ԲՈԼՈՐ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԸ ՍՊԱՆՎԱ՞Ծ ԵՆ Ընտրություններին վերաբերող ՀՀ գլխավոր դատախազության տեղեկանքները, դրանցում գրանցված փաստերն արտառոց են։ Առավել արտառոց է այն, որ փաստերից ոչ մեկի կապակցությամբ որեւէ քրեական գործ չի հարուցվել։ 2004 թ. դեկտեմբերը վերջին ժամկետն է, եւ Հայաստանի իշխանությունները, ըստ ԵԽԽՎ 1374 բանաձեւի, մինչ այդ ժամկետը պետք է զեկուցեն Ստրասբուրգի «պոլիտբյուրոյին», թե ինչ քայլեր են ձեռնարկված 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կեղծիքներ եւ ապօրինություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Նախագահական ընտրությունների ժամանակ մարդասպանության դեպքեր չեն եղել, եւ հանցատեսակները սահմանափակվել են լցոնումներով, մարդկանց վախեցնելով ու ծեծելով, կաշառք բաժանելով, քվեատուփեր գողանալով, գործածված կնիքներով եւ այլ ապօրինություններով, որոնք եւս քրեորեն դատապարտելի արարքներ են, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել են նաեւ զոհեր, գործի են դրվել հրազենը, սուր կտրող եւ ծակող գործիքները։ Այս դեպքում դատախազությունը գործել է շատ ավելի փնթի՝ մարդասպանության մասին փաստի արձանագրումներից հետո «զեկուցել» է, թե քրեական գործերը կարճվել են այս կամ այն անձի մահվան կապակցությամբ։ Կարելի է կարծել՝ ամբողջ խորհրդարանական ընտրությունների արդյունքում բոլոր զոհերը իրենք իրենց կրակել են, ուրիշներին՝ կրակել են ու մահացել, եւ ուրիշ տուժողներ չկան։ Դատախազության այս տեղեկատվությունից ակնհայտ է, որ դատախազությունը ձեռքերը լվացել է ցանկացած գործի կապակցությամբ եւ բոլոր դեպքերում «մեղադրել» է զոհերին։ Ահա մի քանի օրինակներ, որոնք ապացուցում են ասվածը։ Ոստիկանության Արտաշատի բաժնից օպերատիվ հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ մայիսի 25-ին, ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Արարատի մարզային վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել այն մասին, որ Շահումյան գյուղի կողմից լսվում են ավտոմատի կրակոցներ։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20:40-ի սահմաններում, Տարզան Օնիկի Ենոքյանը գյուղի միջնակարգ դպրոցի բակում (ի դեպ, դատախազության տեղեկանքում նույնիսկ հարկ չեն համարել նշել, որ դպրոցում ընտրատարածք էր տեղակայված։ Այսինքն՝ սույն տեղեկանքում ոչ մի խոսք չկա ընտրությունների մասին- Մ. Ե.) հանդիպել է իր հետ նույն օրը վիճաբանության մեջ մտած համագյուղացի Վրեժ Գեւորգի Ավետիսյանին եւ առանց որեւէ նախաբանի իր մոտ գտնվող ավտոմատից կրակահերթ արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետեւանքով Վրեժ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ նրա կողքին կանգնած Նվեր Կարապետյանը մարմնական վնասվածք է ստացել։ Ի վերջո, դատախազությունը պարզապես ստիպված է եղել հիշատակել «ընտրատեղամաս» բառը, քանի որ վերոհիշյալ կրակոցներից տուժել եւ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել ուրիշ մարդիկ եւս՝ «թիվ 0652/24 ընտրական տեղամասի նախագահ Ռոզա Ստեփանյանը եւ «Արդարություն» դաշինքի վստահված անձ Ռաֆիկ Օհանյանը։ Կրակահերթի ձայնից դեպքի վայր մեկնած նշված ընտրական տեղամասում ծառայություն կատարող ոստիկանության կապիտան Մ. Մադաթյանը «Մակարով» տիպի ատրճանակից կրակ է արձակել եւ վիրավորել Տարզան Ենոքյանին»։ Քրեական գործ հարուցվել է, բայց Տարզան Ենոքյանի մահվան կապակցությամբ գործը կարճվել է։ Ըստ էության, իրավապահները համապատասխան իրավիճակի թելադրանքով պատրաստ են մոռանալ նույնիսկ իրենց մասնագիտական արժանապատվությունը։ Ահա մի օրինակ՝ խորհրդարանական ընտրությունների օրը՝ 2003 թ. մայիսի 25-ին, Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքապետ Շավարշ Սեդրակյանը խուլիգանական արարք է թույլ տվել՝ ընտրատեղամասում քաշքշել եւ հայհոյել է «Արզնի» թռչնաբուծական ֆերմայի աշխատակցին։ Մայոր Գեւորգ Հարությունյանը փորձել է կանխել քաղաքապետի խուլիգանական գործողությունները։ Վերջինս չի խնայել նաեւ ոստիկանության մայորին եւ պոկել է նրա ուսադիրները։ Սակայն մեր քաջարի դատախազությունը որեւէ գործ չի հարուցել այս դեպքի կապակցությամբ, որովհետեւ իբր պարզվել է, թե ոստիկանության մայորի ուսադիրները ոչ թե քաղաքապետն է պոկել, այլ դրանք պոկվել են «ինքնակամ» կամ, ինչպես գրված է դատախազության թղթերից մեկում՝ «քաղաքացիների միջեւ ծագած վիճաբանության ընթացքում»։ Դատախազության տեղեկանքներից մեկում ամփոփված փաստերից մեկը եւս խիստ տիպական է 2003թ. խորհրդարանական ընտրությունները բնութագրելու համար։ Ընտրությունների օրը «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Վլադիկ Վարդանյանը, ԱԺ պատգամավոր, պատգամավորության թեկնածու Սուրեն Խաչատրյանը (այժմ Սյունիքի մարզպետ- Մ. Ե.) եւ Մանվել Մակինցյանը զրուցելու նպատակով ընտրատեղամասից դուրս են հրավիրել «Արդարություն» դաշինքի վստահված անձ, ՍԻՄ տարածքային կազմակերպության ղեկավար Կարեն Միրզոյանին եւ տանելով քաղաքից դուրս՝ ծեծել են»։ Ավելորդ է, չէ՞ ասել, որ քրեական գործ չի հարուցվել, քանի որ Գորիսի ոստիկանությունը փաստեր չի գտել նշվածը ապացուցելու։ Ինչպե՞ս կարող էր ոստիկանությունը փաստեր գտնել այնպիսի անձանց դեմ, ինչպիսին հանրահայտ հեղինակություն «Լիսկան» է, նույն ինքը՝ Սուրեն Խաչատրյանը։ ԱԺ ընտրությունների ժամանակ սպանությունները, խուլիգանական արարքները, հարձակումները ընտրատարածքների եւ վստահված անձանց վրա, ծեծն ու հայհոյանքն այնքան շատ են, որ պարզապես այս ֆոնին չնչին մանրուքներ են թվում քվեատուփերի լցոնումները, մարդկանց առեւանգումը, արձանագրություններում կեղծ թվերի գրանցումը եւ այլն։ Օրինակներից յուրաքանչյուրը ավելորդ անգամ ապացուցում է, որ դատախազությունն իր «կոծկելու» քաղաքականությամբ հերթական արջի ծառայությունն է մատուցում իշխանություններին։ Վերջիններս պարզապես ստիպված են լինելու մինչեւ 2004-ի դեկտեմբեր ԵԽԽՎ-ին զեկուցել ապօրինություններ կատարածներին պատասխանատվության ենթարկելու մասին։ Հո չե՞ն կարող եվրոպացիներին համոզել, որ ընտրությունների ժամանակվա բոլոր կեղծարարները կա՛մ մահացել են դեպքի վայրում, կա՛մ հանկարծամահ են եղել դրանից հետո՝ ուրախությունից։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ