Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՏԱՍՆՅԱԿ ՏԱՐԻՆԵՐՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԻԿ. ՆՐԱՆՔ Ո՞ՂՋ ԵՆ, ՉԳԻՏԵՆՔ»

Հուլիս 24,2004 00:00

Խոստովանում
է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում ամփոփվեցին 2004-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը ներկայացրեց հանցագործությունների բացահայտման, նախաքննության եւ հետաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունքները։ Հանրապետությունում գրանցվել է 5351 հանցագործության դեպք, որոնց մեջ քիչ տեղ չեն գրավում տնտեսական ոլորտի հանցագործությունները։ Ըստ դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի, հարկերի եւ տուրքերի վճարումից խուսափելու դեպքերով գրանցվել է 34 հանցագործություն, այն դեպքում, երբ անցյալ տարի գրանցվել էր 17-ը։ Չնայած հանցագործության բացահայտումը երեկ գնահատվեց 83,5%։ Ըստ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանի, դատախազական աշխատանքներում կան բացթողումներ։ Նշվեց դրանցից մեկը. մեղադրողների ոչ պատշաճ իմացությունը քննվող գործերին։ Ա. Խաչատրյանը տեղեկացրեց, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 1709 գործ, որից 31-ը դիտավորյալ սպանություններ են։ Ուշադրության արժանի է այն, որ առաջին կիսամյակում առաջին ատյանի դատարաններում դատավճիռ կայացրած 1610 քրեական գործերից 109-ը առնչվում է անչափահասներին։ Վերաքննիչ դատարանում քննվել է դատախազության 314 բողոք։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իր տեղակալին հարց տալու ժամանակ ակնարկեց վերաքննիչ բողոքների ցածր արդյունավետության մասին, սակայն նշեց, որ «իմանալով դատարանների վերաբերմունքը, շարունակում ենք բողոքարկել։ Պնդել եմ, որ մեղադրողները վճռաբեկ հասցնեն իրենց բողոքները, որպեսզի ձեւավորվի դատական անհրաժեշտ պրակտիկա»։ Անդրադառնալով պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազական հսկողությանը՝ դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ այդ կապակցությամբ հարուցվել է 95 քրեական գործ, ներկայացվել 166 միջնորդագիր եւ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 120 մարդ։ Դատարաններ ուղարկված 286 հայտերից բավարարվել է 199-ը՝ 397,5 մլն դրամ գումարով։

Առանձին քննարկման նյութ դարձան դատապարտվածների եւ հետախուզվողների գործերը։ Նախ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտնեց, որ ստեղծվել է խումբ՝ գլխավոր դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներից բաղկացած, որը ուսումնասիրելու է վերջին 5 տարիների չբացահայտված սպանությունները։ Մեկ այլ խումբ էլ զբաղվելու է հետախուզվողների գործով։ Ա. Հովսեփյանը հայտարարեց, որ հանրապետությունում հետախուզվողների թիվը հասնում է 10 հազարի, սակայն նշեց նաեւ. «Տասնյակ տարիներով հետախուզվում են մարդիկ, սակայն չգիտենք՝ ո՞ղջ են, կա՞ն, չկա՞ն»։

Դատապարտվածներից 49 տոկոսի նկատմամբ կայացվել է ազատազրկում։ Քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանի տեղեկությամբ էլ, առաջին կիսամյակում կավատության 10 դեպք է գրանցվել։ Իրենց վարչությունը ստացել է 96 դիմում, որից 10-ը՝ նախագահի վերահսկողության ծառայությունից, 2-ական դիմում՝ արդարադատության նախարարությունից եւ ԱԺ-ից, իսկ Մարդու իրավունքների պաշտպանից՝ 3։

Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտնեց, որ առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 602 քրեական գործ (նախորդ տարի եղել է 649) եւ որ դատարանները քննել են զինծառայողների կատարած հանցագործությունների վերաբերյալ 235 գործ, որը կայացվել է 325 մարդու նկատմամբ։ Ընդ որում, դատապարտված 275 զինծառայողից 28-ը սպա է։ Մահվան ելքով 23 դեպք է գրանցվել, 2 ինքնասպանության հասցնելու դեպք, ծանր հանցագործության՝ 36։ Գ. Ջհանգիրյանը տեղեկացրեց նաեւ, որ կաշառքի երկու գործ է բացահայտվել եւ դատարան ուղարկված 155-ից 79-ը կարճվել է։ «Հանցագործությունների արձանագրված աճը արդյունք է ոչ թե քրեածին իրավիճակի, այլ դրանց բացահայտման»,- վերլուծեց պրն Ջհանգիրյանը։

Նկատենք, որ առաջին կիսամյակում փոխվել է հանրապետության մարզերի դատախազների 70%-ը։ Երեւան քաղաքի համայնքների դատախազներից նորանշանակ են հինգը։ Հանրապետության դատախազությունից ազատվել է 27 աշխատակից եւ փոխվել 2 վարչության պետ։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել