ՄՕԿ-ը
եւ հակադոպինգային համաշխարհային գործակալությունը՝ ՎԱԴԱ-ն, անհաշտ ու անխնա
պայքար են մղում պրոֆեսիոնալ սպորտում արգելված դեղամիջոցների, խթանիչների
օգտագործման դեմ:
Այդ պայքարն, անկասկած, նոր թափ կստանա Աթենքում կայանալիք օլիմպիական խաղերի ընթացքում: Մաքուր պայքարը ձեռնտու է նաեւ Հայաստանին: Այստեղ նույնպես վերջին տարիներին խիստ վերահսկողություն է սահմանվել նմանատիպ ամեն տեսակ խախտումների, խաբեությունների վրա: Մեր զրուցակիցն է ՀՀ սպորտպետկոմի սպորտային բժշկության եւ հակադոպինգային վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հովակիմյանը:
– Պարոն Հովակիմյան, հիմա շատ է խոսվում դոպինգ, արգելված դեղամիջոցներ օգտագործելու դեմ հանրապետությունում իրականացվող պայքարի մասին: Սակայն խոստովանենք, որ ոչ բոլորը շատ թե քիչ ամբողջական պատկերացում ունեն ձեր ղեկավարած ծառայության մասին:
– Մեր գլխավոր պարտականություններն են՝ ամբողջ տարի ըստ մարզաձեւերի պետական մարզիչների, թիմերի բժիշկների եւ մարզիչների հետ ամենօրյա համագործակցությամբ մարզիկների վիճակի վերահսկումը, անհրաժեշտության դեպքում նրանց առողջության բարելավումը կամ վերականգնումն ապահովելը, ինչպես նաեւ պարբերաբար հակադոպինգային ստուգումների կազմակերպումը: Ցանկացած հավաքական ուսումնա-մարզական հավաք անցկացնելուց առաջ մեր ծառայությանը պարտադիր ներկայացնում է այդ ժամանակաընթացքում իրեն անհրաժեշտ վիտամինների, դեղամիջոցների, սննդի հայտերը, որոնք պետությունն ապահովում է միայն մեր համաձայնությունն ստանալուց հետո: Ինչ վերաբերում է դոպինգ-ստուգումներին, դրանք անցկացնում ենք երկու սկզբունքով. արտամրցումային, որը կարելի է անվանել ծրագրային, եւ անակնկալ, այսպես կոչված՝ էքսպրես: Առաջին դեպքում դոպինգ-ստուգում անցկացնելու մասին տեղյակ են լինում Սպորտպետկոմի նախագահը, տվյալ մարզաձեւի ֆեդերացիայի նախագահը, պետական մարզիչը եւ, հասկանալի է, մենք: Իսկ երկրորդ դեպքում՝ միայն Սպորտպետկոմի նախագահը եւ ես:
– Ինչպե՞ս է կատարվում դոպինգային ստուգումը:
– Մեր աշխատակիցներն այցելում են թիմին եւ վերցնում մարզիկների մեզը: Դրանք լցվում են անգլիական արտադրության հատուկ սրվակների մեջ, որոնք կնքվում, կոդավորվում են եւ ուղարկվում Քյոլնի լաբորատորիա ու սպասում պատասխաններին: Եթե լինում է դրական պատասխան, այսինքն սրվակներից մեկում հայտնաբերված է լինում արգելված պրեպարատ, կոդը բացում ենք, իմանում մարզիկի անունը եւ սահմանված կարգով կատարում հետագա համապատասխան քայլերը:
– Որքա՞ն ժամանակում է ստացվում պատասխանը եւ մեկ դոպինգ-ստուգումն որքա՞ն է արժենում պետությանը:
– Ժամկետները կախված են մեր պահանջագրից: Սովորական ստուգման համար սահմանված է 14, էքսպրեսի համար՝ 7 աշխատանքային օր: Մեկ սրվակի սովորական ստուգման համար վճարում ենք 104-110 եվրո, էքսպրես ստուգման գինը տատանվում է՝ 160-170 եվրոյի տիրույթում: Իսկ մեկ սրվակը գնում ենք 6,65 ֆունտ ստեռլինգով: Բացի սա, տեղեկացնեմ նաեւ, որ տարվա կտրվածքով դոպիգային ստուգումների վրա ծախսվում է մոտ 8 մլն դրամ, նույնքան էլ՝ մարզիկների առողջությունը լավացնելու, բուժումների, դեղամիջոցներ, վիտամիններ ձեռք բերելու վրա:
– Եղե՞լ է, որ մարզիկը հրաժարվի դոպինգ-ստուգում անցնել:
– Իմ աշխատելու ընթացքում նման բան չի եղել: Եթե հրաժարվեն, տեղեկացնում եմ Սպորտպետկոմի ղեկավարին, որից հետո կկիրառվեն պատժամիջոցներ, ընդհուպ՝ մինչեւ որակազրկում:
– Ասացիք, որ ձեր բաժինը կոորդինացնում է նաեւ հավաքականների անդամներին վիտամիններով եւ սննդով ապահովելու գործը:
– Այո: Մենք ՄՕԿ-ից պարբերաբար ստանում ենք ՎԱԴԱ-ի կողմից հաստատված արգելված պրեպարատների ցանկը, դրանք տրամադրում նաեւ պետական մարզիչներին, հավաքականների բժիշկներին: Պետությունն էլ հսկայական միջոցներ է տրամադրում դեղեր, վիտամիններ գնելու համար, որոնց բաղադրությունում չկան ցուցակում նշված պրեպարատները: Վերջին շրջանում մենք անչափ մեծ կարեւորություն ենք տալիս բնական ծագում ունեցող նյութերին: Օրինակ, Չինաստանից ձեռք ենք բերել ժենշենի տարբեր պատրաստուկներ, որոնք օգտագործում են այդ երկրի հավաքական թիմերն ու բարձր արդյունքներ ցույց տալիս: Սերտ համագործակցություն ենք հաստատել հիմնականում արտասահմանում աշխատող մեր հայրենակից, բուսաբույժ Արայիկ Սլեյանի հետ: Նրա՝ խոտաբույսերի պատրաստուկները, որոնք, ի դեպ, բավականին թանկ արժեն, էկոլոգիապես մաքուր են, հատուկ մշակում անցած եւ անգնահատելի են մեծ ծանրաբեռնվածությունից հետո մարզիկի օրգանիզմն արագ վերականգնելու, մկանները հանգստացնելու եւ այլ առումներով, ունեն հանգստացուցչի, հակաբորբոքիչների հատկություն: Սննդի մասին ասեմ, որ մարզիկներին օդի պես անհրաժեշտ են բարձր կալորիականություն ունեցող սննդամթերքները, առանց որի նրանք պարզապես ի վիճակի չեն լինի մեծ ծանրաբեռնվածությունների դիմանալ: Այդ նպատակով Սպորտպետկոմը գնել է մեծ քանակությամբ բնական մեղր, ընկույզ, կաղին, նուշ եւ այլն ու դրանք մենք մշտապես համապատասխան չափաբաժիններով բաժանում ենք մարզիկներին: Բացի դա, հիմա մի քաղաքականություն ենք որդեգրել: Հավաքների ընթացքում մարզիկը պետք է ուտի այն, ինչ ցանկանում է: Բուֆետում կամ ճաշարանում սեղանի վրա պարտադիր դրված է լինում մրգերի հարուստ տեսականի, սկսած բանանից, խնձորից, վերջացրած անանասով, կիվիով: Եթե մարզիկը նախընտրում է ուտել սեւ խավիար, պետք է ուտի, կարմի՞ր՝ նույնպես: Միայն չափաքանակներն են սահմանված, որը վերահսկվում է Արայիկ Սլեյանի կողմից: Նման բան Հայաստանում, գուցե, երբեք չի եղել:
– Շուտով Հայաստանի օլիմպիականները մեկնելու են Աթենք: Մինչ այդ բոլորն էլ դոպինգ-ստուգում անցնելո՞ւ են:
– Անպայման: Ու Աստված չանի, եթե որեւէ մեկը «մաքուր» չեղավ, անկախ տիտղոսներից՝ Խաղեր չի մեկնի ու կենթարկվի խստագույն պատասխանատվության:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ