Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՏԱՐԱԿԻ TV-Ն ԼՌՈՒՄ Է

Հուլիս 23,2004 00:00

ԱՇՏԱՐԱԿԻ TV-Ն ԼՌՈՒՄ Է Տարածքի շուրջ վեճը քաղաքական երանգ է ստանում Ս/թ մայիսի 31-ին «Արագածոտնառսպաս» ՓԲԸ տնօրեն Սարգիս Ամիրյանը քաղհայցով դիմել է ՀՀ տնտեսական դատարան՝ իր տնօրինության տակ գտնվող շենքում «Սերվիս թիվի» արտադրական կոոպերատիվին, ասել է թե՝ Աշտարակի կաբելային հեռուստաընկերությանը, «ապօրինի զբաղեցրած տարածքից վտարելու եւ 820 հազար դրամ պատճառված վնասը բռնագանձելու պահանջով»: Ըստ այդ հայցի՝ Աշտարակի հեռուստաընկերությունը «01.04.1997թ.-ին «Արագածոտնառսպաս» ՓԲԸ-ի հետ մեկ տարով կնքել է շինության վարձակալման պայմանագիր, որով հայցվոր ընկերությունը նրան է տրամադրել իր վարչական շենքի 4-րդ հարկից 180 քմ տարածք: Իսկ պատասխանող կողմը պարտավորվել է յուրաքանչյուր ամիս վճարել 20 հազար դրամ վարձ, չնայած այն հանգամանքին, որ 180 քմ-ի փոխարեն, ըստ էության, զբաղեցրել է 300 քմ տարածք»: Հայցադիմումում միաժամանակ նշված է, որ Աշտարակի հեռուստաընկերությունը պայմանագրի գործողության մեկամյա ժամկետում եւ դրանից հետո՝ մինչեւ 2000-ի վերջը, «վճարել է նշված՝ միայն 20 հազար դրամ վարձը»: Ապա, ըստ հայցվորի, սկսած 1998-ի մայիսի 1-ից, երբ լրացել է պայմանագրի ժամկետը, «Արագածոտնառսպասը» «Սերվիս թիվի»-ից պահանջել է կնքել նոր պայմանագիր, սակայն վերջինս հրաժարվել է, իսկ 2001-ից հետո հրաժարվել է նաեւ վարձ վճարելուց կամ՝ զբաղեցրած տարածքն ազատելու առաջարկից: «Այսպիսով, սկսած 2001-ի հունվարի 1-ից մինչ օրս պատասխանող կողմը ոչ միայն հրաժարվում է վարձակալության պայմանագիր կնքել, այլեւ նախկին պայմանագրով նախատեսած 20 հազար չնչին վարձաչափը վճարելուց կամ՝ ապօրինի զբաղեցրած տարածքն ազատելուց, որով ընկերությանը պատճառել է նվազագույնը 820 հազար դրամի վնաս»,- նշված է պարոն Ամիրյանի հայցում: Հատկանշականն այն է, որ «Արագածոտնառսպասի» տնօրենը միայն 2004-ի մայիսին էր հիշել, որ վարձակալ հեռուստաընկերությունը մինչ օրս որեւէ վարձավճար չի մուծել, մինչդեռ սույն հայցում ոչ մի ակնարկ չկա նույն հայցվորի եւ պատասխանող կողմի միջեւ կնքված մեկ այլ պայմանագրի մասին, որը թվագրված է 2002-ի սեպտեմբերի 5-ով, ինչը ստորագրել է նույն Ս. Ամիրյանը: Իսկ դրա համաձայն, որ, ի դեպ, մեզ է տրամադրել հենց Ս. Ամիրյանը, հեռուստաընկերությունը վարձակալել է 200 քմ տարածք՝ ամսական 10 հազար դրամով: Նույն պայմանագրի 2.1 կետով՝ «Արագածոտնառսպասը» «պարտավորվում է ապահովել շենքի գիշերային պահպանությունը եւ ընդհանուր օգտագործման տարածքների մաքրությունը, անհրաժեշտության դեպքում կատարում է կապիտալ նորոգման աշխատանքներ»: Ի դեպ, հայցվորի եւ պատասխանողի միջեւ ծագած վեճի սկզբնաղբյուրը հենց այս պարտավորությունները չկատարելու կամ դրանք իրար վրա բարդելու հանգամանքն է եղել, թեեւ, ըստ հեռուստատեսության տնօրեն Վահրամ Բոցինյանի, շարժառիթը զուտ քաղաքական է: Արդյունքում, այսօր Աշտարակի հեռուստատեսությունը հարկադիր պարապուրդում է, որովհետեւ կենցաղի տան դռները նրա դիմաց փակ են: Հետաքրքիր է նաեւ մեկ այլ հանգամանք. «Արագածոտնառսպասի» հետ կնքված հիշյալ պայմանագրից շուրջ մեկ ամիս անց՝ 2002-ի հոկտեմբերի 1-ին, Աշտարակի հեռուստաընկերությունը հիշյալ տարածքի վարձակալության համապատասխան պայմանագիր է կնքել արդեն Արագածոտնի մարզպետարանի հետ, որը ստորագրել են մի կողմից՝ մարզպետ Հրայր Կարապետյանը, մյուս կողմից՝ հեռուստաընկերության տնօրեն Վ. Բոցինյանը: Ըստ հիշյալ պայմանագրի 1.1 կետի՝ մարզպետարանը «իր բալանսում գտնվող հիշյալ շենքից դեռեւս 1987թ.-ից 200 քմ վարձակալող Աշտարակի հեռուստատեսությանը կատարում է տարածքի վարձավճարի զիջում՝ մարզպետարանի կողմից իրականացվող աշխատանքների՝ հեռուստատեսությամբ լուսաբանման կապակցությամբ մատուցված ծառայությունների դիմաց: Նույն պայմանագրի 2.5 կետով սույն ծառայությունների հաշվառումը դրվել է մարզպետարանի լրատվական բաժնի վրա՝ համաձայնեցնելով հեռուստաընկերության համապատասխան բաժնի հետ: Ս. Ամիրյանի պնդմամբ՝ Արագածոտնի մարզպետը նման պայմանագիր կնքելու իրավունք չուներ՝ առանց իր հետ համաձայնեցնելու, առավել եւս, որ դեռ 2000թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ նման տարածքները վարձակալության տրամադրելու լիազորություններն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը: Վ. Բոցինյանի ասելով, իշխանությունները կառավարության որոշման մասին միայն 2004-ին են հիշել, ընդ որում, իբր, իրավական ուժ չունեցող պայմանագիրը կազմել էր մարզպետարանի նույն իրավաբանը: Եթե այն ժամանակ՝ 2002-ին, սխալ պայմանագիր է կազմվել, ինչի մասին իրենք հետո են իբր գլխի ընկել, ուրեմն պետք է ինձ կանչեին՝ պայմանագիրը վերանայելու կամ պարզապես դիմեին դատարան, ինչը մինչ օրս էլ չի արվել: Ստացվում է, որ պայմանագրի կնքումից հետո այն գործել է իր ողջ ուժով, որովհետեւ արդեն նախագահական, ԱԺ ընտրությունների ժամանակ մասնավորապես ՀՅԴ-ն լիուլի օգտվել է մեր եթերից, որովհետեւ պայմանագիրը կնքել էր ՀՅԴ անդամ մարզպետը, իսկ հիմա պարզվում է՝ պայմանագիրը իրավական ուժ չունի, որովհետեւ մենք ցույց ենք տվել ֆիլմեր, հաղորդաշարեր, որոնք իշխանությունների քիմքին հարմար չեն եղել»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել