Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՄԱՐԶԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ ՉԿԱ

Հուլիս 24,2004 00:00

Շարունակելով
երեկվա «Առավոտում» տպագրված մարզական բժշկության թեման՝ նշենք, որ մեծ սպորտում
բարձր արդյունքներ ցուցադրել առանց այս ոլորտի ամենաակտիվ մասնակցության,
պարզապես, հնարավոր չէ:
Իսկ Հայաստանում մարզական բժշկությունը հեռու է ժամանակակից պահանջների անգամ նվազագույն սահմանից: Մարզիչների մասնագիտական գիտելիքներից պակաս կարեւոր չէ որակյալ, իրենց գործի բոլոր նրբություններին քաջատեղյակ բժիշկների առկայությունը:

Մարզական բժշկությունն էապես տարբերվում է սովորականից: Այստեղ մասնագետը գործ ունի միանգամայն այլ չափանիշներով աշխատող օրգանիզմի հետ: Եթե, օրինակ, գերծանր քաշային ծանրորդ Աշոտ Դանիելյանին հետազոտի սովորական պոլիկլինիկայի բժիշկը, նրան անմիջապես հիվանդանոց կպառկեցնի, որովհետեւ մարզիկի սիրտը, թոքերը, մյուս օրգանները, սրտի աշխատանքի հաճախականությունը, արյան շրջանառությունը, ամենօրյա անասելի ծանրաբեռնվածությունների պատճառով, համեմատած սովորական մարդու հետ, շատ են տարբերվում: Բայց դա նրա համար նորմալ վիճակ է: Այդ է պատճառը, որ պրոֆեսիոնալ սպորտում մարզումների ծրագրերը, դրանց անցկացման ժամկետները, վայրը, ամեն ինչ պարտադիր պետք է որոշվեն մարզչի եւ բժշկի երկկողմ համաձայնությամբ, մի բան, որին մինչեւ վերջին մեկուկես-երկու տարին մեզ մոտ կարեւորություն չէր տրվում:

Հիմա խնդիրը կարգավորվում է: Բայց դրա համար ժամանակ, կազմակերպչական լուրջ աշխատանք ու ֆինանսական մեծ ներդրումներ են անհրաժեշտ: Բարեբախտաբար, հարցի կարեւորությունը հասկանում են հանրապետության մարզական ղեկավարությունն ու երկրի նախագահը, որոնք ամենայն լրջությամբ սկսել են զբաղվել խնդրի լուծումով: Նախ, հավաքագրվել են հանրապետությունում ու նրա սահմաններից դուրս եղած մասնագետները, կցվել հավաքականներից մի քանիսին ու մշտապես թիմերի հետ են: Սակայն մասնագետների խիստ պակաս, միեւնույն է, զգացվում է: Այդ բացը լրացնելու նպատակով այս տարվանից Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացվել է սպորտային բժշկության բաժին, որտեղ պետպատվերով ընդունվելու է հինգ հոգի: Նրանք յուրացնելու են սպորտային կարդիոլոգի, թերապեւտի, վնասվածքաբանի, մերսողի եւ այլ նեղ մասնագիտություններ: Ընդունվողների համար պարտադիր պայման է Սպորտպետկոմի հետ պայմանագրի ստորագրումը, ըստ որի՝ ապագա մասնագետն ուսումն ավարտելուց հետո պարտավոր է աշխատել կոմիտեում՝ մարզիկների հետ:

Տեղի կադրերով մասնագետներ պատրաստելուց զատ, անհրաժեշտ է նաեւ ունենալ համապատասխան նյութատեխնիկական բազա, առանց որի գործը թերի կմնա: Այսօր սրան էլ է մեծ կարեւորություն տրվում: Ներկայումս հանրապետության առաջատար մարզիկները բուժհետազոտում անցնում, բուժվում, վերականգնվում են ֆիզիոթերապեւտիկ ինստիտուտում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, «Մալաթիա», «Հանրապետական» հիվանդանոցներում: Ճիշտ է, նրանց համար արվում է հնարավոր ամեն բան, սակայն մասնագիտական բուժկենտրոնի կարիք, միեւնույն է, կա: Նախատեսված է ու այդ ուղղությամբ արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ կատարվում են, որ Աթենքի օլիմպիական խաղերի ավարտից հետո, հավանաբար հոկտեմբեր ամսին, Սպորտպետկոմի հաշվեկշռում բացվի սպորտային դիսպանսեր: Այն գործելու է պետական կարգավիճակով, հագեցված է լինելու ժամանակակից սարքավորումներով, ունենալու է իր բուժանձնակազմը՝ սկսած գլխավոր բժշկից, սրտաբանից, թերապեւտից, գինեկոլոգից (գեղեցիկ սեռի ներկայացուցիչ մարզիկների համար), ատամնաբույժից, մերսողներից, հոգեբանից, որը նույնպես անչափ կարեւոր ու մեզ չափազանց անհրաժեշտ մասնագիտություն է, վերջացրած տեխնիկական աշխատողներով, նույնիսկ ունենալու է իր փոքր վիրահատարանը:

Մի խոսքով, միջազգային ամենաբարձր մակարդակի մրցումներում հաջող հանդես գալու, ավելի հաճախ հաղթողներ ու մրցանակակիրներ ունենալու համար այսօր նաեւ համապատասխան բազա է ստեղծվում: Դրանից հետո արդեն կարելի է մեր մարզիչներին ու մարզիկներին ավելի խիստ պահանջներ ներկայացնել: Հուսանք, որ սկսված գործը կիսատ չի մնա եւ արդեն հաջորդ օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական պատվիրակությունն ավելի մեծ թվով ներկայացված կլինի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել