Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՄՈՍԿՈՎԸ Չէ

Հուլիս 23,2004 00:00

ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՄՈՍԿՈՎԸ Չէ Այսօր Հայաստանում հասարակության շուրջ 70%-ն աղքատ է, 25%-ը յոլա է գնում, իսկ շատ հարուստ 5%-ի զգալի մասն էլ, մտքի ֆանտազիաներին զոռ տալով անգամ չգիտի, թե ինչ նոր «զբաղմունք» գտնի՝ գումար աշխատելու կամ ծախսելու: Հասարակության 95%-ը չի սիրում հարուստ 5%-ին՝ գտնելով, որ վերջիններս հարստացել են իրենց թալանելու հաշվին: Տպավորությունն այնպիսին է, որ այսօրվա իշխանության նպատակը, գրեթե ողջ հասարակությանը թալանելով, նրա մի փոքր մասին հարստացնելն է: Հարուստ մարդու նկատմամբ հանդուրժողական եւ բարի մթնոլորտ կարելի է ձեւավորել՝ միմիայն ողջ հասարակության համար բարեկեցիկ ապրելակերպ ապահովելով: Մեր կուսակցության առաջարկած ծրագիրը ենթադրում է համակարգային փոփոխություններ, որի արդյունքում բոլորի համար ստեղծվում են արժանավայել եւ ապահով կյանքի պայմաններ: Միեւնույն ժամանակ, այսօրվա հարուստների նկատմամբ պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում: Եթե փողերը ձեռք են բերվել թալանով, օրենքի խախտմամբ, ապա մեղավորները անպայման պետք է պատժվեն: Բայց համատարած «կուլակաթափություն» լինել չի կարող, քանի որ թեկուզ մեկ ազնիվ մարդու հանիրավի պատժելը անթույլատրելի է, հակաօրինական: Մեր քաղաքականությունը բացարձակապես կառուցված չէ անցյալի փողերի վերադարձի վրա: Պետք է նկատի ունենալ, որ 95%-ին հնարավոր չէ հարստացնել 5%-ից խլելու հաշվին, եւ կյանքը ցույց է տվել, որ այդ վերաբաշխումը հիմնականում արդար չի կատարվում ու սկզբունքորեն չի ծառայում իր նպատակին: Մեղավորներին պատժելը ավելի շատ բարոյական խնդիր է, քան ֆինանսական, եւ նրանք, ովքեր թալանել ու ստորացրել են մեր ժողովրդին, անկասկած, պետք է պատասխան տան օրենքի եւ հասարակության առջեւ: Գործող արատավոր համակարգի պայմաններում որեւէ երաշխիք չկա, որ անգամ բարեփոխումների նպատակով ձեռնարկված միջոցառումները դրական արդյունք կտան: Մասնավորապես օրենք ընդունելով քաղաքացիական ծառայության մասին, թվում էր, թե հազարավոր քաղաքացիական եւ պետական ծառայողներ պետք է որ իրենց պաշտպանված զգային: Սակայն անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա կազմած քաղաքական ուժերը տարբեր պատրվակներով սկսեցին ազատել առանձին նախարարությունների աշխատակիցների՝ փոխարինելով իրենց կուսակիցներով: Կարո՞ղ է այս իրավիճակում ծառայողն իրեն ապահով զգալ: Եվ ինչո՞ւ միայն ծառայողը: Ցանկացած աշխատող (անգամ մասնավոր ընկերությունների) վախենում է, որ այս կլանային համակարգի պարագայում իշխանափոխության դեպքում կփլուզվեն գործող «տանիքները», կփոխվեն «տերերը» եւ իրենք էլ կհայտնվեն «փողոցում»: Եվ պատահական չէ, որ անգամ 20000 դրամ ստացողը, դժգոհ լինելով իր ապրելակերպից, այսօրվա իշխանավորներից, այնուամենայնիվ ուզում է իմանալ, թե Քոչարյանից հետո ով է լինելու եւ ինչ է լինելու, քանի որ նա վախենում է կորցնել անգամ այդ նվազագույնը: Նման խնդիրներ չեն ծագում քաղաքակիրթ երկրներում: Այնտեղ քաղաքացին հաստատ գիտի, որ իր ապրելակերպը կախված չէ նրանից, թե ով կգա իշխանության. ինքը բարեկեցիկ ապրում է համակարգի կողմից ստեղծված բարենպաստ պայմանների շնորհիվ, այլ ոչ թե իշխանավորի: Մեզ մոտ որքան ուզում ես ասա. «սիրելի՛ ժողովուրդ, օգնի՛ր՝ Քոչարյանին «տապալենք», հետո ընտրությամբ դու կորոշես, թե ով կլինի հաջորդ նախագահը», միեւնույն է, նրանց մեծ մասը չի արձագանքելու այդ կոչին, քանի որ կողմ լինելով իշխանափոխությանը, այնուամենայնիվ, ցանկանում է իմանալ, թե հետո ինչ է սպասվում իրեն, որովհետեւ ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ նախագահն ավելի վատը չի լինի: Այսօր մի շարք քաղաքական գործիչներ համառորեն պնդում են. «Միայն թե Քոչարյանը գնա, ով ուզում է գա, ո՛վ ուզում է գա»: Չէ՞ որ նույն մարդիկ նույն բառերով ու ջանասիրությամբ ընդամենը մի քանի տարի առաջ ասում էին. «Միայն թե Լեւոն Տեր-Պետրոսյանը գնա, ով ուզում է գա, ո՛վ ուզում է գա»: Տեսա՞ք՝ ով եկավ: Ահա թե ինչու իշխանությունների նկատմամբ զանգվածային դժգոհության պայմաններում իշխանափոխության գործնական քայլերին հասարակության միայն փոքր մասն է ակտիվորեն մասնակցում: Պետք է նկատի ունենալ, որ մեր իշխանություններն իրենց վարքագծով եւ վարած քաղաքականությամբ բացառություն չեն այն քաղաքական համակարգում, որտեղ գտնվում է Հայաստանը: ԱՊՀ անդամ ցանկացած երկրի համար խիստ բնորոշ են քաղաքական եւ պատվերով սպանությունները, կոռուպցիան, կաշառակերությունը, տնտեսության կլանայնությունը, կեղծ ընտրությունները, ավտորիտար համակարգն առհասարակ: Մի շարք քաղաքական գործիչներ, Հայաստանի ապագան ԱՊՀ-ում տեսնելով, անհասկանալի է, թե էլ ինչու են դժգոհում Քոչարյանից եւ նրա վարչակարգից: Եթե ասում են, որ սկզբում պետք է իրականացնել իշխանափոխություն, հետո որոշել, թե ինչպիսի երկիր կառուցել, հարց է ծագում. մեր երկիրը թողնելով նույն այդ անկատար քաղաքական համակարգում՝ էլ ի՞նչ են փոխում եւ ինչո՞ւ: Եթե ակնկալում ես հասարակության աջակցությունը իշխանափոխության հարցում, ապա նույն հասարակությունն իրավունք ունի նախապես իմանալ, թե իր ապագան որ ծրագրով է կերտվելու, Հայաստանը որ ճանապարհով է գնալու եւ ինչպես է զարգանալու: Մեր երկրի զարգացման ուղղությունն ընտրելու բախտորոշ պահերին նրանք, ովքեր կարողացել են ճիշտ ճանապարհ առաջարկել, մինչ օրս հիշվում են ու մեծարվում: Այսօր էլ մեր երկրի համար վճռորոշ պահ է, եւ անհրաժեշտ է հետեւել Իսրայել Օրու կամ Խաչատուր Աբովյանի օրինակին, այլ ոչ թե բառերին: Ցավոք, այսօր ստիպված ենք լսել ոչ թե վերջիններիս գաղափարական հետեւորդներին, այլ «արխադաշ Ալու» մակարդակի քաղաքական գործիչների, որոնց համար. «Աշխարհի կենտրոնը Մոսկովն է, Մոսկովը Մեքքայից էլ հին է»: Աշխարհի կենտրոնը Մոսկովը չէ եւ չի եղել երբեք, Մոսկովն էլ Մեքքայից հին չէ: Պա՛հն է սթափվելու եւ ճի՛շտ կողմնորոշվելու: Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության դիրքորոշումը հստակ է, եւ այն բազմիցս ներկայացրել է կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը. «Կողմ լինելով իշխանափոխությանը՝ հաղթելու դեպքում մենք վճռական քայլեր կձեռնարկենք՝ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին օր առաջ Հայաստանի անդամակցման գործում, ամուր հիմքեր կստեղծենք ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական եւ տնտեսական համագործակցության համար»: ԳԱՅԱՆԵ ԴԱԲԱՂՅԱՆ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության քաղխորհրդի անդամ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել