Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՇՔՇՈՒԿԸ ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է

Հուլիս 23,2004 00:00

Ցածրաստիճան չինովնիկները ձգձգում են կառավարության եւ քաղաքապետարանի որոշումների կատարումը

2001թ. նոյեմբերին կառավարության որոշմամբ Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան պատերազմի հաշմանդամների բարեգործական հասարակական կազմակերպությանը հատկացվեց Երեւանի քաղաքապետարանի թիվ 2 բաղնիքի շենքը։ Երեք տարի է անցել, սակայն հատկացումը դեռեւս փաստաթղթային փուլում է։ «Ես անչափ շնորհակալ եմ վարչապետից, նախագահից ու ներկայիս քաղաքապետից, խնդրել եմ շենքի 10 տարվա վարձակալությունը փոխել մշտականով՝ փոխել են, ընթացքում ինչ պետք է եղել՝ արել են, բայց գործը ձգձգում են ենթակա պաշտոնյաները»,- «Առավոտին» ասաց կազմակերպության նախագահ Արշավիր Սահակյանը։ Քիչ է ասել, թե ձգձգել են։ Կառավարության ու քաղաքապետարանի որոշումները հատկացման վերաբերյալ կազմվել են՝ հաշվի չառնելով Կադաստրի մասին օրենքն ու գրանցման կարգը, ինչի հետեւանքով առաջին կարգի հաշմանդամը երկու անգամ փաստաթղթային գործը սկսել է սկզբից, ամեն անգամ ամիսներ շարունակ սպասելով այս կամ այն «չինովնիկի» տեղում լինելուն, ընդունելությանն ու ստորագրությանը։ Երեւանի քաղաքապետի վերջին որոշմամբ, որն այս տարվա հուլիսի 2-ին էր, բաղնիքի շենքն ու հարակից տարածքը դարձել են քաղաքապետարանի սեփականությունը, ինչպես պահանջում էր Կադաստրի պետական կոմիտեն, ինչից հետո նոր որոշմամբ տարածքը կարող է հատկացվել հաշմանդամներին։ Որոշումից 20 օր անց այն դեռ «լռվել-մնացել» է Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունում։ Այստեղ ասում են, որ որոշման ոչ մի կետով գլխավոր հատակագիծ տալու մասին կոնկրետ ժամկետ նշված չէ, իսկ «մենք ժամանակ չունենք դեռ, գործը շատ է»։ Քաղաքաշինության ոլորտում այս օրերին ընթացող ակտիվ առքուվաճառքն իսկապես կարող է հանգեցնել աշխատակիցների ժամանակի սղությանը։ Սակայն դա նաեւ մեզ լավ ծանոթ «խնամի-բարեկամով» կամ էլ՝ «կանխիկով» գործն առաջ գցելու աշխատաոճի արդյունք է։ Իսկ մնացածի գործերը կամ փոշոտվում են, կամ՝ հետաձգվում, մինչեւ «մարդ» ճարելը։ Անցած երեք տարիներին՝ բացի ժամանակ, նյարդեր, գումար վատնելուց, հաշմանդամների այս կազմակերպությունը զրկվել է նաեւ իր 380 անդամների համար աշխատատեղ ստեղծելու եւ նրանց ընտանիքներին օգնելու հնարավորությունից։ Երկու տարի առաջ տարածքը մաքրել-բարեկարգելուց հետո կազմակերպությունը համաձայնագիր էր կնքել հունական նմանատիպ մի հ/կ-ի հետ՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար։ Հույները տրամադրելու էին համապատասխան սարքավորումներ եւ հումք, որոնցով ձեռնարկությունը պետք է արտադրեր հաշմանդամների սայլակներ։ «Հունական կազմակերպության նախագահ Ստամատիս Մոնյոսը շատ էր ոգեւորվել այս գործով, բայց հիմա չգիտեմ, թե ինչ է փոխվել, նա այն ժամանակ արդեն 86 տարեկան էր եւ վատառողջ, ի՞նչ իմանամ, մինչեւ տարածքի տեր դառնանք՝ մտքները չե՞ն փոխի,- դառնացած ասում էր Ա. Սահակյանը,- առանց այդ էլ հաշմանդամներին զրկեցին բոլոր արտոնություններից՝ դրանք փոխարինելով չնչին գումարային փոխհատուցումով։ Առաջ մենք դեղ էինք ձեռք բերում նախարարությունից՝ վճարելով ընդհանուր արժեքի 1%-ը, էլի օգնություն էր հաշմանդամներին։ Հիմա 3 դեղատուն են տրամադրել, ոչ մի տեղ ոչինչ չկա։ Գոնե այս ձեռնարկությունում գումար կաշխատեին, իրենց հոգսը կհոգային»։

Ա. Սահակյանն արդեն մի անգամ փորձել է իր տարածքի խնդրով հացադուլի նստել, բայց չեն թողել՝ «հարցը կլուծենք, չնեղվես»։ Այժմ նա կրկին պատրաստվում է գնալ կտրուկ քայլերի, «թե չէ բոլորն ասում են՝ մենք քեզ ախպեր ենք, լավ կլինի, բայց գործն էլ առաջ չի գնում, իմ կյանքն էլ կարճ է, կհասցնե՞մ այդ գործն անել»։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել