Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՄԵՐԿԱՆԱԼ

Հուլիս 23,2004 00:00

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՄԵՐԿԱՆԱԼ

«Լոքյան,
մի լռվի, պատասխան տուր, էս ո՞ւմ հողն ա»,- երեկ կառավարության շենքի մոտ
ցույցի եկած Դալմայի այգու վարձակալներն այս հարցով դիմավորեցին գյուղատնտեսության
նախարար Դավիթ Լոքյանին: Ցուցարարների գոռոցներին նախարարը ջանում էր հանգիստ
պատասխանել. «260 հեկտար այգին կպահպանվի, մնացած զավթված տարածքների այգու
վարձակալներին կտրվի փոխհատուցում կամ այգի՝ մի ուրիշ տեղ»: Ավելի ուշ վարձակալները
շուրջկալի մեջ առան քաղաքապետին: Նա ասաց, որ 260 հեկտար տարածք զբաղեցրած
վարձակալների հետ կկնքվի պայմանագիր, 150 հեկտարի մասով կլինի փոխհատուցում:

Ցուցարարները եկել էին պահանջով՝ չեղյալ համարել Դալմայի այգիները աճուրդի հանելու որոշումը:

«Թե բան չփոխվի, կգնանք նախագահի մոտ՝ հացադուլի»,- ասաց հողօգտագործող պարոն Պատվականն ու երդվեց, որ թույլ չի տա իր հողամասը «պարտքի դիմաց տան «Հայռուսգազարդին»: Մի քանի կին որոշեցին մերկանալ կառավարության շենքի մոտ, սակայն թզի տերեւների բացակայության պատճառով որոշումը հետաձգվեց՝ մինչեւ հաջորդ ցույց: Վարձակալ Սուրեն Մելիքյանը ստեղծված իրավիճակի համար մեղավոր է համարում քաղաքի մեծահարուստներին. «Նրանք մտադիր են Դալմայի այգու փոխարեն երկու մեծ թաղամաս կառուցել հարուստների համար»:

Ըստ էության, չբավարարվելով քաղաքապետի եւ գյուղնախարարի պարզաբանումներից, ցուցարարները շուրջ վեց ժամ չցրվեցին՝ հույս ունենալով հանդիպել նաեւ վարչապետի հետ: Ի վերջո, զգալով, որ սպասումն անիմաստ է՝ հեռացան:

ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել