Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է

Հուլիս 23,2004 00:00

Ավանդույթներ ունեցող Սայաթ -Նովայի անվան հայտնի երաժշտական դպրոցի վրա ասես թուղթուգիր կա: Տիգրան Հեքեքյանի՝ տնօրեն նշանակվելուց հետո այստեղ հաճախ են տարաձայնություններ լինում:

«Առավոտը» արդեն անդրադարձել է դպրոցում տիրող ոչ նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտին ու ծնողների այն մտահոգությանը, թե «խաթարված է դպրոցի բարի համբավը»: Ընթերցողը տեղյակ է նաեւ փոխտնօրեն Տիգրան Տողրամաջյանի ու ծնողներից մեկի միջեւ ծագած ծեծկռտուքին:

Դպրոցի ղեկավարության վերաբերյալ հերթական դժգոհությունը 83-ամյա մանկավարժ Սարիս Տեր-Պողոսյանից էր: Նա 57 տարի աշխատում է այդ դպրոցում, նախկինում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի: Այսօր նա վիրավորված է այն դպրոցից, որի առաջին շրջանավարտն է եղել:

«Պարոն Հեքեքյանը բոլոր պարտականությունները դրել է փոխտնօրեն Տողրամաջյանի վրա, որովհետեւ ինքը ադմինիստրատիվ գործ չի կարողանում անել: Երբ որեւէ հարցով ուզում ենք մոտենալ, ասում է՝ դիմեք փոխտնօրենին: Վերջինս անտանելի ինձ չի սիրում, ասես ալերգիա ունի իմ նկատմամբ, միշտ ասում է՝ ժամանակ չունեմ, չեմ կարող ընդունել»,- պատմեց տիկ. Սարիսը: Մանկավարժի ներկայացմամբ՝ արդեն սկսել են աշակերտներ տեղափոխվել Սայաթ-Նովայի անվան դպրոցից՝ ղեկավարություն-կոլեկտիվ տարաձայնության պատճառով, բայց մի քանիսին ինքը մի կերպ հորդորել է մնալ:

Փոխտնօրենի՝ իր նկատմամբ անհանդուրժողական գտնվելու պատճառները, ըստ Ս. Տեր-Պողոսյանի՝ մի քանիսը կարող են լինել: Տիկ. Սարիսը համոզված է, որ Տողրամաջյանը իրենից նեղացել է այն պատճառով, որ իր ծանոթը մտափոխվել է փոխտնօրենին էժան գնով վաճառել ջութակը: «Երեւի Տիգրանը մտածել է, որ ես թույլ չեմ տվել վաճառել գործիքը, որպեսզի հետո ինքը թանկ գնով վերավաճառի, դրա համար էլ թշնամացել է ինձ հետ»,- պատմեց նա:

«100 անգամ փորձել եմ մտնել Տիգրան Հեքեքյանի մոտ, ասում է՝ անձնական հարցերով չեմ ընդունում: Բացատրում եմ, որ աշակերտների հարցով եմ դիմում, ուղարկում է օգնականի մոտ: Օգնականն էլ՝ չի ընդունում, դրա համար էլ ճարահատյալ խմբագրություն եմ եկել»,- նեղսրտեց Ս. Տեր-Պողոսյանը: Նրան ավելի շատ վրդովեցնում է իր վաստակի հանդեպ անհարգալից վերաբերմունքը. «Ես բազմաթիվ հայտնի աշակերտներ ունեմ աշխարհով մեկ ցրված, որոնք բարձր են պահում հայի պատիվը դրսում, իսկ ինձ իմ դպրոցում նսեմացնում են: Ես դպրոց եմ գալիս երեխաների համար, եւ եթե պետք լինի՝ ղեկավարությանը կվերադարձնեմ 5300 դրամ աշխատավարձս: Դպրոցում չգիտեն՝ ինչ ասել է մարդկային վերաբերմունք, դրա համար էլ ծնողները Տողրամաջյանին վերջերս ծեծում էին, չէ՞ որ նա հայտնի է ծնողների նկատմամբ կոպիտ վերաբերմունքով»:

Պրն Տողրամաջյանն էլ իր հերթին մեղադրեց Ս. Տեր-Պողոսյանին ՝ հերյուրանք որակելով նրա բոլոր պատմածները: Ասաց նաեւ, որ իր դարակում էլ դիմումներ կան, որոնցում ծնողները պահանջում են աշխատանքից ազատել մանկավարժին: Գովազդելով իր 19-ամյա անբասիր վաստակն ու մեծերին հարգելու կուլտուրան, պրն Տողրամաջյանն ասաց, որ ինքն էլ բարեխոսել է «ապստամբ» ծնողների մոտ, որպեսզի մեկ տարի էլ հանդուրժեն տիկ. Սարիսին, քանի որ վերջինս մյուս տարի ինքնակամ հեռանալու խոստում է տվել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել