ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ «ԶՈՀԵՐԸ»
Հայաստանի հելսինկյան կոմիտեի եւ «Եվրո-Ազիա» կոնֆլիկտալոգիայի
եւ ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել
է վարչական կալանքի ենթարկված անձանց գտնվելու վայրի տեղեկատվության եւ նրանց՝
արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրականացման մոնիտորինգ։
Երեկ «Արմենիա» հյուրանոցում ամփոփվեցին մոնիտորինգի արդյունքները, որոնք, ըստ ծրագրի պատասխանատու, փաստաբան Լուսինե Սահակյանի՝ «մտահոգիչ» են։ Մասնավորապես 20 հարցազրույցների արդյունքում պարզվել է, որ վարչական կալանքի ենթարկված անձանց հարազատները նրանց գտնվելու վայրի մասին տեղեկացվել են միայն այն ժամանակ, երբ «ոստիկանություն բերված անձի մոտ առկա չի եղել անձնագիրը»։ Այդ անձանց հարազատներին տեղեկացվել է բերման ենթարկելու պահից մեկ ժամվա ընթացքում՝ 56%, 12 ժամվա ընթացքում՝ 33%, հաջորդ օրը՝ 11% դեպքերում։ Վարչական կալանքի ենթարկվածների 29%-ն է իմացել փաստաբան ունենալու իր իրավունքի մասին։ Լ. Սահակյանը սենսացիոն հայտարարություն արեց. «Հայաստանում հազիվ 4 փաստաբան գտանք, որոնք մասնակցել են վարչական կալանքի գործերին»։ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ձերբակալվածների եւ կալանավորվածների պահման վայրի պատասխանատու Վարուժան Եղիազարյանը համաձայն չէր մոնիտորինգի արդյունքներին եւ ասաց, որ «ԿՊԶ» մտնելուց հետո կալանավորվածները «հստակ տեղեկացվում են» իրենց իրավունքների մասին։ «Գտեք որեւէ հարազատ, որի հանձնուքը չի ընդունվել»,- հորդորեց նա։ Իսկ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Մեհրաբյանը հիշեցրեց, որ կալանավորվածները միայն այդ հանձնուքի հույսին չեն, որ պետությունը ամեն օր 540 դրամի անվճար սնունդ է տալիս։
Փաստաբան Ռուբեն Սահակյանի հարցին էլ, թե փաստաբանի հետ առանձին տեսակցություն թույլատրվո՞ւմ է, ոստիկանության ներկայացուցիչը խոստովանեց. «Կան դեպքեր, որ՝ ոչ»։