Լրահոս
Օրվա լրահոսը

Հոռետեսական սցենար

Հուլիս 24,2004 00:00

Հոռետեսական սցենար

Երեւանի սրճարանային քաղաքականամերձ շրջանակներում ահագնանում են
ասեկոսեներն այն մասին, որ մյուս շաբաթ աշխատանքից ազատվելու է ՀՀ տարածքային
կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության մեր աղբյուրները, կարծես թե, հաստատում են այդ լուրը: Ասում
են նույնիսկ, որ նախագահի համապատասխան հրամանագիրը պատրաստ է, եւ այն եկող
շաբաթվա սկզբին հանդիսավորությամբ կհանձնվի նախարարին, երբ նա կվերադառնա
Եվրոպայից, որտեղ իր արձակուրդն է անցկացնում մի շարք այլ նախարարների եւ
գործարարների հետ: Խոսակցություններ կան, որ պարոն Աբրահամյանը վերադառնալու
է Արարատի մարզպետի պաշտոնին, իսկ նրա տեղը զբաղեցնելու է դաշնակցական Դավիթ
Լոքյանը, կամ՝ այդ նախարարությունը կիսվելու է, եւ կես-նախարարությունը ղեկավարելու
է Երվանդ Զախարյանը: Եթե հիշյալ լուրերում ճշմարտության հատիկ կա, ապա առավել
հետաքրքիրն այստեղ Դավիթ Լոքյանի նշանակումն է, որն, ի դեպ, չի տեղավորվում
կոալիցիոն պայմանավորվածությունների շրջանակների մեջ, որոնց համաձայն՝ դաշնակցությանը
հատկացված է երեք կոնկրետ նախարարություն:
Էներգիայի պահպանման օրենքները գործում են նաեւ հասարակական կյանքում: Երբ իշխանություն- ընդդիմություն հակասությունը կորցնում է իր սրությունը, առավել արդիական են դառնում ինտրիգները՝ իշխանության ներսում: Ընդդիմության ակտիվությունը նպաստում է իշխանության տարբեր թեւերի եւ կլանների կոնսոլիդացմանը, ընդդիմության պասիվությունը՝ հակառակը, պառակտում է այդ թեւերն ու կլանները: Կարելի է կանխատեսել, որ եկող աշնանը, ինչպես նաեւ առաջիկա երեք տարիներին, դաշնակցության դերն իշխանության համակարգում մեծանալու է: Հնարավոր է, որ հենց ՀՅԴ-ն է լինելու նախագահ Քոչարյանի գլխավոր հենարանը իր պաշտոնավարման վերջին տարիներին: Եվ դա ունի թե օբյեկտիվ եւ թե սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվորեն դաշնակցական կեցվածքը մոտ է Քոչարյանի հոգեբանությանը: Առաջին հերթին՝ կոշտ եւ անզիջում դիրքորոշումը հարեւանների հետ հարաբերություններում, ապա՝ արհամարհանքը ժողովրդավարության, լիբերալիզմի եւ այլ «ապազգային երեւույթների» հանդեպ: Սուբյեկտիվորեն նախագահին ավելի հեշտ է գործ ունենալ դաշնակցության հետ: ՀՅԴ-ն կազմակերպված կառույց է. ոչ մի դաշնակցական դղյակ չի կառուցի, օբյեկտ չի առնի, բիզնեսին տանիք չի կանգնի՝ առանց ընկեր Հրանտի թույլտվության: Հետեւաբար դաշնակցական պաշտոնյայի՝ «համը հանելու» դեպքում կարելի է պարզապես դիմել ընկեր Հրանտին՝ «չափն անցածին» կարգի հրավիրելու պահանջով: Մինչդեռ հանրապետականները արգելակներ եւ հեղինակություններ չունեն: ՀՀԿ-ն դասական հետխորհրդային «իշխանության կուսակցություն» է՝ առանց գաղափարախոսության եւ կազմակերպված կառույցների:

Եթե գործընթացները գնան այս ուղղությամբ, ապա շատ հնարավոր է, որ 2008թ.-ին նախագահի իշխանության թեկնածուն լինի հենց ՀՅԴ-ից՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել