները արվում են մի քանի հարցերի շուրջ։ Անկեղծ ասած՝ խնդիրը ոչ թե երկքաղաքացիությանն է վերաբերում։ Կարելի է ասել, որ այս նախագծում երկքաղաքացիության վերաբերյալ մոտեցումը պահպանվել է, եւ այս հարցում մեծ տարաձայնություններ չկան։ Այն արգելքը, որ կար երկքաղաքացիության հետ կապված՝ հանվել է։ Բայց մեկ այլ խնդիր կա։ Սա չի կարող արվել առանց օժանդակ դրույթների։ Մասնավորապես, ե՛ւ «Հանրապետական» կուսակցության, ե՛ւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները գտնում են, որ եթե հանում ենք երկքաղաքացիության արգելքի սահմանափակումը Սահմանադրությունից, ապա երկքաղաքացիների քվեարկության սահմանափակում անպայման պիտի լինի»։ Կառավարության ձեւավորման հարցը եւս մնացել էր բաց, եւ, ըստ ամենայնի, այս հարցը եւս քննարկումների ժամանակ շատ ջուր կվերցնի։ Թեպետ Տիգրան Թորոսյանը այն կարծիքին է, որ գործող Սահմանադրության դրույթի եւ հանրաքվեի դրված տարբերակի միջեւ այս հարցում էական տարբերություն չկա։ Ըստ այդմ. «Սկզբունքորեն շատ մեծ տարբերություն իրադարձությունների բնականոն զարգացման դեպքում այս երկու մեխանիզմները չունեն։ Եթե կա ԱԺ-ի եւ ՀՀ նախագահի միջեւ համաձայնության հնարավորություն, ապա էական չէ այն տարբերությունը, որ մտցված է։ ՀՀ նախագահը փորձում է ձեւավորել կառավարություն եւ ծրագիրը ներկայացնելով՝ ԱԺ-ից ստանալ համաձայնություն, եւ եթե դա չի ստացվում, ապա ԱԺ-ն է փորձում կառավարություն ձեւավորել. այս տարբերակը կարող է գործել միայն այն դեպքում, եթե լուրջ քաղաքական տարաձայնություններ կան ԱԺ-ի եւ ՀՀ նախագահի միջեւ։ Եվ այդ դեպքում ընտրվում է ոչ թե նոր ընտրության հնարավորությունը, այլ համակեցության հետեւյալ տարբերակը. կառավարության հիմնական ղեկավարումը նախագահից փոխանցվում է ԱԺ- ին։ Իսկ եթե համաձայնությունը առկա է, ապա բնական է՝ նման մեխանիզմի կիրառման անհրաժեշտություն չի լինի։ Կարծում եմ՝ բնական զարգացման դեպքում այս տարբերության անհրաժեշտությունը չի լինի։ Չնայած մյուս կողմից սա որպես մեխանիզմ նման իրավիճակների ստեղծման համար, կարծում եմ, արժե ունենալ Սահմանադրության մեջ։ Որովհետեւ արտահերթ ընտրությունները որեւէ երկրի համար պիտի լինեն միայն վերջին հնարավորությունը՝ ստեղծված ներքաղաքական ճգնաժամը լուծելու համար»։ Սահմանադրության նոր նախագծում տեղ է գտել նաեւ մի դրույթ, ըստ որի՝ ՀՀ նախագահը չի կարող ԱԺ-ն անվերապահ լուծարել։ Սահմանվում են միայն կոնկրետ դեպքեր, որոնց ժամանակ միայն ՀՀ նախագահը կարող է լուծարել ԱԺ-ն։ Այդ դեպքերը, ըստ Տիգրան Թորոսյանի, ամենեւին էլ քաղաքական հիմք չունեն։ Ահա այդ դեպքերը. «Եթե ԱԺ-ն աշխատանքային երկու ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ։ Եթե հերթական նստաշրջանի ընթացքում ԱԺ-ի նիստերը երկու ամսից ավելի չեն գումարվում։ Եվ եթե հերթական նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն երկու ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որոշում չի կայացնում»։ Ըստ էության, ՀՀ նախագահը կարող է լուծարել ԱԺ-ն, եթե վերջինս անգործունակ է։ Տիգրան Թորոսյանը այս հարցը շատ ավելի կարեւոր է համարում, քան կառավարության ձեւավորման հարցը։ Սահմանադրության նոր նախագծում բավականին փոփոխված է նաեւ ԿԲ-ի նախագահի եւ Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման կարգը։ Գործող Սահմանադրությամբ Վերահսկիչ պալատի նախագահին նշանակում է ԱԺ-ն, եւ ԱԺ-ն էլ ՀՀ նախագահի առաջարկությամբ նշանակում է ԿԲ-ի նախագահին։ Հանրաքվեի դրված նախագծում առաջարկված էր, որ ԿԲ-ի նախագահին եւ Վերահսկիչ պալատի նախագահին նշանակի եւ ազատի ԱԺ-ն։ Այժմ կարծիք կա, որ երկուսին էլ նշանակի եւ ազատի ԱԺ-ն։ Թեպետ Տիգրան Թորոսյանը այլ կարծիքի է. «Ասել, որ ԱԺ-ի կողմից նշանակումը առանց ՀՀ նախագահի առաջարկության ճիշտ կլինի, կարծում եմ՝ ճիշտ չէ»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել