Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԽՈՍԵՑ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ

Հուլիս 23,2004 00:00

Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԽՈՍԵՑ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ Համաշխարհային լիդերների ֆորումին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հուլիսի 21-ին Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հայաստանցի մասը 2003 թ. նախագահական ընտրությունների ժամանակ 93 տոկոսով քվեարկել էր նրա օգտին։ Նրանք հավաստել են, որ նոր ընտրությունների դեպքում նույնն են անելու։ Հայ համայնքի հետ հանդիպումը անցել է բացառիկ ջերմ մթնոլորտում։ Հանդիպմանը հաջորդել է «Արդարություն» խմբակցության ղեկավարի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ապրիլի լույս 13-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններին, իշխանության հետ երկխոսության չկայանալու պատճառներին։ Դեմիրճյանը չի համաձայնել, թե ընդդիմությունը դադարեցրել է պայքարն ընդդեմ իշխանությունների։ Ըստ ՀԺԿ նախագահի՝ եթե հանրահավաքներ չեն հրավիրվում, «դա չի նշանակում, թե ընդդիմությունն արձակուրդ է գնացել»։ Հայաստանի տնտեսական աճի հետ կապված պրն Դեմիրճյանն ընդգծել է, որ «մի խումբ մարդկանց հարստացումը զարգացում չէ»։ Այնուհետեւ ՀԺԿ նախագահը հրավիրվել է Գլենդելի հեռուստաընկերություն եւ ուղիղ կապով պատասխանել է հեռուստադիտողների հարցերին։ Հուլիսի 22-ին Ստեփան Դեմիրճյանը հանդիպել է Հնչակյան, Ռամկավարական կուսակցությունների եւ Հայկական ասամբլեայի ղեկավարների հետ։ Նույն օրը նա Գլենդելի քաղաքապետարանում հանդիպել է քաղաքապետի հետ, որը հյուրին է նվիրել Գլենդելի խորհրդանշական բանալին։ Այսօր Վաշինգթոնի ռազմավարական եւ ստրատեգիական կենտրոնում Ստեփան Դեմիրճյանը ելույթ կունենա եւ կպատասխանի ներկաների հարցերին։ Վաշինգթոնում Ստեփան Դեմիրճյանը մի շարք կարեւոր հանդիպումներ կունենա ԱՄՆ քաղաքական եւ պետական գործիչների հետ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել