Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔԱՆԻ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է

Հուլիս 24,2004 00:00

ՔԱՆԻ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է Պետք է օգտվել առիթից եւ սկսել ԼՂ հակամարտության կարգավորման ռեալ գործընթացը Արեւմուտքը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը արագ լուծում է պահանջում, արձանագրում է «Ռեգնում» գործակալությունը՝ անդրադառնալով ամերիկյան ազդեցիկ փորձագետների՝ Ստեփանակերտ կատարած մեկօրյա այցին: Հիշյալ հանդիպումներն ամփոփելիս՝ Անցումային ժողովրդավարության նախագծի ղեկավար, ԱՄՆ սենատում ՆԱՏՕ-ի գծով կոմիտեի նախագահ Բրյուս Ջեքսոնը հայտարարել էր, թե փորձագետների այցի հիմնական նպատակը միջազգային հանրությանը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում ավելի ակտիվ ներգրավելն էր: Այդ համատեքստում նա ընդգծել էր հատկապես Եվրամիության դերի կարեւորությունը եւ տարածաշրջանի երկրների ներգրավումը «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում, նաեւ ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթաժողովում ալյանսի հայտնած շահագրգռությունը՝ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն եւ ժողովրդավարություն հաստատելու գործում: Միաժամանակ, Բ. Ջեքսոնը շեշտել էր, թե Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Լեռնային Ղարաբաղում ողբերգական ձեւով կորում է մարդկային պոտենցիալը, ինչը խանգարում է տնտեսական զարգացմանը, աճող սերնդի կրթություն ստանալուն, ուստիեւ՝ եվրոպական ընտանիք՝ այդ տարածաշրջանների լիարժեք ինտեգրմանը: Որ Արեւմուտքը լրջորեն է տրամադրված արագորեն լուծել հիշյալ բոլոր հակամարտությունները եւ գնալով ավելի հաճախ է հայտարարություններ անում այդ մասին՝ նպատակ ունենալով հակամարտությունները լուծելով ճանապարհ բացել տնտեսական ավելի ընդլայնված համագործակցության համար, Հայաստանում արձանագրում են հատկապես ոչ կառավարական եւ ոչ իշխանական ուժերը: Դրա մասին ավելի շատ խոսում են քաղաքագետները, անկախ փորձագետներն ու նաեւ ընդդիմությունը, հատկապես՝ ի դեմս նախկին իշխանություններին հարող շրջանակների: Նրանց դիտարկմամբ, եթե ԼՂ հակամարտությունը մոտ ապագայում լուծում չստանա Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների բարի կամքի դրսեւորման արդյունքում, ապա նման լուծում կարող է մեր երկրներին պարտադրվել՝ առանց անգամ հարցնելու մեր կարծիքը: Այդ մասին բազմիցս են հայտարարել մասնավորապես ե՛ւ Դավիթ Շահնազարյանը, ե՛ւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, եւ այլք: Բայց, ինչպես մի առիթով վերջերս ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ասաց, ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում իշխանությունները բավարար քաղաքական կամք չունեն՝ լուծելու ԼՂ հակամարտությունը. չկան այն իշխանությունները, որոնք պատրաստ են զիջման գնալ, ուստի առայժմ այդ հարցը, մասնավորապես՝ ԼՂ կարգավիճակի շուրջ, մնում է անլուծելի հարց: Միակ տարբերակը, ըստ պարոն Զուրաբյանի, մնում է հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, որով գոնե գործնականում սկիզբ կդրվի լուծման գործընթացին: Իսկ դա ենթադրում է կարգավիճակի ճշտման հետաձգում: Սա այն է, ինչ մասին «նախկինները» պնդում են իրենց իշխանություն լինելուց ի վեր: Ա. Զուրաբյանը, վերջերս իր դիրքորոշումը հայտնելով մասնավորապես աշխարհում ընթացող գլոբալիզացիային Հարավային Կովկասի երկրների մասնակցության մասին, նկատեց, թե փուլային լուծման դեպքում եւ ԼՂ կարգավիճակի հստակեցման հարցը հետաձգելը կարող է շահեկան լինել ԼՂ-ի համար այն իմաստով, որ այսօր միջազգային հանրությունը, նույն «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում, շահագրգիռ է նույնիսկ ուղղակի ներդրումներ անել, օգնել ժողովրդավարացմանն այնպիսի հակամարտող եւ չճանաչված հանրապետություններում, ինչպիսին է, օրինակ՝ ԼՂՀ-ն: Արեւմուտքի նման պատրաստակամությունը, ըստ պարոն Զուրաբյանի, պայմանավորված է նրանով, որ վաղ թե ուշ տարածաշրջանի բոլոր երկրներն են ինտեգրվելու եվրոպական կառույցներում եւ համագործակցության շրջանակներում՝ անկախ հակամարտությունների լուծման տարբերակներից, իսկ այդպիսի հեռանկարում ավելի դյուրին է ինտեգրել արդեն ժողովրդավարական երկրների: Իսկ եվրոպական ընտանիքում ինտեգրվելու պարագայում, Ա. Զուրաբյանի դիտարկմամբ, կարող է անգամ էական էլ չլինել ԼՂ կարգավիճակի հարցը: Այդ պարագայում ավելի էական են ԼՂ բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը, ինչը երաշխավորված կլինի եվրոպական մեծ ընտանիքում: Իսկ ՀՀ գործող իշխանություններն առայժմ շարունակում են պնդել ԼՂ հակամարտության փաթեթային լուծման արդյունավետությունը: Թե որքանով դա քննություն կբռնի մասնավորապես մեր տարածաշրջանում ստեղծված նոր ռեալությունների պայմաններում՝ ցույց կտա, թերեւս, մոտ ապագան: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել