Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատարանում «շիլաշփոթ» է ստեղծվել

Հուլիս 23,2004 00:00

«Ապօրինի»
բնակիչների տեղափոխությունից բնակբաշխման որակը չի փոխվում
Մեկ ամիս է՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում գրեթե ամեն օր ընթանում է վերջ չունեցող մի դատավարություն: Բնակբաշխում իրականացնող Շիրակի մարզպետարանը հերթական վտարման հայցն է ներկայացրել: Այս անգամ՝ Տիգրան Մեծի 5 ա շենքի «հազար տարվա» բնակիչների դեմ՝ որպես «սեփական բնակարաններն ապօրինի լցվածների»: «Առավոտն», այս պատմական դատավարությանն անդրադառնալով, արդեն տեղեկացրել է, որ 4 ընտանիք 1937-ից բնակվել է կոմունալ ձեւով՝ նույն բնակարանում, հարեւանների հետ համատեղ: Առիթն օգտագործելով, որ հարեւան միայնակ ծերերից շատերն այլեւս չկան, շենքի վերանորոգումից հետո նրանք զբաղեցրել են նաեւ մյուս սենյակները, ինչը զայրացրել է մարզպետարանին: Հիմք ընդունելով Կառավարության թիվ 116 որոշումը, վերջինս դիմել է դատարան: Սակայն դատավարության հենց առաջին օրը ներկայացվեց հակընդդեմ հայց՝ «մարզպետարանի ապօրինի գործողությունները կանխելու նպատակով»: Ավելին, բնակիչները դատավորին խնդրեցին իրենց վրայից հանել բնակարաններն ապօրինի զավթածի պիտակը: «Մենք որ այդ շենքում էինք ապրում, մարզպետարանը որպես կառույց գոյություն էլ չուներ»,- դժգոհում էին նրանք: Մարզպետարանի պնդմամբ էլ՝ իրենք բնակիչներին փողոցներում չեն թողել, այլ ապահովել են համապատասխան բնակարաններով, այն էլ՝ քաղաքի կենտրոնական մասերում: Սակայն զավեշտալին այն է, որ բնակիչներին հատկացված այդ բնակարաններն էլ ազատ չեն. սրանք եւս ունեն իրենց տերերը, մարզպետարանի բնութագրմամբ՝ եւս «ապօրինի»: Օրինակ՝ Գորկու 80 ա շենքի թիվ 13 բնակարանի «ապօրինի» բնակիչը հասցրել է դատի տալ մարզպետարանին՝ համոզված լինելով, որ բնակարանը բոլոր օրենքներով իրենն է:

Շարունակ հետաձգվող դատավարությունը արտասովոր է նաեւ ներգրավված անձերի քանակով. որպես 3-րդ անձ հանդես են գալիս քաղաքապետարանն ու բնակարանների նոր տերերը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը քննադատեց Կառավարության թիվ 116 որոշումը, որտեղ անտեսվել է բնակարանների ամրացման կարգը. առանձին մոտեցում չի ցուցաբերվել կոմունալ հարմարություններով շենքերին: Իսկ Գյումրիում նմանատիպ շենքերի թիվը քիչ չէ: Պետք է ենթադրել, որ հիշյալ դատական պրոցեսը անախորժ պատմության դեռ սկիզբն է: «Ինչ են տրագեդիա սարքել, թող մարդիկ իրենց բնակարաններում ապրեն, ավելորդ տարածության համար էլ պետությանը գումար մուծեն»,- առաջարկում էր քաղաքապետարանի ներկայացուցիչը: Իսկ ներկաներից մեկն էլ նկատեց. «Կաբինետներում նստել ու որոշումներ են կայացրել, առանց հաշվի առնելու մարդու տարրական իրավունքները»: Այս դեպքում հարց է առաջանում, թե ո՞րն էր նախագահական օժանդակող հանձնաժողովի Գյումրի ժամանելու նպատակը, երբ նմանատիպ հարցերը բացարձակապես անտեսել են:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել